Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթների քանակի մասին Հայաստանի իշխանությունների հրապարակած թվերը հակասական են, դրանց՝ համաձայնեցված լինելու մասին հայտարարությունները՝ իրարամերժ։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի 13 կետ են համաձայնեցրել, մինչդեռ դրանից մի քանի օր առաջ նա խոսել էր համաձայնեցված 16 կետի մասին։
«Բազմիցս ասել ենք՝ ընդհանուր կա լիակատար համաձայնեցված 13 կետ, և ևս 3 կետ կիսով չափ համաձայնեցված։ Այսինքն ընդեղ քննարկումների պարագայում մենք և Ադրբեջանը կարող ենք ինչ-որ լուծումների գալ․․․ Կարելի է ասել՝ 16 կետ կա»,- ասել է Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 15-ին, Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում ունեցած ելույթում Սիմոնյան նշել էր, թե Բաքուն ու Երևանը համաձայնության են եկել 16 կետի շուրջ։
«Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ»,- հայտարարել էր ԱԺ նախագահը:
ԱԺ նախագահը հոկտեմբերի 22–ի իր ճեպազրույցում հակասել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում արված իր այն պնդմանը, թե կողմերը կարողացել են համաձայնության գալ 16 կետի շուրջ․ Սիմոնյանն այժմ էլ նշում է համաձայնեցված՝ 13 և մասնակի համաձայնեցված 3 կետի մասին։
Փաստացի, նա վեհաժողովում 3 մասնակի համաձայնեցված կետերն էլ է ներկայացրել որպես ամբողջությամբ համաձայնեցված՝ ներառելով դրանք ընդհանուր թվի մեջ։
Նանե ՄԱՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»