Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌեԱնիմանիա» 16-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի հաղթողները հայտնի են

Հոկտեմբեր 28,2024 16:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են:

Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային կյանքի կարևոր և անբաժանելի մասը։ Այսօր բոլորիս միավորել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որն իրավամբ կարելի է համարել տարածաշրջանի ամենամեծ անիմացիոն իրադարձությունը։ Իր ստեղծման օրվանից փառատոնը նպատակաուղղված գործունեություն է ծավալել Հայաստանում անիմացիոն կինորավեստը զարգացնելու և միջազգային հարթակներում հայկական անիմացիան ներկայանալի դարձնելու  նպատակով։ Հոկտեմբերի վերջին շաբաթը Երևանում իսկապես թևածում էր անիմացիայի շունչը՝ իր վառ գույներով»:

Փառատոնի ամփոփիչ միջոցառմանն ազդարարվել են մրցութային ծրագրերի հաղթողները: «ՌեԱ» փառատոնում այս տարի ընդգրկված էին 41 ավարտական, 59 կարճամետրաժ և 8 լիամետրաժ մրցութային ֆիլմեր։

Ավարտական  ֆիլմերի անվանակարգում հատուկ հիշատակման է արժանացել Էրիկա Տոտորոյի (ԱՄՆ) «Հանելուկ»-ը, իսկ «Լավագույն ավարտական ֆիլմ» է ճանաչվել «8-րդ օրը». հեղինակներ՝ Ագաթ Սինիշալ, Ալիսիա Մասսե, Էլիզ Դեբրույն, Ֆլավի Կարի, Տիո Դյուոտուա (Ֆրանսիա)։

Կարճամետրաժ ֆիլմերի 1-ին տեղի մրցանակը ստացել է Ֆլորենս Miailhe-ի (Ֆրանսիա) «Թիթեռը», իսկ ժյուրիի հատուկ հիշատակմանն է արժանացել Լուկաս Մալբրունի (Ֆրանսիա) «Մարգարետե 89»-ը։

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ադամ Էլիոթի «Խխունջի հուշերը» ֆիլմը, իսկ «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում՝ Իզաբել Էրգերայի «Սուլթանուհու երազը»:

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գաղափարի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Գինթս Զիլբալոդիսի «Հոսք» ֆիլմը։

«ՌեԱ» փառատոնն այս տարի ևս հագեցած էր բազմաբնույթ ծրագրերով։ Փառատոնի շրջանակում ցուցադրվել են 250-ից ավելի ֆիլմեր, որոնց թվում էին Կաննի, Սան Սեբաստիանի, Անսիի և Բեռլինի հայտնի անիմացիոն կինոփառատոներում ցուցադրված ֆիլմերը:

Փառատոնի շրջանակում Հայաստան էին ժամանել 20-ից ավելի մասնագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից՝ կիսվելու իրենց փորձով, գիտելիքով և գնահատելու հայ անիմատորների և երիտասարդ ստեղծագործողների տաղանդը։

Արդեն երկրորդ տարին անընդմեջ փառատոնի շրջանակում իրականացվել է նաև ReA Comics Art ծրագիրը, որի շրջանակում անցկացվել է Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթը։ Մրցույթում 1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Ելենա Ներսեսյանի «Մխիթարանք» պատկերապատումը, 2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը՝ Միլենա Ադամյանի «Արձագանքներ» պատկերապատումը, իսկ 3-րդ տեղում «Մթնշաղի երազները» պատկերապատումն էր, հեղինակ՝ Լյուսի Դուրասովա:

Փառատոնի մյուս կարևոր բաղադրիչի՝ MarAni անիմացիոն շուկայի CoReAct համարտադրության հարթակն այս տարի հյուրընկալել է 17 հայաստանյան նախագիծ։ Հարթակի «Ժյուրիի հատուկ հիշատակում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Այծեմնիկ» նախագիծը (ռեժիսոր/պրոդյուսեր`  Էլինա Երկատյան):

1-ին տեղի մրցանակը շնորհվել է «Տատիկն ու ստվերը» նախագծին (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Լիանա Գևորգյան և Seagull Production), 2-րդ տեղում «Իմ ընկեր աղմուկը» նախագիծն է (ռեժիսոր՝ Հասմիկ Սիմոնյան, պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյան), իսկ 3-րդ տեղում՝ «Քուլ Դաուն» նախագիծնը (ռեժիսոր/պրոդյուսեր՝ Հայկ Կարապետյան և Zrah Studio)։

Հաղթող նախագծերի հեղինակներին AETIS Մտավոր սեփականության պաշտպանության էկոհամակարգի կողմից տրվել են հավաստագրեր։

Միջոցառման ավարտին Փառատոնի հիմնադիր-տնօերն Վրեժ Քասունին Ռոբ Սահակյանցի անվան մրցանակ է շնորհել Դիսնեյի ներկայացուցիչ, լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի աշխարհում ամենաազդեցիկ ռեժիսորներից Քըրք Ուայզին, որն աշխատել է այնպիսի լեգենդար ֆիլմերի վրա. ինչիսիք են «Գեղեցկուհին և հրեշը», «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը», «Ատլանտիս․ կորսված կայսրությունը»։ Ռեժիսորը Փառատոնի շրջանակում հանդես էր եկել իր վարպետության դասով։

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնն այս տարի նվիրված էր Հայկական անիմացիայի 85 և Հայ կինոյի 100-ամյակներին: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն էր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031