– Պարոն Գալստյան, Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ եւ 89 ձեռնպահ ձայնով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման եւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձեւը: Բանաձեւը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել բոլոր 23 հայ ռազմագերիներին։ Ինչպես նաեւ կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը։ Բանաձեւը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում այս բանաձեւի ընդունումը, ի՞նչ կարեւորություն ունի այն։
– Դա մեր հայ ազգի ձեռքբերումն է։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունն իր պետական խողովակներով որեւէ ամբիոնից չի խոսում արցախցիների վերադարձի իրավունքի մասին՝ Արցախի ԱԺ պատգամավորների կողմից ստեղծված հանձնախումբը՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, հարցը բարձրացրել է միջազգային տարբեր ատյաններում։ Եվ այսօր սա այդ աշխատանքի արդյունքն է։ Ցավոք սրտի, օրվա իշխանությունները, չխոսելով այդ հարցի մասին, շատ ավելի դժվարացնում են տարբեր երկրներում հարցը բարձրաձայնելու գործընթացը։ Հաշվի առնելով այն, որ Արցախ վերադարձը մեր անքակտելի իրավունքն է, եւ այդ իրավունքին մենք տեր ենք կանգնելու, ուղղակի ողջունելի է այս բանաձեւի ընդունումը։ Սա հույս է ներշնչում, որ արցախցիներս կկարողանանք տեր կանգնել մեր իրավունքին եւ մի օր կվերադառնանք մեր պատմական հայրենիք։
– Արցախի Ազգային ժողովը քայլեր ձեռնարկելո՞ւ է, որպեսզի ԵՄ խորհրդարանի բանաձեւում տեղ գտած դրույթները գործնականում կյանքի կոչվեն։
– Սա արդեն իսկ կոնկրետ քայլի արդյունք է՝ հաշվի առնելով այն, որ Արցախի խորհրդարանն է ստեղծել այդ միջազգային հանձնախումբը, որը նպատակ է դրել արցախցիների իրավունքը միջազգային հարթակներում բարձրաձայնել, «տաք» պահել Արցախ վերադարձի հարցը, որպեսզի այդ հարցը վերջնականապես չփակվի։ Արցախահայերի հավաքական վերադարձի իրավունքի հարցը պետք է դրվի բանակցային սեղանի վրա։ Իհարկե, շատ մեծ հնարավորություններ չունեն այսօր Արցախի նախագահն ու խորհրդարանը, բայց մեր հնարավորությունների սահմաններում բոլոր ջանքերը գործադրելու ենք, որ դա հասնի իր նպատակին։
Կարդացեք նաև
– Ի՞նչ է ստացվում՝ չնայած Հայաստանի իշխանությունները փորձում են փակել Արցախի հարցը, բայց աշխարհը խոսո՞ւմ է արցախցիների իրավունքների մասին։
– Իհարկե, այդ իրավունքը ոչ միայն աշխարհն է ընդունում, այլ նաեւ Ադրբեջանն է ընդունում։ Բացի Հայաստանի իշխանությունից, մնացած բոլորն ընդունում են արցախցիների վերադարձի իրավունքը։ Շատ անհասկանալի, ինչ-որ տեղ հասկանալի պատճառներով օրվա իշխանությունները փորձում են փակել այս հարցը, քանի որ իրենց պարտության ու սխալ դիվանագիտության հետեւանքով է, որ այսօր մենք բռնի տեղահանված ու փախստականի կարգավիճակում ենք։ Նրանք ուզում են փակել այդ հարցը, որպեսզի հետագայում պատմության մեջ չմնան որպես հող հանձնող, հայրենիք հանձնող, Արցախի պատմությունն աղավաղող իշխանություն։ Այն մարդիկ, ովքեր ժամանակին Արցախն իրենց հայրենիքն էին համարում, հիմա հստակ փորձում են մոլորեցնել ժողովրդին, որ դա իլյուզա էր։
Այո, այսօր պետք է արձանագրենք, որ աշխարհը ճանաչում է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, որ դա մեր պատմական հայրենիքն է, բայց ՀՀ այսօրվա իշխանությունները, իրենց անձնական շահերից ելնելով, փորձում են փակել այդ հարցը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.10.2024