Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեք չվախենալ ծեծված ու ծիծաղելի լինելուց

Հոկտեմբեր 26,2024 10:00

Հատվածներ Սերգեյ Ավերինցեւի գրքից

Ո՞վ է հումանիտար գիտությամբ զբաղվող մտավորականը: Արդյո՞ք մի մարդ է, որն իր վրա է վերցրել որոշակի մտավոր-բարոյական պարտավորություններ՝ դրանք կատարելու համար, ոչ թե հանուն իր քմահաճույքների եւ հավակնությունների: Թե՞ հատուկ կարգի ֆունկցիոներ է, «մտավոր աշխատանքի մշակ», կարգադրություններ կատարող, որը բացի այդ կարգադրություններից, ոչ մի բանի կարիք չունի՝ գումարած պաշտոնները, երկրային բարիքները, մշտական վերահսկողությունը:

Մարդը, որն իր մտավոր եւ մարդկային փորձում գիտի միայն այսօրվա ծեծված պատկերացումների մասին, այսպես ասած, «պատմական գավառամտության» զոհ է:

Կարելի է վստահ լինել ինքդ քո եւ քո հաջողությունների մեջ, եւ դա զզվելի է ու տխուր: Կարելի է կախարդված լինել անհաջողության վտանգով, եւ դա վախկոտություն է: Կարելի է տատանվել հաջողության տենչի եւ տապալման վախի միջեւ, եւ դա ունայնություն է ու ստորություն: Կարելի է անտարբեր լինել ապագայի նկատմամբ, ու դա մահ է: Ազնվություն եւ ուրախություն է այդ չորս հնարավորությունների սահմաններից դուրս գալը, խիզախորեն մտնել մթության մեջ, լրջորեն ներդնել սեփական ջանքերը, բայց միաժամանակ թեթեւ վերաբերվել արդյունքին՝ չվախենալով լինել ծեծված  ու ծիծաղելի:

Մշակութային, մտավոր  եւ ցանկացած այլ արժեքների բացարձակացումը՝ մարդուց եւ մարդկայինից դուրս, հեզության եւ հումորի զգացողության ցանկացած կորուստը, ի վերջո, բերելու է ձախողման:

Այսօր, ինչպես միշտ, մտավորականի գործն է հոգ տանել ոչ թե այն մասին, արդյոք ուրիշները հասկանում են իրեն, այլ այն մասին, արդյո՞ք ինքը հասկանում է այլոց:

Սերգեյ Ավերինցեւը (1937 – 2004) ռուս բանասեր է, պատմաբան, բանաստեղծ եւ թարգմանիչ, ռուս ուղղափառ եկեղեցու դպիր: Տարբեր դարաշրջանների աստվածաբանական, փիլիսոփայական, գրական ժառանգության հետազոտող է: Նրա՝ «Բացատրվելու փորձեր: Զրույցներ մշակույթի մասին» գիրքն ընդգրկում է գիտնականի հարցազրույցներն ու հրապարակախոսական հոդվածները:

Պատրաստեց եւ թարգմանեց Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Մտավորականություն չկա, համենայնդեպս ներկայիս Հայաստանում։

  2. Հ.Շ. says:

    «Չվախենալով լինել ծեծված  ու ծիծաղելի», մի բան է: Դրանից, սկսիլ արդէն… հաճոյք ստանալը, մտային հրճուանք, ուրիշ բան:

    Խօսքս Խմբագրին մասին չէ, անշուշտ… Ամէն մարդ կրնայ ջանալ միմիայն ինքզինք հասկանալ…

    Երգիծանքը, այո, միակ փրկութիւնն է: Այս կեանքին ու աշխարհին մէջ բան չկայ, ոչ մի բան, որ, որոշ տեսանկիւնէ մը՝ չլինի ծիծաղելի… Անշուշտ կան տարբեր բնոյթի ծիծաղներ…

    Յոռեգոյն պարագային, կը ծիծաղիս՝ քանզի տուեալ իրականութիւնը բացարձակապէս անհեթեթ է:

    Այդ առումով, կրնաս մինչեւ իսկ ծիծաղիլ, իսկապէս ծիծաղիլ, սիրելիի մը թաղումի ընթացքին:

    20 տարեկանին թոքախտէ մեռած Պետրոս Դուրեանի «Տրտունջք»ին եզրափակիչ խօսքերով՝ «Աստծուծոյ ծաղրն է Աշխարհն ալ արդէն»…

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Լավատես says:

    Ժամանակին ձեռք չմեկնեցինք մեր հարեւան վրաց ժողովրդին, ոչ էլ իրենք մեզ, հիմա էլ նրանց կպարտադրեն նույն պետականաքանդ սցենարն, ինչ մեզ՝ անարդարության ու միջակության իշխանություն՝ ստեղծագործ արարիչ ժողովրդի գլխին: Խորհրդային կայսրությունը իր ստեղծման տարիներից հասկացավ իր ժողովրդի պարտադիր միջնակարգ կրթության անհրաժեշտությունը եւ անցկացրեց համատարած լիկբեզ, բայց քաղաքացիական կրթություն չտվեց՝ ավտորիտար համակարգին ազատ քաղաքացիներ պետք չէին, եւ երբ կայսրությունը փլուզվեց, ծլեցին անգրագետ քաղաքացիներից անգրագետ պետություններ, որոնք էլ իբր ազատության համար փլուզեցին իրենց կայսրությունը, որը հազար գլուխ բարձր էր որպես պետություն նորաստեղծ անմակարդակ պետություններից: Մենք անցած երեսուն տարիների ընթացքում այդպես էլ չդաստիարակեցինք ազատ անվախ քաղաքացի եւ այդյունքում մենք էլ, վրացիներն էլ ունենք բոբոյից վախեցած քաղաքացիներ: Արդարության եւ օրենքի պահպանության եւ պաշտպանության համատարած պարտադիր միջնակարգ կրթություն պետք է մտցնել մեր ժողովուրդների մեջ, սա է լուծումը, բոբոյից վախեցող վախկոտ քաղաքացին շատ հեշտությամբ քաղաքական դասալիք կարող է դառնալ: Արդարություն եւ օրենք՝ սկսած ընտանիքից, մանկապարտեզից, դպրոցից, համալսարանից, փողոցից, բանակից, ինքդ քեզ հետ, եւ երբ մենք դառնանք արդարության եւ ազգային եւ համազգային օրենքի ազգ բանակ, մեր արդարության եւ օրենքի բանակը կհամալրվեն եւ մյուս ազգերով եւ մենք բոլորս միասին կազատվենք բոբոների հանդեպ վախերից: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031