«Կանխատեսում ենք, որ 2024 թվականի վերջին կունենանք ՀՆԱ-ի 50 տոկոսին մոտ պետական պարտք։ Եվ 2025 թվականի ավարտին պետական պարտքը կհասնի 53,5 տոկոսի՝ 5 տրիլիոն 037 մլրդ-ից կաճի մինչեւ 5 տրիլիոն 914 մլրդ դրամ։ Դա պայմանավորված է բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակով, որն ունենալու ենք 2025 թվականին»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Վահե Հովհաննիսյանն ասաց, որ պարտքի սպասարկման համար բյուջեի ծախսերը 11,2 տոկոսից կավելանան 11,3 տոկոս։ Սա պայմանավորված է պարտքի նոմինալ արժեքի բարձրացմամբ։ Պլանավորվում է, որ միջին կշռված տոկոսադրույքը 7,6 տոկոսից կիջնի 7,5 տոկոսի։
«Մենք արդեն տեսնում ենք պետական գանձապետական տոմսերի միջին տոկոսադրույքի նվազում, որը 2023 թվականի 10,7 տոկոսից 2025 թվականին կիջնի մինչեւ 10,4 տոկոս։ Եվ արտաքին վարկերը կլինեն 5 տոկոս, թեեւ ակնկալվում է, որ տոկոսադրույքների վերջին նվազեցումից հետո հնարավոր են նաեւ դեպի ներքեւ ճշգրտումներ»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ վերջին մի քանի տարիներին լողացող տոկոսադրույքով ավելի մեծ քանակությամբ վարկեր են ներգրավել․ «Երբ տոկոսներն իջնեն, մենք լողացող տոկոսադրույքով վարկերը կֆիքսենք»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ