Հայաստանի երիտասարդ ծանրորդները Լեհաստանում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճում են ոսկե մեդալներ: Այս անգամ հաղթողի կոչմանն արժանացավ մինչեւ 23 տարեկանների պայքարին մասնակցող 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը:
Գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունը սկսելով 115 կիլոգրամով՝ արդեն ապահովեց փոքր ոսկին: Սակայն հաջորդաբար ծանրաձողի քաշն ավելացնելով 5-ական կգ-ով՝ նա բարձրացրեց նաեւ 120 եւ 125 կգ քաշերը եւ ամբողջ 13 կիլոգրամով առաջ անցավ երկրորդ տեղում ընթացող ուկրաինացի Անդրիյ Ռեվկոյից:
Գառնիկ Չոլակյանի մրցակիցներին նույն սցենարն էր սպասում նաեւ հրում վարժությունում, որտեղ նա առաջին մոտեցման համար պատվիրել էր 145 կգ՝ ամբողջ 10 կգ-ով ավելի, քան այս վարժությունում մոտակա բուլղարացի Անգել Ռուսեւը: Սակայն պայքարի տրամաբանությունը հուշեց, որ կարելի է սկսել նաեւ 140 կգ-ից: Բարձրացնելով այդ քաշը՝ Գառնիկը երկրորդ մոտեցմանը անհաջողության մատնվեց 147 կգ-ում, սակայն ծանրաձողի քաշն ավելացնելով եւս 3 կգ-ով ֆիքսեց 150 կգ-ն ու նվաճեց նաեւ հրում վարժության ու երկամարտի՝ 275 կգ, ոսկե մեդալները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ