JAMnews-ի խմբագիրը սպառնալիքներ է ստացել այն բանի համար, որ քննադատական մեկնաբանություն է թողել միջազգային պատժամիջոցների տակ գտնվող ռուսական Wildberries առցանց հարթակի՝ Վրաստանում գործունեություն սկսելու մասին լուրի տակ։
Wildberries-ը առցանց հիպերմարկետ է, որը հիմնադրվել է Ռուսաստանում 2004 թվականին Վլադիսլավ և Տատյանա Բակալչուկների կողմից։
Հոկտեմբերի 23-ին վրացական սոցիալական ցանցերում տարածվեց ռուսական Wildberries ընկերության՝ տեղական շուկա մուտք գործելու մասին լուրը։
Նույն օրը այդ մասին գրել է ռուսական Paper Kartuli առցանց պարբերականի տելեգրամյան ալիքը։ Պարբերականը գործունեություն է ծավալում Վրաստանում: JAMnews-ի խմբագիրը պատմում է, որ քննադատական մեկնաբանություն է թողել այս ալիքում, մասնավորապես՝ Wildberries-ի մասին լուրի տակ. «Հրապարակման մեջ նշվում էր, որ Wildberries-ը սկսել է գործել Վրաստանում, բայց չէր նշվում, որ ընկերությունը գտնվում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ, քանի որ մասնակցում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմի ֆինանսավորմանը։ Ես մեկնաբանության մեջ գրեցի, թե ինչու են լռել այս կարևոր փաստի մասին և հարց տվեցի՝ ինչպե՞ս են նրանք նման լուրեր գրում՝ գտնվելով մի երկրում, որի մի մասն օկուպացված է Ռուսաստանի կողմից»։
Կարդացեք նաև
Այս մեկնաբանությունից 20 րոպե անց նրան անձնական հաղորդագրություն է գրել Զելիմխան Բորաև (Zelimxan Boraev) անունով մեկը․
«Ջնջի՛ր Wildberries-ի մասին հաղորդագրությունը, թե չէ ձեռքերդ կկտրենք, որ էլ չգրես։ Դու * -ում ես ապրում, այնպես չէ՞»,- գրել է Բորաևը։
«Հաջորդ հաղորդագրության մեջ նա արդեն նշեց Թբիլիսիի այն շրջանը, որտեղ ես ապրում եմ։ Հաշվի առնելով, որ նա Paper Kartuli-ի չատի անդամ է, հավանաբար, գտնվում է Վրաստանում»,- պատմում է խմբագիրը։
Նրա խոսքով՝ սկզբում դիմել է Paper Kartuli-ի աջակցության ծառայությանը։ Սակայն այնտեղ «միայն ափսոսանք են հայտնել և տեղեկացրել, որ սա իրենց բաժանորդագրված անձանց հասցեին սպառնալիքների առաջին դեպքը չէ»։
Դրանից հետո JAMnews-ի խմբագիրը դիմել է ոստիկանություն։
«Գործընկերոջս հետ չորս ժամ անցկացրինք Հին քաղաքի բաժանմունքում՝ անընդհատ կրկնելով պատմության բոլոր մանրամասները։ Ոստիկանությունը խոստացավ գործը փոխանցել քննիչին, և հիմա մենք սպասում ենք արդյունքների։ Հաջորդ օրը ես կապ հաստատեցի ուկրաինական հյուպատոսության հետ [JAMnews-ի խմբագիրը ուկրաինուհի է], իսկ ֆրանսիացի հարևանուհիս՝ իր երկրի հյուպատոսության հետ։ Փորձեցինք ուշադրություն հրավիրել իրավիճակի վրա»,- պատմում է նա։
Միջազգային ԶԼՄ–ներում աշխատող գործընկերների օգնությամբ մենք սկսեցինք լրագրողական մեթոդներով պարզել սպառնացողի ինքնությունը:
Այս պատմության մեջ հատկապես մտահոգիչ է չեչենական հետքը, քանի որ չեչենները՝ Կադիրովի գլխավորությամբ, ակտիվորեն ներգրավված են այս ընկերության «վերակազմակերպման»՝ Wildberries-ը Russ ընկերության հետ միավորելու վերաբերյալ կորպորատիվ վեճում։
Այս գործում ներգրավված է ռուսական կառավարության ամենաբարձր օղակը, այդ թվում՝ ինքը՝ Պուտինը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: