Հոկտեմբերի 25-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսավորությամբ նշվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը։
Տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, նախկին և ներկա ուսանողներ, մտավորականներ, հյուրեր։
Միջոցառումը մեկնարկեց բուհի գործունեության երկու տասնամյակների մասին պատմող տեսաֆիլմով։
Ներկաներին իր օրհնությունը հղեց տեր Վահան քահանա Ազարյանը՝ բուհին մաղթելով երկար տարիների բեղմնավոր գործունեություն և նոր տաղանդաշատ սաներ։
Հոբելյանական տարեդարձի առթիվ ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Գոռ Ասրյանը, մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից շնորհակալություն հայտնեց պրոֆեսորադասախոսական կազմին և ղեկավար անձնակազմին՝ արվեստասեր սերունդ կրթելու համար.
-20 տարին, հիրավի, մեծ ժամանակահատված չէ մեծ արդյունքներ գրանցելու համար, սակայն, հաշվի առնելով, որ դուք որդեգրել եք մայր բուհի լավագույն անվանդույթները և այն ղեկավար ու դասախոսական կազմը, որ ունեք, հնարավորություն են տվել թռիչքային զարգացում ապահովելու և պատվավոր տեղ նվաճելու մարզի բուհերի ցանկում: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնումը մեծագույն անհրաժեշտություն էր, քանի որ թատերական լավագույն ավանդույթներ ունեցող մարզում, որը հարուստ է թատրոններով, մշակութային կենտրոններով, պարային համույթներով, պարզապես օդ ու ջրի նման անհրաժեշտ էր ունենալ պրոֆեսիոնալ արտիստներ պատրաստող բարձրագույն ուսումնական հաստատություն, որը սահուն սերնդափոխություն կապահովի մարզային մշակութային օջախների համար ու նաև կբացահայտի մեր տաղանդավոր երիտասարդներին: Սա անփոխարինելի ստեղծագործական դարբնոց է, որը կռում ու կոփում է պրոֆեսիոնալ մասնագետների,- նշեց փոխմարզպետը:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ շնորհավորանքների համար և նշեց, որ բուհի Վանաձորի մասնաճյուղը զարգացման լուրջ ծրագրեր ու հնարավորություններ ունի՝ միտված կրթության որակի բարելավմանը։
Բուհի հիմնադրման հոբելյանի առթիվ հնչեցին բազմաթիվ այլ շնորհավորանքներ:
Միջոցառումն ուղեկցվեց բուհի շրջանավարտների և ուսանողների կատարումներով՝ տոնական երաժշտությամբ, պարով ու բեմականացված համարներով:
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ