Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության ղեկավարը պիտի կարողանա վեր կանգնել երկրորդական բոլոր հանգամանքներից, անգամ ժամանակին հասցված անձնական վիրավորանքներից. Սամվել Ֆարմանյան

Հոկտեմբեր 26,2024 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Յուրի Վարդանյանի հիշատակին

«Շողակաթ»-ով փաստավավերագրական հետաքրքիր ֆիլմ էր՝ նվիրված մեծագույն հայ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի հիշատակին: Ֆիլմը առիթ դարձավ հիշողությունների գիրկն ընկնելու: Ներքին մղում առաջացավ այս երկու պատառիկը գրելու:

Առաջինը վերաբերում է Յուրայի Հայաստան վերադարձին: ԽՍՀՄ փլուզումից հետո Յուրան չէր հարմարվել խաղի նոր կանոններին (ինչպես լինում է սովորաբար բոլոր հեղափոխություններից հետո վառ անհատականությունների դեպքում), ու իր տեղը չգտնելով փոփոխված իրականությունում, արտագաղթել էր ԱՄՆ: Այնուհետև խառնվածքի, արտագաղթի թողած հոգեբանական տրավմայի, հայության շրջանում ունեցած մեծ հեղինակության թելադրանքով Յուրան հայտնվել էր Հայաստանի ներքաղաքական անցուդարձի հորձանուտում՝ իրեն դիրքավորելով որպես հայաստանյան միմյանց փոխարինած իշխանությունների ընդդիմախոս: Այն առավել սրվել էր Կարեն Դեմիրճյանի քաղաքականություն վերադարձով, ով Հայաստանի ղեկավարն էր եղել Յուրայի մարզական փառքի տարիներին, ու առանձնահատուկ ջերմ հարաբերություններ էին պահպանել նաև հետագայում: Լրատվամիջոցներն այդ տարիներին ժամանակ առ ժամանակ սրում էին խնդիրը, թե ինչու Յուրայի նման վաստակաշատ մարզիկը չպետք է ապրի ու արարի Հայաստանում: Յուրան, թեև ԱՄՆ-ում էր, բայց նրա մասին Հայաստանում հիշում ու խոսում էին:

2009 թ. հունվարի 1-ին Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում մեկնում էի Միացյալ Նահանգներ՝ Լոս-Անջելես, ապա Նյու Յորք՝ նախագահականի տեխնիկական վերազինման նպատակով բանակցություններ վարելու համար:
Լոս Անջելեսում հանդիպեցի իմ դպրոցի՝ Գյումրու Ակադեմիական վարժարանի տնօրեն Զոհրաբ Չաղայանին: Նա առաջարկեց հանդիպել նաև ընկերոջը՝ Յուրային: Հանդիպեցինք նախ իրենց, ապա Յուրայի տանը: Ծնողների հետ մեկ հարկի տակ էին ապրում: Տպավորիչ էր: Այդ շրջանում ականջիս հասել էր, Չաղայանն էլ հաստատեց, որ Յուրան դեմ չէ Հայաստան վերադառնալուն: Առիթից օգտվելով՝ Յուրայի հետ այդ երկու օրը նրբանկատությամբ զրուցեցի այդ մասին՝ փորձելով հավաստիանալ: Մեծ մարզիկի աչքերում փայլ կար, մի տեսակ պատանեկան ուրախություն կար:

Ինչևէ, Հայաստան վերադառնալուց հետո Յուրայի պատրաստակամության մասին զեկուցեցի Հանրապետության նախագահին: Շատ ուրախացա, երբ Սերժ Սարգսյանը նախ դրական արձագանքեց իմ ինքնագործությանը, ապա ասաց, որ արդեն իսկ այլ խողովակներով քննարկվում է նրա Հայաստան վերադառնալու գաղափարը: Հետո արդեն Յուրան վերադարձավ Հայաստան՝ նշանակվեց Նախագահի խորհրդական, ապա նախարար, հետո՝ դեսպան, ու անկախ իր զբաղեցրած բոլոր պաշտոններից, և՛ իր վերադասների, և՛ իր ենթակաների, և՛ իր գործընկերների ընկալումներում մնաց որպես ուղղակի ծանրորդ Յուրի Վարդանյան: Տարիներ անց անկեղծորեն խոստովանեմ, Յուրայի արժանապատիվ վերադարձը Հայաստան հնարավոր դարձնելու այդ սկզբունքային որոշումը խորացրեց իմ հարգանքը Սերժ Սարգսյանի հանդեպ:

Պետության ղեկավարը պիտի կարողանա վեր կանգնել երկրորդական բոլոր հանգամանքներից, անգամ ժամանակին հասցված անձնական վիրավորանքներից, գնահատելու նրանց, ովքեր երբևէ փառք ու պատիվ են բերել քո ժողովրդին, քո երկրին: (Հենրիխ Մխիթարյանի ու Լևոն Արոնյանի նման աստղերն այսօր չեն ներկայացնում Հայաստանը):

Յուրայի մասին երկրորդ անմոռանալի դրվագն իմ հիշողություններում արդեն առնչվում է ՌԴ նախագահ Մեդվեդևին: Զարմանքն այն խոսքը չէ, երբ նախագահական հանդիպումներից մեկի ժամանակ փոքրամարմին Դմիտրի Մեդվեդևն ասաց, որ իր փառքի տարիներին Յուրայի նվաճումներն ու ռեկորդներն այնքան էին ներշնչել պետերբուրգյան երիտասարդությանը, որ շատերը, այդ թվում և ինքը, սկսել էին ծանրամարտ պարապել: Համաձայնվեք՝ անսպասելի էր: Հետո արդեն, Յուրայի հոբելյանի առիթով փաստավավերագրական ֆիլմ էր նկարահանվում: Խնդրեցի գործընկերոջս՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին՝ կազմակերպելու նախագահ Մեդվեդևի կարճ անդրադարձը Յուրայի ու իր ծանրամարտ պարապելու պատմությանը: Յուրան իսկապես ոգևորված էր:
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031