Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են էական խախտումներով․ «Անկախ դիտորդ»

Հոկտեմբեր 27,2024 21:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ու «Իրազեկ քաղաքացիների միավորման», 18 դիտորդների կազմով դիտորդական առաքելություն իրականացրեց հոկտեմբերի 26-ին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրություններում:

Նախքան ընտրությունները, դիտորդները հանդիպումներ ունեցան թե՛ Վրաստանում հավատարմագրված այլ առաքելությունների ներկայացուցիչների և թե՛ Վրաստանի կենտրոնական ընտրական վարչակազմի ղեկավարության հետ: Դիտարկվեց հոկտեմբերի 20-ին կայացած ընդդիմության և հոկտեմբերի 23-ին կայացած՝ «Վրացական երազանքի» հանրահավաքները:

Ընտրություններում առաջին անգամ զանգվածաբար կիրառվել են ընտրողների գրանցման և քվեաթերթիկների սքանավորման թվային սարքեր, որոնց մասին Կենտրոնական ընտրական վարչակազմը իրականացրել է լայնածավալ հանրային իրազեկում՝ վրացերեն, հայերեն ու ադրբեջաներեն լեզուներով:

Նախընտրական փուլում և քվեարկությանը օրը առաքելությունը ստացել է բազմաթիվ արժանահավատ տեղեկություններ ընտրակաշառքի, ընտրողների կամարտահայտման վրա վարչական լծակներով ազդեցության մասին, որոնք երբեմն զուգորդվել են ընտրողների նույնականացման (ID) քարտերի հավաքագրմամբ:

Առաքելության կողմից նկատվել են «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների ու ընտրական հանձնաժողովների մի շարք քայլեր, որոնք ուղղված էին ընտրողների մոտ քվեարկության գաղտնիության նկատմամբ վստահությունը նվազեցնելուն. սկսած քվեախցիկների ձևից ու դիրքերից և վերջացրած իշխող կուսակցության կողմից տեղամասերում տեսախցիկների տեղադրմամբ և քվեարկության վերահսկման այլ ձևերի մասին ապատեղեկատվական լեգենդների տարածմամբ:

Քվեարկության օրը դիտորդները 8 շրջիկ խմբերի կազմով հետևել են քվեարկության ընթացքին ու ամփոփմանը Թբիլիսիի և շրջանների 54 տեղամասերում (գերակշռապես՝ Սամցխե-Ջավախեթի մարզում): Դիտարկված տեղամասերի շուրջ 50 տոկոսում նկատվել են քվեարկության գաղտնիության խախտումներ, որոնք, որպես կանոն, դրսևորվել են այլ անձի կողմից ընտրողի քվեարկությանը հետևելով (վերահսկելով):

Հավաքագրված նույնականացման քարտերով այլ անձի փոխարեն քվեարկության մասին ահազանգերի ֆոնին առավել մտահոգիչ էր, որ դիտարկված տեղամասային կենտրոններում դիտորդների կողմից համատարած նկատվել է, որ անգամ իրենց ներկայությամբ ընտրողների մատների թանաքոտումը (կամ մտնող ընտրողների մատներին թանաքի բացակայության ստուգումը) պատշաճ չի արվում (հարկ է նշել, որ ուլտրամանուշակագույն լույսի տակ երևացող անգույն թանաքով ընտրողների մատների թանաքոտումը կրկնակի քվեարկության կանխման հիմնական մեխանիզմներից է Վրաստանում:

Միաժամանակ, իշխող կուսակցության ներկայացուցիչների մոտ ընտրողների անձնագրային տվյալների համատարած առկայության ֆոնին առավել մտահոգիչ էր  այն, որ էլեկտրոնային գրանցման սարքերի ամփոփ տեղեկանքներում չէր արձանագրվում, թե որ ընտրողների անձնագրային տվյալներն են մուտքագրվել ձեռքով, ոչ թե ընթերցվել սարքի կողմից։ Տվյալների մուտքագրումը ձեռքով փաստացի կարող է տեղի ունենալ առանց տվյալ ընտրողի ներկայության և նույնիսկ անձը հաստատող փաստաթղթի առկայության և կիրառվել, օրինակ, երկրից բացակայող անձի փոխարեն քվեարկելու համար:

Առաքելության կողմից դիտարկված տեղամասերի ավելի քան 22 տոկոսում դիտվել են մուտքի մոտ անձանց կուտակումներ, որոնք, որպես կանոն, կազմված էին ոչ թե ընտրողների հերթից, այլ քաղաքական ուժերի կողմնակիցներից: Այս կուտակումներում նկատվում էին անձինք, որոնք իրականացնում էին քարոզչություն, ուղեկցում էին ընտրողներին դեպի տեղամաս, իրականացնում էին տեղամասային կենտրոն դեռևս չներկայացած ընտրողների նույնականացում: Առանց բացառությունների, այս անձինք եղել են «Վրացական երազանք» կուսակցության լիազոր ներկայացուցիչները կամ տեղական դիտորդներ, որոնք հայտնում էին իշխող կուսակցության հետ իրենց փոխկապակցվածության մասին:

Տեղամասային կենտրոնների զգալի մասում դիտորդները նկատում էին ընտրական հանձնաժողովների կողմից օրենսդրության և ընթացակարգերի իմացության պակաս: Այդ խնդիրը առավել շատ էր նկատվում գյուղական բնակավայրերում:

Ընտրություններում հավատարմագրված էր շուրջ 20 հազար տեղական դիտորդ, սակայն ընտրական տեղամասում հաճախ նկատվում էր, որ դիտորդի վկայականով անձինք ներկայանում էին որպես «Վրացական երազանքի» ներկայացուցիչ և չէին դրսևորում չեզոք պահվածք:

Մի շարք ընտրական տեղամասերում դիտորդները տեսել են, որ ընտրողները, նախքան քվեարկության սենյակ գալը, մոտենում են տարածքում գտնվող «Վրացական երազանքի» ներկայացուցչին, որն իր ցուցակում կատարում էր նշումներ:

Դիտարկման ընթացքում դիտորդների գործունեությունը խոչընդոտվել է 3 տեղամասային կենտրոններում: 22/4 տեղամասում մեր դիտորդի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն, երբ նա փորձել է տեսանկարահանել տեղամասային կենտրոնում տիրող վիճակը: Առաքելությունը ստիպված է եղել դադարեցնել դիտարկումն այդ տեղամասում:

Հաշվի առնելով վերոշարադրյալ դիտարկումները և վստահելի այլ դիտորդական առաքելությունների արձանագրությունները՝ «Անկախ դիտորդ» դաշինքը ստիպված է արձանագրել, որ Վրաստանի 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններն անցել են էական խախտումներով, որոնք ստվերում են ընտրությունների արդյունքների վստահելիությունը:

«ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ» ԴԱՇԻՆՔ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031