Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովուրդն ավելի վճռական էր տրամադրված, քան հարթակում կանգնած գործիչները». ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենում

Հոկտեմբեր 26,2024 13:00

«Համաձայն չեմ Միքայել սրբազանի հետ։ Եթե շարժումը լիներ առանց ընդմիջումների ու վճռական, ապա ոչ մի ուժ ի վիճակի չէր լինի այն ձախողել։ Այնպես որ, պետք չէ մեղավորներ փնտրել». «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը։

– Կիրանցից վեց ամիս առաջ մեկնարկած հերթական ընդդիմադիր շարժումը, Ձեր բնութագրմամբ, ի՞նչ փուլում է. իշխանության ներկայացուցիչները հեգնում են, «հոգեհանգստյան կարգ» են կարդում, շարժման անդամները զգուշացնում են` պասիվությունը ժամանակավոր է։

– Անկեղծ ասած, ես համոզված էի, որ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման նպատակը Տավուշի մարզում վարչապետ կոչեցյալի կողմից տարածքային միակողմանի զիջումներին դիմադրելն ու թույլ չտալն է։ Եվ երբ, փաստորեն, առանց լուրջ դիմադրության, հերթական անգամ, դավադրաբար թշնամուն հանձնվեցին մեր հայրենիքի տարածքները, իմ առաջին հիասթափությունն էր շարժումից։ Ի դեպ, Բագրատ սրբազանը հայտարարում է, որ շարժման նպատակը իշխանափոխությունն է։ Եթե շարժումը վճռականություն ցուցաբերեր եւ թույլ չտար Տավուշում հայրենի հողերի հանձնումը, համարեք, որ իշխանափոխությունն արդեն օրերի հարց կդառնար։ Ընդդիմության առաջին հաջողությունից ոգեւորված, ոչ միայն  տասնյակ հազարավոր քաղաքացիներ կմիանային շարժմանը, այլեւ հենց իշխանության շարքերը ճաքեր կտային։ Իսկ որ իշխանության ներկայացուցիչներն այժմ հեգնում են, պատկերացնում եմ, թե շարժման պիկի ժամանակ, նրանցից յուրաքանչյուրը սարսափած  ի՞նչ արդարացումներ էր փնտրում չքմեղանալու համար, որ աջակցել է վարչապետ կոչեցյալին։

Հուսանք սխալվում եմ, սպասումով, որ շարժումը նոր թափ կհավաքի, ինչպես պնդում են շարժման անդամները։

– Բագրատ սրբազանն օրերս, խորհրդարանի ամբիոնից ՔՊ-ականներին դարձի գալու հերթական կոչն արեց, ասաց` այս հնարավորությունը կարող է վերջինը լինել։ Բայց այդ կոչն էլ անարձագանք մնաց։

– Զուր ջանքեր ու կոչեր։ Քպ-ականները բացարձակապես զուրկ են տարրական արժանապատվության զգացումից։ Ինձ ուղղակի ապշեցնում է, թե ինչպե՞ս է վարչապետ կոչեցյալը գտել այդքան անսկզբունքային, սեփական ես-ից զուրկ, անհայրենիք, ստրկամիտ եւ միայն փողը պաշտող քպ-ականների։ Եթե Բագրատ սրբազանին հաջողվեր իրականացնել իշխանափոխություն, պատկերացնում եմ, թե ինչպես նույն քպ-ականները կքծնեին նրան։

– Ընդհանուր առմամբ, այս շարժումը ի՞նչ խնդիր լուծեց։

– Մեծ ցավով եմ ասում, որ շարժումը հերթական հիասթափություն պատճառեց հասարակությանը։ Հատուկ շեշտեմ, որ շատ ուրախ կլինեմ սխալվելու համար, քանի որ ինքս եմ ոգեւորված եղել  եւ անհամբեր սպասել շարժման հաջողությանը։

– Ո՞րն էր շարժման անհաջողության պատճառը։

– 2021 թվականից սկսած՝ մասնակից եւ ականատես ենք եղել տարբեր շարժումների, որոնք բոլորն էլ, ցավոք սրտի, անհաջողության են մատնվել։ Այս հարցի հետ կապված, ես ունեմ իմ տեսակետը։ Նախ, իմ տպավորությամբ, եւ 2021 թվականի «Հայրենիքի փրկության», եւ 2022 թվականի «Դիմադրության», ինչպես նաեւ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման ժամանակ, հրապարակներում հավաքված ժողովուրդն ավելի վճռական էր տրամադրված, քան հարթակում կանգնած գործիչները։ Իշխանափոխություն կարող էր լինել երեք տարբեր պարագաներում։ Առաջին. հաջողության, այն է՝ իր իշխանությանը  կարող էր հասնել մեկը, որի համար նպատակն արդարացնում է միջոցները։ Եվ եթե այդ մարդու նպատակը իշխանության հասնելն էր ամեն, թեկուզ դիակների եւ այլ կորուստների  գնով, ապա ես հավատացած եմ, որ իշխանափոխություն հաստատ կլիներ։ Այդպիսի երեւույթի մենք 2018 թվականին ականատես ենք եղել։ Բարեբախտաբար, նման գործիչ այլեւս ի հայտ չեկավ։ Երկրորդ դեպքում, կարծում եմ, որ հաջողության հասնելու համար, պետք է լիներ առաջնորդ, ում համար հայրենիքը վեր է ամեն ինչից, ընդհուպ՝ իր հարազատներից։ Նման նվիրյալ, անձնազոհ առաջնորդ ունենալու դեպքում հաջողությունն ապահովված կլիներ։ Նման գործիչ մենք ունեցել ենք եւ նրա անունն է Արամ Մանուկյան։ Եվ միայն Արամ Մանուկյանի շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, որի շարունակությունն են, ինչպես Հայկական ԽՍՀ-ն, այնպես էլ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։  Ցավոք, մենք չունեցանք 21-րդ դարի Արամ Մանուկյան։ Եվ վերջապես երրորդ դեպքում, իշխանափոխությունը կայացած  կլիներ, եթե բոլոր ընդդիմադիր ուժերը մի կողմ դնեին անձնական եւ կուսակցական հավակնությունները, միմյանց վստահելով համախմբվեին, կազմավորելով շարժումը ղեկավարող կոլեգիալ մարմին եւ ղեկավարեին շարժումը։ Շարժման ղեկավարությունը պետք է օր ու գիշեր աշխատեր տարբեր խավերի, հատկապես՝ ուսանողության հետ, մտածեր եւ իրագործեր նոր գաղափարներ եւ լիներ վճռական իր գործողություններում։ Եվս մեկ անգամ ցավով արձանագրենք, որ տարբեր ձեւաչափերով հանդես եկող ընդդիմությունն այդպես էլ չմիավորվեց։ Ահա, այսպիսի ժամանակների համար է Չարենցն ասել. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Եվ, այո՛, այս անգամ պետք էր համախմբվել ներքին թշնամու, 5-րդ շարասյան դեմ։

Արձանագրենք նաեւ, որ բոլոր ընդդիմադիր գործիչները գործում էին հայկական ավանդական մեթոդներով՝ ակտիվանալ աշնանը եւ գարնանը, ամռանը մեկնել հանգստի, ձմռանը սպասել օրերի տաքանալուն, կարծես մոռանալով Արցախի շրջափակումը, հետագայում՝ կորուստը, ինչպես նաեւ Բաքվի բանտերում տառապող մեր գերի-պատանդներին։

Ինչեւէ, տեսնենք վերջապես համախմբում կլինի՞, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա Հայաստանի, լեզուս չի պտտվում… ճակատագրի համար պատասխանատու կլինի ոչ միայն դավադիր իշխանությունը, այլեւ անխտիր բոլոր  քաղաքական ուժերը, նաեւ ողջ ժողովուրդը։

– Շարժման ձախողման հարցում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյա՞նն էին մեղավոր, ինչպես կարծում է Միքայել սրբազան Աջապահյանը։

– Համաձայն չեմ Միքայել սրբազանի հետ։ Եթե շարժումը լիներ առանց ընդմիջումների ու վճռական, ապա ոչ մի ուժ ի վիճակի չէր լինի այն ձախողել։ Այնպես որ, պետք չէ մեղավորներ փնտրել։

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ,
25.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031