Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերանայել ԲԴԽ ոչ դատավոր անդամների ընտրության պրակտիկան՝ բացառելով գործադիր կամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ընտրությունը խորհրդում

Հոկտեմբեր 26,2024 12:30

2020 թվականին արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է 13 միջնորդություն, Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից՝ 5 միջնորդություն։ 2021 թվականին պատկերը եղել է համանման. հարուցված վարույթների թիվը աճել է, որտեղ կրկին մեծամասնություն է կազմել արդարադատության նախարարության կողմից ներկայացվող միջնորդությունների թիվը, այն է՝ 18, Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունների թիվը եղել է 6, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունների թիվը՝ 4։ 2022 թվականի արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է վարույթ հարուցելու 18 միջնորդություն, Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից՝ 5 եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից՝ 1 միջնորդություն։ 2023 թվականի ընթացքում Էթիկայի եւ կարգապահական հարցերով Հանձնաժողովը ստացել է դատավորների կողմից ենթադրյալ կարգապահական խախտումներ թույլ տալու վերաբերյալ շուրջ 288 հաղորդում։ Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել է 13 վարույթ, որից 3-ը հարուցվել է 2022 թվականի ընթացքում ստացված հաղորդումների, իսկ 1-ը՝ կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակման հիման վրա։ Հարուցված 2 կարգապահական վարույթի շրջանակներում որոշվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին։

Այս մասին տեղեկանում ենք «Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպության երեկ ներկայացրած «Դատական իշխանության անկախության հիմնահարցերը Հայաստանում» զեկույցից:

Ըստ զեկույցի, 2019 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին որոշումը։ Ռազմավարության եւ դրանից բխող գործողությունների ծրագրերի վերջնանպատակն էր դատարանների եւ արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումն անկախության եւ հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար։ Ըստ ռազմավարության՝ դատական համակարգը պետք է լիարժեք անկախանա, որպեսզի կարողանա հավասարակշռող ուժ դառնալ իշխանության մյուս ճյուղերի հետ հարաբերություններում։

Զեկույցում ներկայացվել էին նաեւ առաջարկություններ, որոնք վերաբերում էին Բարձրագույն դատական խորհրդի կազմին ու ձեւավորմանը, դատավորների ընտրությանն ու նշանակմանը, դատավորների կարգապահական պատասխանատվությանը: Առաջարկվում էր, մասնավորապես, ապահովել Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների թեկնածուների առաջադրման եւ ընտրության մրցակցային, թափանցիկ եւ արժանիքահեն գործընթացը, վերանայել ԲԴԽ ոչ դատավոր անդամների ընտրության պրակտիկան՝ բացառելով գործադիր կամ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական հակում ունեցող թեկնածուների ընտրությունը Խորհրդում…

Առաջարկվում է «Վերացնել Բարձրագույն դատական Խորհրդի կողմից բացասական բարեվարքության գնահատական ունեցող դատավորների թեկնածուների նշանակումն ու առաջխաղացումը դատական համակարգում», նաեւ հրապարակային դարձնել, օրենսդրությամբ նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կայացվող բարեվարքության գնահատման եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակումը: Որպես նշանակման բացասական օրինակ, բերվել էր հետեւյալը. «Դեռեւս 2022 թվականին հանրության եւ հատկապես քաղաքացիական հասարակության շրջանակներում լայն քննարկման եւ մտահոգությունների պատճառ դարձավ դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրվելու, իսկ հետո նաեւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ նշանակվելու հարցը։ Մտահոգությունները կապված են եղել այն հանգամանքի հետ, որ վերջինիս բարեվարքության եզրակացությունը եղել է բացասական եւ դատավորը երկար տարիներ աչքի է ընկել քաղաքական հնչեղ գործերով ներգրավվածությամբ։ Եվ չնայած բացասական եզրակացության առկայությանը՝ վերջինս նշանակվել է դատարանի նախագահի պաշտոնում, ինչը բացասաբար է անդրադառնում դատական համակարգի նկատմամբ վստահության վրա եւ օբյեկտիվ կասկածներ բարձրացնում դատարանի անկախ եւ անաչառ գործունեության նկատմամբ»:

Առաջարկվում էր վերացնել կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից դատավորների նկատմամբ «պատժիչ» նպատակով կամ ընտրողաբար վարույթ հարուցելու պրակտիկան, ոչ դատավոր անդամների համար նախատեսել «քաղաքական չեզոքության պարտադիր պահանջ»։

2023 թվականին տեղի ունեցած կարգապահական պատասխանատվության գործերով արձանագրվել են դատավորների լիազորությունների դադարեցման մի շարք դեպքեր, որոնց պարագայում Խորհրդի կողմից որոշված պատասխանատվության միջոցը եւ մասնավորապես դրա համաչափությունը, ըստ զեկույցի, խնդրահարույց է. «Գործերից մեկով վարույթի հարուցման հիմք է հանդիսացել այն, որ դատավորը հրապարակային կարծիք է հայտնել Բարձրագույն դատական խորհրդում քննվող գործի վերաբերյալ»:

Գործերից մեկով ներկայացված Սահմանադրական բողոքի հիման վրա արդեն իսկ Սահմանադրական դատարանի կողմից կայացվել է որոշում՝ արձանագրելով մի շարք կարեւոր խախտումներ։ Մասնավորապես, դատավորը դիմել է Սահմանադրական դատարան՝ բարձրացնելով գործի քննության ընթացքի՝ հրապարակայնության եւ իր լսված իրավունքի ապահովման հետ կապված խնդիրներ։ Խոսքը ՍԴ-ում հաղթած Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի մասին էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
25.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031