«Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի 2025 թվականի հունվարի մեկից Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով Ագարակից ռուսական անցակետը հանելու հարցին։
«Իսկ ընդհանուր հայ-իրանական սահմանի համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին տեղի են ունենում քննարկումներ»,- ասաց նա։
Հարցին, թե Հայաստանն ի վիճակի՞ է հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին միայնակ իրականացնել ծառայություն, Աբազյանը պատասխանեց․ «Փուլային տարբերակով՝ այո, բայց ներկայումս նման որոշում չկա»։
Աբազյանը նաեւ հավելեց, որ Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթներ կամ գործոններ բավական կան, բայց դա հրապարակման ենթակա չէ։ «Մեր աշխատանքի մեծ մասն իրականացվում է գաղտնի ռեժիմով, դրա նպատակով պարբերաբար մեր հանրությունն ու լրագրողներն այդ մասին չեն տեղեկացվում։ Բայց անհոգ եղեք, իրականացվում են բավական մեծ ծավալի աշխատանքներ՝ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող բոլոր ուղղություններով»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ ՀՀ տարածքից ավելի քան 200 քկմ օկուպացված է Ադրբեջանի կողմից, ի՞նչ է անում ԱԱԾ-ն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Դուք գիտեք, որ սահմանազատման գործընթաց է տեղի ունենում։ Վերջերս վավերացվեց կանոնակարգը, եւ այդ գործընթացը, կարծում եմ, լինելու է շարունակական, որի արդյունքում կարծում եմ՝ կվերականգնի ՀՀ տարածքը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»