Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում և բարձր է գնահատում  Եվրոպական խորհրդարանի բանաձևը

Հոկտեմբեր 25,2024 23:30

Ինչպես հայտնի է Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի խախտումների եւ Հայաստանի հետ հարաբերությունների»՝  453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ ձայներով։ Բանաձևը մի շարք թիրախային և օրակարգային կետեր է պարունակում, որոնք անհապաղ իրագործման կարիք ունեն։

Նախ և առաջ բանաձևը արձանագրում է Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների ապահովման անբավարար մակարդակը, խոսքի ազատության խիստ սահմանափակումները, որոնք ենթադրում են հետապնդումներ և բռնություններ։ Եվրոպական խորհրդարանը համակարծիք է, որ այդ ճնշումները COP 29-ին ընդառաջ մեծ ծավալներ են ընդունել և որ այդ երևույթն անհամատեղելի է COP 29-ի տրամաբանությանը, ուստի խորհրդարանականները կոչ են արել ԵՄ առաջնորդներին և՛ ուշադրություն դարձնել այս միջոցառման անցկացման վայրի ընտրության տրամաբանվածությանը, և՛ օգտագործել այս միջոցառման ընձեռած հնարավորությունը՝ բարձրաձայնելու Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար դրության խնդիրը։ Ադրբեջանի հակահումանիստական քայլերը ստիպում են Եվրոպական խորհրդարանին բարձրաձայնել 2022 թ․ էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագրի դադարեցման և ադրբեջանական գազից կախվածության վերացման մասին։

Սակայն էլ ավելի կարևոր և առանցքային է ԵԽ-ի պահանջը «ադրբեջանական զորքը Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից դուրս բերելու մասին»։ «ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշում է բանաձևը։

Այս պարագայում ԵԽ-ն պետք է անհապաղ պատժամիջոցներ ինչպես Ադրբեջանի բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ անհատապես, այնպես էլ ամբողջ պետական և հասարակական ինստիտուտների, որոնք ոտքից գլուխ թաթախված են ռասիզմի և հակահայկականության ախտի մեջ։

Այս առումով կարևոր է նաև բանաձևի կոչը ԵՄ-ին՝ դադարեցնել ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցություն Ադրբեջանին, որը կարող է նպաստել նրա ռազմական կամ անվտանգության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ կոչը անում անդամ պետություններին՝ սառեցնել ռազմական և անվտանգության սարքավորումների բոլոր արտահանումներն Ադրբեջան։ Սա վկայում է այն մասին, որ եվրախորհրդարանականները խորապես ընկալում են Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ և առհասարակ տարածաշրջանում ունեցած ապակառուցողական և ծավալապաշտական նկրտումները։

Եվրախորհրդարանականներն Ադրբեջանին կոչ են անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ, անարգել ու արագ վերադարձի վերաբերյալ որոշումը, ինչպես նաև  զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության հետագա ոչնչացումից կամ փոփոխությունից, ուստի ԵԽ պատգամավորները պնդում են, որ Ադրբեջանը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանն անհրաժեշտ մուտք տրամադրի Լեռնային Ղարաբաղ։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ բանաձևում դատապարտվել է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչների ​​կամ Ադրբեջանի կառավարության եւ խորհրդարանի անդամների հրապարակային վիրավորանքներն ու ուղղակի սպառնալիքները ուղղված ԵՄ անդամ երկրների ընտրված պաշտոնյաներին։ Եվ որպես խնդրի ժամանակավոր լուծում պահանջվել է որ Ադրբեջանի պաշտոնյաների մուտքը ԵՄ կառույցների շենքեր արգելվի մինչև հետագա ծանուցում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում և բարձր է գնահատում  Եվրոպական խորհրդարանի բանաձևը։

Մենք լիահույս ենք, որ նման բովանդակության բանաձևերը և որոշումները կիրացվեն գործնականում և կնպաստեն մարդու իրավունքների ապահովման խնդրին։ Սակայն հարկ ենք համարում հիշեցնել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, որ միայն այսօր և վերջին տարիներին չէ, որ Ադրբեջանը՝ իր բարձրաստիճան ղեկավարությամբ, դիվանագիտական կորպուսով և առհասարակ ողջ պետական ապարատով և հասարակական շրջանակներով հանդերձ ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքները՝ ցուցաբերելով ռասիզմի սիստեմատիկ և պլանավորված քաղաքականություն։

Ասվածի պարզ վկայությունն է անցյալ դարի ընթացքում հայության հանդեպ ադրբեջանական տարբեր վարչակարգերի վարած ցեղասպանության, էթնիկ զտումների, էթնոցիդի քաղաքականությունը՝ հարդյունս որի այժմ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքն ամբողջությամբ հայաթափված է, իսկ հայկական հնագույն ազգային մշակութային միջավայրը՝ պղծված, ոչնչացված կամ այլախեղված։ Մենք կոչ ենք անում Եվրոպական խորհրդարանին հետամուտ լինել ընդունված բանաձևի գործնական կիրառության ապահովմանը և դրանով իսկ նպաստել Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության ոտնահարված իրավունքների անհապաղ և երաշխավորված վերականգնմանը։

 

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031