«Ես կարծում եմ, որ 5,6 տոկոս տնտեսական աճը, այն, ինչ պլանավորել ենք 2025 թվականին, շատ բարձր ցուցանիշ է։ Բազայի նման աճի դեպքերում, որը տեղի է ունեցել վերջին 2-3 տարիների ընթացքում, ապահովել 5,6 տոկոս տնտեսական աճ, դա կլինի բավականին բարձր ցուցանիշ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումները։
Հարցին, թե ինչո՞ւ չի հաջողվում երկնիշ տնտեսական աճ ապահովել, նախարարը պատասխանեց․ «2022 թվականին մենք երկնիշ ցուցանիշ ունեցել ենք, բայց ամեն ինչ չէ տնտեսության մեջ, որը գտնվում է կառավարության ազդեցության տիրույթում։ 2021 թվականին կառավարությունն այդ հայտարարությամբ եկել է իշխանության։ Կառավարության հիմնական նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տնտեսվարողները կկարողանան տնտեսական գործունեություն իրականացնել, ներդրումներ կլինեն»։
Ֆինանսների նախարարն ասաց, որ աղքատությունը մարդկանց ուղեղից այդքան արագ դուրս չի գալիս, երկար ժամանակ է պահանջվում։
Կարդացեք նաև
«Կառավարությունը հռչակում է, որ այնպիսի քաղաքականություն է իրականացնելու, որն ստեղծելու է այնպիսի միջավայր ու պայմաններ, որպեսզի տնտեսությունը կարողանա զարգանալ, ներդրումներ լինեն։ Հիմա որոշ բաներ ուշանում են, որոշ բաներ չեն եղել այնպես, ինչպես ծրագրավորված էր։ Բայց ես կարծում եմ, մեծ հաշվով, այն, ինչ պլանավորված էր կառավարության ծրագրով մինչեւ 2026 թվականը, այդպես էլ կիրականանա։ Այսինքն՝ միջինը 7 տոկոս տնտեսական աճ»,- հավելեց Վահե Հովհաննիսյանը։
Հարցին, թե պոպուլիստական չեն եղե՞լ կառավարության խոստումները, որոնք այսօր չեն իրականանում, ֆինանսների նախարարը պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում պոպուլիստական։ Ես կարծում եմ, որ մենք 2018-2019 թվականներին էլ ենք տպավորիչ աճեր ունեցել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ