Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, ուղղորդել եմ, բայց կոռուպցիա չկա․ ՍՊԸ-ն վարձակալում է ինձ պատկանող այգետնակը»․ ֆինանսների նախարար

Հոկտեմբեր 28,2024 14:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ո՞վ է ասել՝ թաքցրել եմ, սուտ են ասել։ Լրատվամիջոցն ասել է, որ ֆինանսների նախարարության եւ Վարդենի ՍՊԸ-ի միջեւ տեղի է ունեցել գործարք, որը թաքցվել է։ Ես էլ ասում եմ՝ սուտ է, Վարդենի ՍՊԸ-ն իմը չէ։ Վարդենի ՍՊԸ-ն վարձակալում է ինձ պատկանող այգետնակը, որտեղ իրականացնում է գործունեություն»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իր անվան հետ կապված անշարժ գույքը վարձակալությամբ տալու եւ այնտեղ միջոցառում կազմակերպելու մասին հրապարակմանը։

Լրագրողի հարցին, որ այդ ՍՊԸ-ն նաեւ մասնակցում է պետական գնումներին, նախարարը պատասխանեց․ «Դա սուտ է»։

Նախարարը չհերքեց, որ «Վարդենի» ՍՊԸ-ում միջոցառում է կազմակերպել։ Նա ասաց, որ ֆինանսավորումը USAID-ից է եղել, իսկ ֆինանսների նախարարությունը ծախսեր արել է այդ միջոցառման համար՝ որոշակի պարագաներ վարձակալելու համար։ Նախարարը նաեւ նշեց, որ վարձակալն էլ իր ընկերն է։

Հարցին, թե ինչպե՞ս է լինում, որ իր ընկերն է USAID-ի փողերը ստանում, նախարարը պատասխանեց․ «Որովհետեւ որոշվել է, որ այդ միջոցառումը պետք է այդտեղ անցկացվի։ Քննարկումների արդյունքում է որոշվել, ֆինանսների նախարարության աշխատակազմն ուզում էր նման միջոցառում անցկացնել, որտեղ մենք մեր աշխատակիցների հետ կանեինք խմբային աշխատանք եւ կխոսեինք մեր առաջիկա ծրագրերի մասին։ Այլընտրանքներ չկային, եւ այն բյուջեն, որն առկա էր, այդ բյուջեով հնարավոր չէր այլ վայրում անցկացնել միջոցառումը։ Ինձ ներկայացվել է, որ այդ գումարով, որն առկա է, հնարավոր չէ այդ միջոցառումն իրականացնել։ Եվ ես առաջարկել եմ կապվել Վարդենի ՍՊԸ-ի հետ՝ արդյոք իրենք կարո՞ղ են այդ ծառայությունն իրականացնել»։ Ճշտող հարցին, այսինքն՝ ուղղորդե՞լ է, նախարարը պատասխանեց․ «Հա, ուղղորդել եմ, լուծում եմ առաջարկել»։

Արդյոք սա շահերի բախում կամ կոռուպցիա՞ չէ, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Օրինակ, ըստ ձեզ, ի՞նչն է հիմա կոռուպցիա։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ այդ միջոցառումն անցկացնելն ու այդ ծախսը, որն արվել է, իրար հետ համարժեք են, թե՞ չէ։ Իրականությունը մի քիչ այդքան դրամատիկ չէ, իրականությունն այն է, որ երբ մենք ուզում էինք այդ գումարով այդ միջոցառումն անցկացնել, այլ հասանելի տարբերակներ այդպիսի փոքր գումարով չկար։ Եթե ես չեմ սխալվում՝ մի 2 մլն դրամ գումար է եղել։ 300 հոգու համար միջոցառում անցկացնելն անհնարին էր այդ գումարով» ։

Լրագրողները հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանն է ասել ՝ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չեն ունենալու։ Հարցին, թե սա կոռուպցիան ռիսկ պարունակո՞ւմ է, նախարարը պատասխանեց․ «Չգիտեմ։ Ես կարծում եմ՝ ոչ։ Եթե կան նման բան, ես դեմ չեմ, թող քննություն իրականացվի։ Դուք կարող եք հաղորդում ներկայացնել իրավապահներին, թող քննություն լինի։ Մենք ընդամենը փորձում էինք լուծել մի խնդիր, որը մեր նախարարության աշխատակիցների հետ ռազմավարական աշխատանք անելու խնդիրն էր։ Այդ գումարով տարածքն է վարձակալվել, կազմակերպություն է վարձվել, որը խմբային աշխատանք է տարել, խաղեր է կազմակերպել, հետո երեկոյան եղել է միջոցառում, որտեղ ուտելիք է եղել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031