Բենիամին Պողոսյանը՝ Փաշինյան-Ալիեւ ժպիտների մասին
Իմ գնահատմամբ՝ հավանականությունը փոքր է, որ որեւէ բան կստորագրվի թե՛ մինչեւ 2024-ի ավարտ, թե՛ նաեւ առնվազն 2025-ի առաջին ամիսներին»,-«Առավոտի» հարցին՝ հավանականություն կա՞, որ մինչեւ տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիր, ինչպես ՔՊ-ական որոշ պատգամավորներ են ասում, այսպես պատասխանեց Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը։
Նա հիշեցրեց՝ 2022-ին էլ էինք լսում մինչեւ տարեվերջ փաստաթուղթ ստորագրելու հավանականության մասին, 2023-ի սեպտեմբեր, հոկտեմբերին էլ ենք լսել, որ կա շատ մեծ հավանականություն, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի մինչեւ 2023-ի ավարտ, հետո ամբողջ 2024-ի ընթացքում՝ առնվազն առաջին ութ-ինը ամիսների ընթացքում մենք լսում էինք, որ կա հավանականություն, որ ինչ-որ բան կստորագրվի մինչեւ COP29 գագաթնաժողով. «Մնացել է մոտ երկու շաբաթ ժամանակ, հիմա ասում են, որ եթե ոչ մինչեւ այդ գագաթնաժողովի սկիզբ, ապա մինչեւ տարեվերջ կա ստորագրման հավանականություն։ Հավանականություն, իհարկե, միշտ էլ կա, ամբողջ խնդիրն այն է՝ իսկ այդ հավանականության չափն ինչքա՞ն է։ Եթե չես ասում հավանականության չափը, ամեն ինչ անորոշ է դառնում»։
Ըստ Բենիամին Պողոսյանի՝ հատկապես 2023-ի սեպտեմբերից՝ Արցախի ոչնչացումից հետո, Ադրբեջանն առանձնապես որեւէ անհրաժեշտություն չի տեսնում ՀՀ-ի հետ որեւէ պայմանագրի ստորագրման հարցում։ Ըստ վերլուծաբանի՝ պատճառներից մեկը Ադրբեջանի ներքաղաքական հարցերն են, քանի որ Ադրբեջանի իշխանությանն արտաքին թշնամու կերպարը միշտ պետք է, որ կարողանան բնակչության մեծ մասին Ալիեւի ընտանեկան կառավարման շուրջ համախմբած պահել։
Կարդացեք նաև
Կա նաեւ արտաքին քաղաքական պատճառ. «Ինչ 1918-ին Ադրբեջան պետությունը ստեղծվել է, ռազմավարական նպատակն Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ ընդհանուր ցամաքային սահման ունենալն է։ Հիմա թերեւս իրենք առավել մոտ են այդ նպատակին. Սյունիքում, Վայոց ձորում Ադրբեջանին եւ Նախիջեւանին բաժանում է 30-40 կամ 44 կմ։ Եթե դու առավել քան մոտ ես քո հարյուրամյա երազանքի իրականացմանը, ինչո՞ւ պետք է ստորագրես խաղաղության համաձայնագիր, որը կբարդացնի այս նպատակի իրականացումը»։
Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ էական էլ չէ, թե քանի հոդված է համաձայնեցված, քանիսը՝ ոչ. «Չեմ կարծում՝ դա նույնիսկ էական նշանակություն ունի, որովհետեւ Ադրբեջանի նախագահի բերանով հայտարարվում է՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ, եւ Ադրբեջանը պայմանագիր չի ստորագրելու։ Ադրբեջանն ունի հստակ երկու նախապայման՝ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների փոփոխություն, դիմում է ԵԱՀԿ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Հետեւաբար նույնիսկ, եթե ընդունենք, որ բոլոր կետերը համաձայնեցված են, ամբողջ տեքստը մինչեւ վերջին ստորակետը համաձայնեցված է, որեւէ ազդակ չկա Ադրբեջանից, որ իրենք պատրաստ են հրաժարվել իրենց երկու նախապայմանից»։ Բենիամին Պողոսյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր նախապայմաններ առաջ քաշել։ Հետաքրքրվեցինք՝ Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կարո՞ղ է ինչ-որ բան փոխել, վերլուծաբանը պատասխանեց. «Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են Գերմանիայում՝ Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում, հետո ԱԳ նախարարները հանդիպեցին Բեռլինում՝ փետրվարի վերջին, հետո նրանք հանդիպեցին Ալմա Աթայում՝ մայիսին, հուլիսին՝ Վաշինգտոնում, մեկ ամիս առաջ Նյու Յորքում հանդիպեցին։ Վերջին հաշվով ՀՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում էին մոտ երկու շաբաթ առաջ՝ ԱՊՀ նիստին։ Ճիշտ է՝ ֆորմալ բանակցություններ չեղան, բայց չենք կարող բացառել, որ շփումներ չեն եղել»։
Մեր այն դիտարկմանը՝ Կազանում Փաշինյանն ու Ալիեւը ըստ լուսանկարների՝ ուրախ շփվում էին, Բենիամին Պողոսյանն այսպես արձագանքեց. «Նայեք՝ 2019-ի հունվարի լուսանկարները, երբ նրանք առաջին անգամ հանդիպեցին Դավոսում, կամ 2019-ի մարտին՝ Վիեննայում, երբ Ալիեւն ու Փաշինյանը հանդիպեցին։ Այնտեղ էլ լարվածություն չկար։ Բայց այդ ամենն ավարտվեց 44-օրյա պատերազմով, հետո էլ Արցախի ոչնչացմամբ։ Կարող ենք նայել այն բոլոր հանդիպումները, երբ Փաշինյանը եւ Ալիեւը հանդիպեցին ութ անգամ բրյուսելյան հարթակում՝ Բրյուսելում եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում՝ Պրահայում՝ 2022-ի հոկտեմբերին, 2023-ի հունիսին՝ Քիշնեւում, հետո տեղի ունեցան 2023-ի մայիսին եւ հուլիսին Բրյուսելում հանդիպումներ։ 2022-ի դեկտեմբերից Արցախն արդեն շրջափակված էր, բայց եթե նայում ենք այդ հանդիպումները, առաձնապես լարվածություն չկար։ Կային հաճելի ժպիտներ, բայց նորից դա չխանգարեց, որպեսզի Արցախը սովամահ արվի, 2023-ի սեպտեմբերից էլ ենթարկվի էթնիկ զտման։ Այնպես որ, նկարների ժպիտները եւ այլն, փորձը ցույց է տալիս, որ գոնե հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչինչ չեն նշանակում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.10.2024