Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Ջերմուկի բարձունքներն օկուպացրած ադրբեջանցիները ինչո՞ւ չեն նահանջում։
2022 թվականի սեպտեմբերյան հարձակումից հետո Ասրյանը հայտարարել էր, որ ադրբեջանցիները «կսովածանան, կգնան»։
«Ես առաջարկում եմ այդ հարցն այլեւս ինձ չտալ, որովհետեւ դա ռազմավարական օպերատիվ նշանակության հարց է, եւ ես պուբլիկայի դիմաց դրան չեմ պատասխանի»,- ասաց նա։
Լրագրողները հիշեցրին, որ ինքն էր հայտարարել՝ ադրբեջանցիները կսովածանան, կգնան, ինչո՞ւ չեն գնացել։ «Ասել եմ, դա եղել է 2022 թվականին, հիմա 2024 թվականն է, դեռ այնտեղ են։ Դուք ձեր հարցադրումով կոնկրետ ուզում եք Գլխավոր շտաբի պետին ասեք, որ ԳՇ պետը պետք է զենք վերցնի եւ գնա այնտեղից հանի։ Ճիշտ հարց չեք տալիս ինձ։ Ես այդ հարցին չեմ պատասխանում»,- նշեց Ասրյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով», Ասրյանն ասաց․ «Միանշանակ ես համաձայն եմ մեր վարչապետի ասածի հետ, որովհետեւ կա սահմանազատման գործընթաց։ Եվ սահմանազատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում՝ համապատասխան սահմաններով»։
Հարցին, թե վստա՞հ է, որ այդպես կլինի, ադրբեջանցիները հետ կգնան, նա պատասխանեց․ «Այո, ես վստահ եմ։ Սահմանազատման, խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»։
Էդվարդ Ասրյանը նյարդայնացավ լրագրողների հարցերից, թե ինչո՞ւ չի կատարում իր պարտականությունները․ «Ես ձեր խոսափողների դիմաց խոստովանություն չեմ կատարում։ Եվ դուք էլ իրավունք չունեք այստեղ ինձ հարցադրում անել պատասխանատվության մասով։ Դրա համար կան իրավապահ մարմիններ, դատախազություն, Քննչական կոմիտե։ Եթե պատասխանատու ենք, ապա իրավապահ մարմիններն իրենց անելիքն անում են։ Մեր սահմանների անվտանգության համար միայն ԳՇ պետը չէ պատասխանատու, պատասխանատու են բոլորը»։
Հարցին, որ ՀՀ տարածքներն օկուպացված են, Գլխավոր շտաբի պետն ի՞նչ է անում մեր տարածքները վերադարձնելու համար, Ասրյանը պատասխանեց․ «Գլխավոր շտաբի պետը ռազմական հնարավորությունների սահմաններում կատարում է իր առջեւ դրված խնդիրը։ Մարտական գործողությունների ընթացքում ԳՇ-ն կառավարում է մարտական գործողությունները։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցադրումներին, թե ինչ է անում հակառակորդը մեր տարածքում, այդ հարցին ես չեմ պատասխանի։ Այդ հարցադրումը, որ՝ դուք եք պատասխանատու, դուք եք պատասխանատու, այդպիսի հարցեր ինձ մի տվեք։ Դուք էլ եք պատասխանատու»։
Հարցին, թե պատերազմի վտանգ կա՞, նա պատասխանեց․ «Ոչ, այսպիսի վտանգներ, սպառնալիքներ չկան ներկա դրությամբ, իրադրությունը գնահատվում է սահմաններում հարաբերականորեն կայուն»։ Հարցին, թե այդ դեպքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ինչո՞ւ է ասում,որ COP29-ից հետո հնարավոր է Ադրբեջանը հարձակվի, Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Արարատ Միրզոյանը գնահատում է ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը ոչ թե դիտարկում է մեկ ամիս, երկու ամիս, այլ դիտարկում է ողջամիտ ժամկետ, որը կարող է գերազանցել վեց ամիսը, մեկ տարին»։
Ասրյանը նաեւ հավելեց, որ բանակում մահվան դեպքերի աճ չկա։ Նա չհերքեց, որ բանակում վատ բարքերը շարունակվում են․ «Շարունակվում են, որովհետեւ մենք մեր անելիքներում եւս թերանում ենք եւ նաեւ զինծառայողների մեջ էլ կան այդ բարքերը, որոնք պետք է հանել մեջներից։ Դա շատ դժվար պրոցես է, եւ այդ պրոցեսը մենք քայլ առ քայլ իրականացնում ենք»։
Ասրյանը նաեւ նշեց, որ ԱՄՆ հետ ռազմական, ռազմատեխնիկական եւ պաշտպանական բոլոր ոլորտներում համագործակցում են։ Հարցին, թե հնարավորություն կա՞ ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու, նա պատասխանեց․ «Դա հայտարարելու բան չէ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Սպուտնիկի»