Նույնիսկ գրեթե ամբողջությամբ վերահսկվող ադրբեջանական մամուլում է երբեմն հնչում հարցը. ի՞նչ կարգավիճակով է Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդարը պետական պատվիրակությունների կազմում մասնակցում պաշտոնական միջոցառումների՝ չունենալով որևէ պաշտոն։
Ընդ որում՝ կրտսեր Ալիևն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում տեսախցիկների առջև։
Սա, օրինակ, սեպտեմբերի 26-ի կադր է նախագահականում անցկացված երկրի տնտեսական հարցերին նվիրված քննարկումից։ Վարչապետի, նախարարների շարքում իր մոր՝ Ադրբեջանի փոխնախագահի կողքին է 27-ամյա Հեյդար Ալիևը։
Կարդացեք նաև
Պետական արարողակարգի տեսախցիկները նրան ցուցադրում են խոշոր պլանով, մամուլի հաղորդագրությունում, սակայն, չի հիշատակվում՝ որպես ինչ է նա այդ սեղանի շուրջ։
Այս քննարկումից օրեր առաջ էլ կրտսեր Ալիևը կրկին նախագահականի տեսանյութերում էր, ուղեկցում էր հորը Ղարաբաղ հերթական այցի ժամանակ։
Հեյդար Ալիևը մասնակցում էր Ստեփանակերտում բուհի բացմանը՝ Արցախի արդեն նախկին համալսարանի շենքում, հոր կողքին է Ղարաբաղում գործարանների, հյուրանոցների թանգարանների հիմնարկեքին, ստուգում է շինարարության որակը։
Տարեսկզբին Ադրբեջան էր այցելել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը, Իլհամ Ալիևի որդին պաշտոնական բոլոր միջոցառումների կենտրոնում էր, բարձրաստիճան պաշտոնյաների շարքում մասնակցում էր շեյխի հանդիսավոր դիմավորմանը, որպես պատվիրակության անդամ բարևում Էմիրությունների առաջնորդին, ապա նրան տեսնում ենք բանակցությունների սեղանի շուրջ, Հեյդար Ալիևը ներկա էր նաև պաշտոնական ընթրիքին՝ արտգործնախարար Բայրամովի և նախագահի օգնական Հաջևի կողքին։
Այս կադրերում Ալիևի որդին հոր հետ զինվորական համազգեստով Ադրբեջանի ռազմական օդուժն է ստուգում։ Այստեղ է նաև Ռեջեփ Էրդողանի փեսան՝ Սելջուկ Բայրաքթարը, համանուն անօդաչուների հեղինակը։ Պաշտպանության նախարարը զեկուցում է բանակի պատրաստվածության մասին։
Արդյոք Ալիևը որդուն պատրաստո՞ւմ է իշխանության ժառանգորդ, ինչպես ինքը 21 տարի առաջ՝ 42 տարեկանում հորից ստացավ նախագահի աթոռը, հայր Ալիևն իր հերթին արդեն հասցրել էր 10 տարի կառավարել Ադրբեջանը։
Այսպիսով Ալիևների ընտանիքը իշխանության ղեկին է արդեն երեք տասնամյակից ավելի։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում