Նիկոլ Փաշինյանը, գիտեք, մեկնել էր Ռուսաստան, մասնավորապես, Թաթարստանի մայրաքաղաք Կազան՝ այնտեղ անցկացվող «ԲՐԻԿՍ+» գագաթաժողովին մասնակցելու: Հստակեցնենք, որ Փաշինյանը ոչ թե ամբողջ գագաթաժողովին էր որոշել մասնակցել, այլ միայն դրա շարունակությանը, այն է՝ «ԲՐԻԿՍ+»-ին: Սա, ինչպես ասվում է՝ պաշտոնական վարկածով: Իսկ դատելով այն ամենից, ինչ տեղի ունեցավ նախօրեին Կազանում, ինչպես գագաթաժողովի նիստի ընթացքում, այնպես էլ՝ դրանից հետո, Փաշինյանն այնտեղ մեկնել էր գերազանցապես Ալիևին տեսնելու և նրա հետ ինչ-ինչ մանրամասնություններ տետ-ա-տետ «փսփսալու» համար: Համենայն դեպս, տիրապետող տպավորությունը, ու, ի դեպ, ոչ միայն մեր ընկալումը, այդ էր: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը տարբեր հարթակներում ունեցել էին հանդիպելու հնարավորություն, սակայն հետևողականորեն խուսափել էին դրանից: Իսկ այս անգամ հանդիպեցին, և ինչպես բացահայտ երևաց նրանց հանդիպումից, այն սպասված էր, անգամ՝ ցանկալի: Հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի համար: Այստեղ երկար մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք նույնիսկ չի զգացվում:
Բավարար է ծանոթանալ այն լուսանկարներին, որոնցում պատկերված են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը: Ավելին, այն, թե ինչպիսի երջանիկ, ժպտառատ հայացքով է Փաշինյանը նայում Ալիևին, ինչպիսի անթաքույց ուրախությամբ, այնքան բնութագրական է, որ հավելյալ մեկնաբանությունները նույնիսկ կարող են փչացնել լուսանկարների հաղորդած տպավորությունն ու ընկալումային զգացողությունները: Ասենք միայն, որ վերջին անգամ Փաշինյանն այդչափ կամ դրանից մի փոքր ավելի երջանիկ տեսք ուներ թերևս միայն Նյու Յորքում գտնվող «թուրքական տանը», երբ հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, նաև լուսանկարվել նրա հետ ու նրա ընծայած՝ աշխարհում թյուրքական տիրապետության իրականացմանը նվիրված «գրքով»: Ալիևի հետ հանդիպումից երջանկացած Փաշինյանի պատկերով լուսանկարներն ակամայից հիշեցրեցին, թե ՔՊ-ի առաջնորդը դեմքի ինչպիսի թունոտ, զայրալից, ցասումնառատ արտահայտություններ էր ունենում, երբ պատասխանում էր Արցախի, արցախցիների իրավունքների, շրջափակվման մեջ գտնվող մեր հայրենակիցների վիճակի մասին հարցերին:
Դժվար չէ վերհիշել նաև նրա դեմքի բորբոքված արտահայտությունը թեկուզ խորհրդարանական հարցուպատասխանների ժամանակ: Կարելի է հակադարձել՝ դե, այդ դեպքերում նրան տհաճ հարցեր են տվել, ընդդիմադիրները նրան տհաճ են, իր հասցեին ինչ ասես, որ չեն ասում: Միգուցե: Բայց մյուս կողմից՝ ստացվում է՝ հայ ընդդիմադիրներն ավելի տհա՞ճ են Նիկոլ Փաշինյանի համար, քան Էրդողանն ու Ալիևը, հը՞: Մի՞թե կա մեկ այլ՝ միջազգայնորեն ճանաչելի ֆիգուր, ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որ ավելի շատ հրապարակավ ծաղրած, նվաստացրած, վիրավորած լինի Փաշինյանին: Չկա: Ալիևը Նիկոլ Փաշինյանին ինչ ասես, որ չի ասել, սկսած հարբեցողից, վերջացրած՝ «նա օլդու Փաշինյան»-ով, որ ներկայիս Ադրբեջանում բավականին տարածված՝ հայերին ծաղրող երգի է վերածվել:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում