Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՀ-ի փուլից դուրս եկած կինն ահազանգում է՝ ԲԿ-ներում խտրական վերաբերմունքի է հանդիպում

Հոկտեմբեր 28,2024 16:38

Ավելի քան 19 տարի առաջ ՄԻԱՎ-ով վարակված կինն այսօր իրեն առողջ մարդ է զգում, ասում է՝ ՀՌՎ (հակառետրովիրուսային) բուժման շնորհիվ վիրուսային ծանրաբեռնվածությունը անհայտնաբերելի մակարդակի է արդեն երկար տարիներ:

«2012թ. ինձ մոտ երկու ամիս գրիպային վիճակ էր, ջերմություն ու թուլություն կար, ուտելու ցանկություն չկար, անընդհատ նիհարում էի: Տարբեր բժշկական կենտրոններ եմ այցելել ու տարբեր անալիզներ հանձնել, բայց հիվանդության պատճառը չէր բացահայտվում։ Հետո սկսվեց պարանոցիս հատվածում ավշային հանգույցներն այտուցվել, բժիշկները ենթադրում էին՝ չարորակ նորագոյացություն, սակայն պունկցիայից հետո հերքվեց այդ ենթադրությունը: Ի վերջո, ուղղորդեցին դիմել ՁԻԱՀ-ի կենտրոն, որտեղ պարզվեց, որ ես ՁԻԱՀ-ի 4-րդ փուլում եմ»,-պատմում է 45-ամյա կինն ու ընդգծում, որ իր մոտ ՁԻԱՀ-ով պայմանավորված տուբերկուլոզ էր առաջացել, և հակատուբերկուլոզային բուժումից ու հակառետրովիրուսային բուժումից հետո կարճ ամիսներ անց վերականգնվեց իր առողջությունը։

ՄԻԱՎ-ով (Մարդու իմունային անբավարարության վիրուս) և ՁԻԱՀ-ով (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՍՀԿ-ից (սոցիալական հասարակական կազմակերպություն) նշում են, որ հակառետրովիրուսային բուժումը կարող է այնքան ճնշել վիրուսը, որ այն ՄԻԱՎ-ով ապրող մարդու արյան մեջ հասնի անհայտնաբերելի մակարդակի և վտանգ չներկայացնի իր սեփական օրգանիզմի, զուգընկերոջ, ինչպես նաև հղիության ժամանակ երեխայի համար:

«2012թ. երբ ինձ մոտ ախտորոշվեց ՁԻԱՀ, այդ ժամանակ բժիշկն ասաց, որ հետազոտության արդյունքներով արդեն 7 տարի է վիրուսը կա իմ օրգանիզմում: Ամուսինս բարեբախտաբար չէր վարակվել: Բժշկի խոսքով` նման բացառություններ լինում են, երբ անպաշտպան սեռական հարաբերություններից վարակը չի փոխանցվում»,-ասում է կինն ու համոզմունք հայտնում, որ ինքը ՄԻԱՎ-ով վարակվել է 2005թ., երբ կանացի օրգանների վիրահատություն է տարել ու արյան փոխպատվաստում է կատարվել. «Ամուսնուս հետ քննարկել ենք պատճառը, որը գտանք բժշկական միջամտություններում: Ամուսինս ըմբռնումով է մոտեցել իմ կարգավիճակին, մեր ընտանիքը հիմա էլ շատ ամուր է:»:

Նշենք, որ ՄԻԱՎ-ը մարդկանց փոխանցվում է անպաշտպան սեռական հարաբերություններից, հղիության ժամանակ մորից երեխային, ծննդաբերության, ինչպես նաև երեխային կրծքով կերակրելու ժամանակ (եթե մայրը չի ընդունում ՀՌՎ բուժում և չի հետևում բժշկի ցուցումներին), վարակված արյան փոխպատվաստման դեպքում և ներարկիչներից:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՍՀԿ-ից նշում են, որ Հայաստանում ՄԻԱՎ-ը մարդկանց մոտ հաճախ բացահայտվում է արդեն ՁԻԱՀ-ի փուլում, երբ դրա պատճառով այլ հիվանդություններ են զարգանում ու արդեն շատ դժվար է լինում մարդու առողջությունը վերականգնելը, մինչդեռ գոյություն ունեն ՄԻԱՎ կարգավիճակը ստուգելու արագ թեստեր՝ թքի կամ արյան միջոցով, որոնք 15-20 րոպեի ընթացքում 99% ճշգրտությամբ տալիս են պատասխանը. «Թեստերը հասանելի են նաև մեր կազմակերպությունում: Իսկ ընդհանրապես ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորում կարող են անվճար և անանուն անցնել ինչպես Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, պոլիկլինիկաներում, այնպես էլ մասնավոր կլինիկաներում, սակայն պետք է նշել, որ այնուամենայնիվ բուժման և հետագա դիսպանսեր վերահսկողության համար մարդը պետք է ուղղորդվի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որպեսզի անվճար ստանա բոլոր ծառայությունները: Միայն այդ կենտրոնում է հնարավոր ստանալ ՀՌՎ՝ հակառետրովիրուսային բուժումը»:

Ներկայումս ՄԻԱՎ-ով ապրող 45-ամյա կինն ամուր ընտանիքին զուգահեռ ունի նաև իրեն հոգեհարազատ աշխատանք, բայց երբ առողջական խնդրի առաջ է կանգնում` բուժհաստատություններում հանդիպում է խտրական վերաբերմունքի, ասում է` բժիշկները բուժում նշանակում են, բայց երբ հերթը հասնում է վիրահատելուն, երբ արյան հետ կոնտակտ պետք է լինի` տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են վիրահատել:

«Կարճ ամիսներ առաջ ստամոքսիս խոցը պետք է բուժեի: «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» որոշ բուժումներից հետո, բժիշկն ասաց, որ վիրահատելու անհրաժեշտություն կա, բայց իմ` ՄԻԱՎ կարգավիճակով պայմանավորված հրաժարվեց վիրահատել: Ասաց` վիրահատություն պետք է արվի, բայց ես չեմ անի, ես իրավունք ունեմ ընտրեմ իմ պացիենտին։»,-պատմում է ՄԻԱՎ-ով ապրող կինը։

«Դիմել եմ նաև «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից ուղղորդեցին «Նաիրի» բժշկական կենտրոն` ստենտ տեղադրելու, սակայն «Նաիրի» ԲԿ-ում ասացին, որ ստենտի անհրաժեշտություն չեն տեսնում և ավելի լավ է բուժումը շարունակեմ: Ես հասկացա, որ իմ կարգավիճակի պատճառով չեն ցանկանում վիրահատել, բայց չեն էլ ուզում բառացի ասել դա:»,-իր համոզմունքն է հայտնում կինն ու ընդգծում, որ ի վերջո կարողացել է վիրահատվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում, երբ արդեն կտրուկ վատացել էր իր առողջությունը։

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից ի պատասխան ՄԻԱՎ-ով ապրող կնոջ դժգոհություններին` արձագանքել են, որ կարգավիճակը որևէ նշանակություն չունի, պարզապես պացիենտը տվյալ պահին վիրահատության ցուցում չի ունեցել. «Պացիենտը տվյալ պահին վիրահատության ցուցում չի ունեցել, քանի որ դեռ կոնսերվատիվ բուժումը շարունակելու անհրաժեշտություն կար: Կարգավիճակը որևէ նշանակություն չի ունեցել և չունի, այդ կարգավիճակն իմանալով հանդերձ բժիշկն արդեն իսկ նրան ընդունել, հետազոտել և ախտորոշել է: Նա բուժում է ստացել, որի արդյունքները բավարար են գնահատվել»,-հայտնել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» հանրային կապերի բաժնից:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՍՀԿ-ից բարձրաձայնում են` անկախ նրանից մարդն ունի ՄԻԱՎ, թե չունի բուժանձնակազմը պետք է պահպանի և գործի սահմանված բոլոր նորմերին համապատասխան, իսկ դա ենթադրում է, որ ՄԻԱՎ ունեցող և ՄԻԱՎ չունեցող մարդկանց միջև տարբերություն չպետք է դրվի. «Ի վերջո, գոյություն ունի նաև հետկոնտակտային կանխարգելում: Իսկ Հայաստանում, հետկոնտակտային կանխարգելում ստացած որևէ մարդու մոտ ՄԻԱՎ դրական կարգավիճակ չի հաստատվել»:

Հետկոնտակտային կանխարգելումն անվճար է, այն կարող են ստանալ ՄԻԱՎ ունեցող անձի արյան հետ ռիսկային շփումից, կամ անպաշտպան սեռական հարաբերությունից հետո մինչև 72 ժամը լրանալը` 28 օր շարունակ: Չնայած այս հնարավորությանը Առողջության նախարարությունից ընդգծում են, որ գաղտնիք չէ, որ կան բժիշկներ, որոնք ՄԻԱՎ ունեցող պացիենտների նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում և հորդորում են պացիենտներին` խտրական վերաբերմունքի դեպքում դիմել բուժաշխատողների էթիկայի հանձնաժողով:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՍՀԿ-ից էլ վստահեցնում են` երբ բժշկական կաբինետում 2 մարդ են ու չկան վկաներ` ապա գործը օբյեկտիվորեն քննելը դառնում է անհնարին, իսկ խնդրի լուծման համար անհրաժեշտ են համարում խտրականության ենթարկված անձանց պաշտպանելու համար համապատասխան իրավակարգավորումներ մշակելը. «Թեև խտրականության արգելքը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև մի շարք օրենսդրական ակտերով, ինչպիսիք են Աշխատանքային օրենսգիրքը, «Կրթության մասին» ՀՀ օրենքը, Քրեական օրենսգիրքը, վերջիններս խտրականության հարցերի միայն նեղ շրջանակ են ներառում: Մասնավորապես, ազգային օրենսդրական դաշտում բացակայում են ասոցիատիվ խտրականության, ոտնձգության, վիկտիմիզացիայի և անուղղակի խտրականության վերաբերյալ կարգավորումները»:

Նշենք, որ թեպետ ՀՌՎ բուժման շնորհիվ հնարավոր է օրգանիզմում ՄԻԱՎ ծանրաբեռնվածությունն անհայտնաբերելի մակարդակի իջեցնել և առողջ երեխա ունենալ, այնուամենայնիվ 2017թ.ուժի մեջ մտած ու մինչ օրս գործող հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատող ՀՀ կառավարության որոշմամբ՝ կնոջ վիճակով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման բժշկական ցուցում է համարվում մարդու իմունային անբավարարության վիրուսի առկայությունը՝ պայմանավորված նույնիսկ անանուն հիվանդություններով, որոնք հնարավորություն են տալիս բժիշկներին կատարել հղիության արհեստական ընդհատումներ մինչև 22 շաբաթական ժամանակահատվածում՝ նույնիսկ այն դեպքում, երբ ՄԻԱՎ ունեցող կնոջը պարտադրել են գնալ այդ քայլին, չնայած առողջ երեխա ունենալու մեծ հավանականությանը։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՍՀԿ ներկայացուցիչը հղում անելով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վիճակագրական տվյալներին փոխանցեց, որ` 1988-2024թթ․ օգոստոսի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 5991 դեպք, ՁԻԱՀ-ի 2771 դեպք, մահվան՝ 1250 դեպք: Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 87 դեպք, երեխաների շրջանում ՁԻԱՀ-ի 47 դեպք և մահվան 12 դեպք:

Միայն 2024թ․մինչև օգոստոսի 31-ը գրանցվել է՝ ՄԻԱՎ վարակի 377 դեպք, ՁԻԱՀ-ի 102 դեպք, Երեխաների շրջանում (0-14 տարեկան) 3 դեպք:

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031