Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է Ջաջուռում Մինաս Ավետիսյանի հայրական տունն արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի վերածման նախագիծը

Հոկտեմբեր 25,2024 17:50

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի ՖերլիեԲուային և Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն:

Հանդիպմանը քննարկվել են անվանի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղում գտնվող հայրական տունն արվեստագետների կեցավայրի և ցուցահանդեսային տարածքի վերածման նախագծին առնչվող հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Մինաս Ավետիսյանի տան վերակառուցման ծրագիրը ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է: Նախարարի տեղակալն այն կարևորել է նաև Շիրակի մարզում մշակութային կյանքի ակտիվացման և զբոսաշրջության զարգացման համատեքստում:

Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանը ներկայացրել է ծրագրի զարգացման ընթացքը: Հայաստան կատարած այցի շրջանակում Ֆրանսիայի թանգարանային ոլորտի ներկայացուցիչները երկու օր անցկացրել են Գյումրիում և Ջաջուռում, հանդիպել են նաև Մինաս Ավետիսյանի որդիների հետ՝ քննարկելու ծրագրի կենսունակությունը և  իրագործման տեսլականը։

Ալֆրեդ Քոչարյանը, անդրադառնալով մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներկայացրել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամի գործունեությունը` ընդգծելով, որ նորաստեղծ կառույցը մշակութային ծրագրերի իրագործման կազմակերպական աշխատանքներ է իրականացնում:

Նրա տեղեկացմամբ՝ հիմնադրամի նպատակներից է նաև օժանդակել մշակույթի կառավարման արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, աջակցել պետական մշակութային կազմակերպությունների ֆինանսական ինքնավարության խթանմանը, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը:

Ջաջուռում Մինաս Ավետիսյանի նոր ցուցասրահի ստեղծման նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամից և Հայաստանի ազգային պատկերասրահից ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031