25 տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում գլխատվեց Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական վերնախավը։ Անցել է քառորդ դար, սակայն այդ ոճրագործության կազմակերպիչները դեռ բացահայտված չեն, իսկ դրա դառը պտուղները պետությունն առայսօր շարունակում է ճաշակել ։ Բայց ժողովուրդը սիրով ու երախտագիտությամբ է հիշում իր Մեծերին։ Իսկ այսօր վերստին իր հարգանքի տուրքն է մատուցում ոճրագործության զոհերի հիշատակին՝ այցելելով նրանց շիրիմներին։
Ագարակավանի դպրոցի 4-րդ եւ 5-րդ դասարանի աշակերտները Կոմիտասի անվան պանթեոնում այցելեցին Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրիմին, որտեղ վաղ առավոտյան ՀՀ նախագահի, Ազգային ժողովի եւ Շենգավիթ վարչական շրջանի անունից ծաղկեպսակներ են դրվել։ Ուսուցչուհին աշակերտներին պատմեց քաղաքական գործչի բացառիկ հայրենասիրության մասին, որի օրոք Հայաստանը միայն ծաղկում եւ բարգավաճում էր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ