«2024 թվականին 2023 թվականի համեմատ բանակում մահվան դեպքերը գրեթե կրկնակի նվազել են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Շատ փորձագետներ, իրավապաշտպաններ, որոշ լրատվամիջոցներ հանրությանը մատուցում են, որ բանակում այս տարի գրանցվել է 33 մահվան դեպք, բայց չեն մասնավորեցնում, թե այդ 33 մահվան դեպքերից քանիսն են ծառայության հետ կապված եղել։ 33 մահվան դեպքերից 5-ը դժբախտ պատահարի հետեւանքով է տեղի ունեցել, 2-ը՝ ավիավթարի հետեւանքով, 5-ը՝ հիվանդության հետեւանքով, 11-ը՝ ՃՏՊ հետեւանքով, որից 7-ը ծառայության հետ կապված չէ։ Օրինակ՝ զինծառայողը կարող է իր սեփական օգտագործման մեքենայով ծառայությունից դուրս գտնվող վայրում վթարի ենթարկվել, եւ սա տեղ գտնի մամուլում։ Նաեւ դատախազության ներկայացրած ցուցանիշին պետք է հղում կատարեմ, որ 2023 թվականին նախորդ տարվա համեմատ բանակում հանցագործությունները 48,4 տոկոսով նվազել են»,- ասաց նա։
Արամ Թորոսյանը նշեց, որ զորամասերում տարվում են շուրջօրյա կանխարգելիչ աշխատանքներ՝ մանրամասն ներկայացնելով այդ աշխատանքները։ «Ցանկացած միջադեպից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում են աշխատանքային խմբեր եւ անմիջապես գործուղվում են դեպքի վայր»,- ասաց նա։
Թորոսյանի խոսքով՝ դեպքերի մեծ մասի առնչությամբ հարուցված են վարույթներ։ Հարցին, թե քաղաքական պատասխանատուները, օրինակ, պաշտպանության նախարարը չպե՞տք է հրաժարական տան այս պատկերից հետո, Արամ Թորոսյանը հստակ չպատասխանեց։ «2024 թվականին 2023 նկատմամբ մահվան դեպքերի գրեթե կրկնակի նվազում կա»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»