Բաքուն COP29-ը փորձում է օգտագործել աշխարհին ցույց տալու, թե ինչքան «ժողովրդավար» երկիր է, որ իր դեմ ոչ միայն պատժամիջոցներ չեն սահմանում, այլև տարբեր երկրներից պաշտոնյաներ են շտապում Բաքու՝ համաժողովի մասնակցելու նպատակով։ Կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելու մյուս խնդիրը կապված է նրա հետ, որ դրա բովանդակությունը հիմնականում կապված է լինելու ածխաթթու գազի և այլ արտանետումների կրճատման հետ, ինչը սպառնալիքներ է ստեղծում ողջ մարդկության համար, բայց Ադրբեջանի տնտեսությունը լիովին նստած է մթնոլորտն աղտոտող հանածո վառելիքի վրա։ Ավելին, տվյալներ կան, որ Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությունը և նրա գործընկերները մտադիր են երկրում գազի տարեկան արդյունահանումը մինչև 2033 թվականը ներկայիս 37 միլիարդ խորանարդ մետրից հասցնել 49 միլիարդ խորանարդ մետրի:
SOCAR-ը համաձայնել է նաև մինչև 2026 թվականը 17 %-ով ավելացնել գազի արտահանումը Եվրամիություն։ Եվրոպական երկրները մեծ հույսեր են կապում ադրբեջանական էներգակիրների հետ, որպեսզի վերացնեն ռուսական գազից իրենց կախվածության հետևանքները։ Բայց Ադրբեջանն իբր ներքին սպառման համար Ռուսաստանից գազ է գնում, սակայն տարբեր վերլուծաբաններ փաստում են, որ այդ երկիրը նման խոշոր մատակարարումների պոտենցիալ չունի, ու ադրբեջանականի անվան տակ ռուսական գազն է ավելի թանկ հայտնվում եվրոպական շուկայում։ Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանը փորձում է ձևացնել, թե մեծ նշանակություն է տալիս վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ու Արցախից բռնազավթված տարածքը հռչակել է որպես կանաչ գոտի։
Բայց դա չի խանգարում, որ հանածո վառելիքի արդյունահանման հետևանքով աղտոտեն Կասպից ծովի հարակից միջավայրը, նախապատրաստվեն Արցախում նոր հանքեր բացելուն, ֆոսֆորային զենքի կիրառման արդյունքում այրեն Արցախի անտառները ու Շիկահողի արգելոցում սկսեն արժեքավոր ծառեր հատել։ Չնայած Բաքվի ջանքերին, չի բացառվում, որ համաժողովի անցկացումն Ադրբեջանի համար կարող է լակմուսի թուղթ լինել բացասական իմաստով, քանի որ այն կարող է առիթ դառնալ Բաքվի վրա միջազգային ճնշում բանեցնելու համար։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում