Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից կորզվում են ցուցմունքներ, որոնք օգտագործվում են միջազգային դատական գործընթացներում»․ Սիրանուշ Սահակյան

Հոկտեմբեր 28,2024 17:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«ՀՀ պետական տարբեր պաշտոնյաների կողմից կատարվող հայտարարությունները և գործելակերպը միասնական չեն։ Այստեղ մենք տարբերակված մոտեցում ենք տեսնում»,- «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանը նշեց՝ կարևորում է հենց պետության անունից գործելու լիազորություն ունեցող անձանց գործելակերպը․ «Այս առումով ՀՀ-ն, ի դեմս կառավարության, նախաձեռնել է բազմաթիվ հայցեր Ադրբեջանի դեմ և դրանց առարկան ներառում է նաև վերադարձի իրավունքը ու բազմաթիվ խախտումներ, որոնք տեղի են ունեցել 2020-ի պատերազմին և դրանից հետո։ Կան առանձին գործընթացներ, որոնք կապված են Լաչինի միջանցքի շրջափակման, բռնի տեղահանման հետ։ Հայաստանի քաղաքականությունը դուրս բերելիս հատվածական կերպով չենք կարող հենվել որոշակի խումբ գործիչների դիրքորոշման վրա, հատկապես, երբ մենք ունենք պաշտոնապես նախաձեռնված գործընթացներ միջազգային ատյաններում»։

Սիրանուշ Սահակյանը ՄԱԿ-ի բանաձևերը խիստ կարևորեց և նշեց․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի մի ուժեղ գործիք, որը կիրառվում է այն դեպքերում, երբ ինքնորոշման իրավունքը կամ անկախության հռչակումը տեղի է ունենում՝ միջազգային իրավունքը խախտելով։ Այս պայմաններում Անվտանգության խորհուրդը հարցը քննելիս կոլեկտիվ չճանաչման պահանջ է ներկայացնում ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին՝ հստակեցնելով, որ չճանաչված պետության ճանաչումը քաղաքական ճանապարհով կհամարվի միջազգային իրավունքի խախտում։ Նման բազմաթիվ դեպքեր կան միջազգային իրավունքում, երբ կոլեկտիվ չճանաչման դեպք է եղել։ Արցախի խնդիրը քննարկելիս, թեև տվյալ դեպքում ունեցել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այդ գործիքը, նման կոլեկտիվ չճանաչում չի ներկայացրել աշխարհի երկրներին՝ դրանով վերահաստատելով, որ Արցախի անկախության հռչակումը տեղի չի ունեցել միջազգային իրավունքի խախտմամբ»։

Լրագրողների՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հետ կապված հարցերին ի պատասխան իրավապաշտպանն ասաց․ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ամիսը մեկ տեսակցություններ է իրականացնում, կարճատև զանգերի իրավունքը ապահովվում է, տեսագրություններով ևս որոշակի հաղորդակցություն տեղի է ունենում ընտանիքի անդամների հետ, մյուս կողմից արտաքին աշխարհի հետ մեկուսացումը շարունակվում է պահպանվել։ Այսինքն՝ Կարմիր խաչից բացի այլ կառույցներ, որոնք խոշտանգումների կանխարգելման մանդատ ունեն, պարզապես չեն կարող մուտք գործել, տեսակցել, բարձրաձայնել խնդիրները։ Պաշտպանության իրավունքը բացառապես իրացվում է ադրբեջանցի իրավաբանների, փաստաբանների միջոցով՝ բացառությամբ մեկ դեպքի։ Ադրբեջանում փաստաբանական համայնքը գտնվում է ծանր դրության մեջ։ Անկախության չափանիշներն ապահովված չեն Ադրբեջանում։ Բայց խնդիրն ավելի լուրջ բնույթ է կրում հանրային պաշտպանի գրասենյակի պարագայում, երբ վերջիններս ընկալվում ե՝ որպես գրպանային փաստաբանություն իրականացնող համայնք»։

Սիրանուշ Սահակյանի կանխատեսմամբ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունները կարող են մեկնարկել 2025-ի գարնանը։

Հարցին՝ հնարավո՞ր է COP29-ի հետ կապված հայ ռազմագերիներ ազատ արձակվեն, իրավապաշտպանը պատասխանեց․ «Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մասով առանց դատապարտող ակտերի Ադրբեջանն այս անձանց բաց չի թողնի։ Նրանցից կորզվում են ցուցմունքներ, որոնք օգտագործվում են միջազգային դատական գործընթացներում։ Չենք բացառում մարդասիրական ժեստի ներքո 2023-ի ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված անձանց ազատ արձակումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031