«Կազմակերպեցին ՍԴ-ում, ԱԺ-ով, և այս մարդն էլ, որ կոչվում է նախագահ, դեռ գիշերը չլուսացրած՝ առավոտյան ստորագրեց։ Չլուսացած, շունչը բերանում ստորագրել է․ երևի թե հրահանգը եղել է Ալիևի կողմից, որ գնացեք, շուտ արեք, հարցերը փակեք, որովհետև մամուլի հայտարարություն կար, որ Ալիևն էլ է ստորագրել»,-ՀՀ նախագահի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա նշեց՝ մեր երկրում այս՝ այսպես կոչված աշխատանքային կանոնակարգն անցնում է բոլոր ներպետական ընթացակարգերով՝ ընդհուպ ՍԴ-ով, ԱԺ-ով, նախագահով, իսկ Ադրբեջանում ստորագրում է միայն նախագահը․ «Սա նշանակում է, որ սա միջազգային պայմանագիր չէ։ Բայց մերոնք ասում են՝ մեր ընթացակարգերը խոսում են միջազգային կարգավիճակի մասին, բայց հակառակ կողմը դրա մասին չի խոսում։ Ակնհայտ է, որ գործընթացը ծայրից ծայր ստախոսություն է»։
Իրենց շարժման վերաբերյալ քննադատություններին ի պատասխան, թե շարժման գործողություններն ուշացած են, Բագրատ սրբազանն ասաց․ «Մեր գործողությունները ճիշտ ժամանակին են, ճիշտ ժամանակին արձանագրումներ են, որոնք մեծ մասամբ նաև իրազեկման կարիք ունեն։ Ով հուզված է այդ թեմայով, թող ինքը գործողություններ անի ավելի շուտ։ Ովքեր հուզված ու տագնապած են, գործողություններ թող անեն իրենց կարողություններով։ Մենք անում ենք այն, ինչ ծրագրել ենք»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ շարժման՝ այս փուլում պասիվության պատճառն արդյոք ա՞յն է, որ սպասում են աշխարհաքաղաքական զարգացումներին, որ կողմնորոշվեն, Բագրատ սրբազանը պատասխանեց․ «Եթե մենք կողմնորոշվելու հարց դրած լինեինք, վաղուց խնդիրները լուծած կլինեինք։ Շարժումն ինչ փուլի մեջ, որ մտել է, ճիշտ ընթացքով առաջ է գնում»։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը, ցույցի ավարտին դիմելով քաղաքացիներին, առաջարկեց անցնել դիմացի այգին և առանց «միտինգային տրամադրության», առանց տեսախցիկների զրուցել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սրբազան պայքարի