ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին հորդորեց պատժել այն պաշտոնյաներին, որոնց ավտոմեքենաների կողային ապակիները մգեցված են։
«Հիմա կան պաշտոնյաներ, որոնք նորից վերականգնում են մեքենաների կողային ապակիները։ Ինչ-որ օրենսդրական բաց են գտել… Բայց նաեւ պաշտոնյաներ կան, որոնք վերականգնել են եւ չեն պատժվել»,- ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ ոստիկանությունը պետք է հավասար պայմանների ստեղծի բոլորի համար։
«Հատկապես կողային ապակիների համար կան պաշտոնյաներ, որոնք վերականգնել են մգեցված ապակիները, դաժանորեն պատժեք»,- հորդորեց Քոչարյանը։
Կարդացեք նաև
Արփինե Սարգսյանը չարձագանքեց այդ հարցին։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ կարեւոր է նաեւ մեքենաներում երեխաների անվտանգությունը ապահովելու հարցը։ «Քարսիթների հետ կապված շատ կարեւոր է, որ մենք ունենանք վիճակագրություն, որովհետեւ վթարների ժամանակ երեխաների մահվան դեպքերը, ես ուզում եմ հասկանալ, ինչքանո՞վ են առնչվել այդ հարցին։ Օր առաջ այդ հարցը պետք է լուծել»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ