2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ` շեշտադրելով հարկաբյուջետային եւ պարտքի կայունության, ինչպես նաեւ տնտեսական ներուժի վերջին տարիների ձեւավորված մակարդակի պահպանումը: Գնահատվում է, որ 2025 թվականի տնտեսական աճի նպատակադրված մակարդակի ապահովման հրամայականը կդառնա տնտեսական ներուժի պահպանումը եւ աճի ավելացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Այս մասին հոկտեմբերի 28-ին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ-ի` 2025 թվականի վարչական ծախսերն ու կապիտալ ներդրումները:
Ըստ Կենտրոնական բանկի նախագահի` քննարկվող բյուջեի նախագծով նախանշված տնտեսական աճի, օրենսդրական բարեփոխումների, հարկային վարչարարության բարելավման եւ իրականացվող հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում 2025 թվականի համար ծրագրավորվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ընթացիկ տարվա սպասվող ցուցանիշի համեմատ 0,7 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 25 տոկոսը: Գնահատվում է, որ 2025 թվականի ՀՀ բյուջեի եկամուտները համախառն պահանջարկի վրա հիմնականում կունենան զսպող ազդեցություն: «Նախանշված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2025 թվականին Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի մեծ չափով` 3,2 տոկոսային կետով եւ կկազմի 53 տոկոս: Հարկ է նշել, որ միջնաժամկետում` բյուջեի պակասուրդի մակարդակի նվազմանը համահունչ, պարտքի աճի տեմպը եւս կնվազի եւ Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կմնա կայուն` 54,6 տոկոսի շրջանակում»,- մանրամասնել է ԿԲ նախագահը:
Նրա դիտարկմամբ պարտքի կայունության ապահովման, Կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարեւոր է շեշտադրել սեփական միջոցների հաշվին պետական ծախսերի իրականացման, ինչպես նաեւ բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համատեքստում պարտքի կառավարման համարժեք եւ արդյունավետ ռազմավարության կիրառումը: Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ Կառավարության գործընկերների հետ սկսվել են քննարկումները գնաճի նոր թիրախի սահմանման վերաբերյալ եւ արդյունքների վերաբերյալ կտեղեկացնեն ԱԺ գործընկերներին:
ԿԲ-ի 2025 թվականի կապիտալ ներդրումների ծրագիրը կազմում է 8 մլրդ դրամ: Եկող տարվա բյուջեում ԿԲ-ն նախատեսել է մի քանի նոր նախագծեր:
«Արտաքին պետական հաշվեքննության գործունեությունը մեր երկրում ձեւավորվել է 2018 թվականին ընդունված օրենքով, որի շրջանակում Վերահսկիչ պալատի հենքի վրա ձեւավորվել է Հաշվեքննիչ պալատը: Նախորդ ժամանակահատվածում Հաշվեքննիչ պալատի փորձը եւ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը հանգեցրել է իրավական բարելավումների փաթեթի նախաձեռնության: Անցած տարի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորների կողմից նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք բավականին մասնակցային ու բազմաշերտ քննարկումների արդյունքում հանգեցրին այս տարի խորհրդարանի կողմից փաթեթի ընդունմանը, ընդունվեց «Հաշվեքննիչ պալատի մասին» նոր օրենք»,- այս մասին հայտնել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, այնուհետեւ փոփոխությունների հիմնական ուղղությունների վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրել:
Կարդացեք նաև
ՀՊ նախագահն անդրադարձել է բյուջետային գործընթացի վրա այդ փոփոխությունների ազդեցությանը: Ըստ այդմ` ընդունված փաթեթով փոփոխվել է բյուջեի նկատմամբ վերաբերմունքը: «Այլեւս ենթադրվում է, որ բյուջեի հաշվետվության վերաբերյալ եզրակացության սահմանադրական պարտավորությունը կատարելու համար Հաշվեքննիչ պալատը պետք է որպես հաշվեքննության ենթակա մարմին չդիտարկի առանձին պետական մարմիններին, այլ որպես մեկ միավոր դիտարկի բյուջեն: Սա ամբողջությամբ համահունչ է ՀՀ ներքին կարգավորումներին, որովհետեւ դա մեկ միավոր է եւ դրա կատարման համար պատասխանատու է Կառավարությունը: Այն ամբողջությամբ համապատասխանում է նաեւ միջազգայնորեն ընդունված մոտեցումներին»,- նշել է Հաշվեքննիչ պալատի նախագահը: Հաջորդ փոփոխությունները վերաբերում են տեղեկատվության հասանելիությանը եւ մարդկային ռեսուրսների կառավարմանը:
2025 թվականին նախկին նշանակությամբ ընթացիկ եզրակացություններ կհրապարակվեն միայն 2024 թվականի գործունեության ծրագրի առաջին մասով 9 ամիսների եւ տարեկան հաշվեքննությունների արդյունքներով: Հրապարակման ենթակա կլինեն 7 հաշվեքննություն` ընդհանուր առմամբ 8 մարմին է հաշվեքննության ենթարկվում, մեկը գաղտնի ռեժիմով կշրջանառվի: Արդյունքում կձեւավորվի 14 ընթացիկ եզրակացություն, որոնք կհրապարակվեն: Երկու միջանկյալ հաշվետվություն է ակնկալվում. 2025 թվականի առաջին եռամսյակի եւ կիսամյակի միջանկյալ հաշվետվությունները:
Նախատեսվում է ունենալ Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի հաստատում: Բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն կտրամադրվի Ազգային ժողովին, Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ մեկ հաղորդում կներկայացվի: ԵԱՏՄ շրջանակում անդամ պետությունների աուդիտի բարձրագույն մարմինների հետ հսկողական երկու միջոցառում կիրականացվի: Պլանավորվում է մեկ միջնաժամկետ առաջնահերթությունների հաստատում: 2025 թվականին կիրականացվի 11 թեմատիկ հաշվետվություն:
Ոչ ֆինանսական կամ արդյունքային ցուցանիշներին հասնելու համար բյուջեով նախատեսված է 1 մլրդ 5 մլն դրամ:
ԱԺ