Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոնյանը սխալ է, Մինասյանը՝ ճիշտ. վարչատարածքային բաժանման մասին օրենքով ԼՂ-ն Ադրբեջանի մաս չի ճանաչվել. Փաստերի ստուգման հարթակ

Հոկտեմբեր 25,2024 17:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Fip. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի հոկտեմբերի 22-ի նիստում պնդել է, թե  2010 թվականին ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նախկին իշխանություններն Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում։

Պատասխանելով «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ Սիմոնյանն ասել է․ «Երբ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենք էիք քննարկում և ընդունում՝ անձամբ Ձեր կուսակցությունը (նկատի ունի՝ ՀՅԴ-ն), և նշում էիք, որ դա Ադրբեջան ա, բա ի՞նչ էիք անում»։ 

Սիմոնյանին արձագանքել է նույն խմբակցության մեկ այլ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ նա կեղծիք է տարածում՝ պնդելով, թե նրա կուսակցությունը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, «այն էլ ոչ ավել, ոչ պակաս «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին հղում կատարելով»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է Սիմոնյանի ու ՔՊ-ական պաշտոնյաների այդ պնդմանը՝ ցույց տալով, որ այն կեղծ է ու չի համապատասխանում իրականությանը։

Կեղծ պնդումն առաջինը շրջանառել է վարչապետը

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վերաբերյալ քննարկումները սկսվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական տարբեր բնակավայրերից ու ճանապարհներից որոշակի հատվածներ ադրբեջանական վերահսկողությանը հանձնելն արդարացնելու նպատակով, օրենքից արել էր ՀՀ պետական սահմանի որոշ հատվածներ նկարագրող մեջբերումներ։

Երբ է ընդունվել օրենքը և ինչի մասին է այն

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է 1995 թ. նոյեմբերի 7-ին, ուժի մեջ մտել՝ նույն տարվա դեկտեմբերի 15-ին․ օրենքը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել։

Սակայն Ադրբեջան բառն առաջին անգամ կիրառվել է 2009 թվականի հոկտեմբերին։ Օրենքում այդ թվականի փոփոխություններով նկարագրվել էին նաև Վայոց Ձորի համայնքների սահմանները։ Օրինակ՝ Ջերմուկ քաղաքի սահմանները նկարագրելով՝ օրենքում նշվում էր, որ քաղաքը հյուսիս-արևելքով սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը, մինչդեռ այդ հատվածում Արցախի Քարվաճառի շրջանն էր փաստացի։

Չնայած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կոորդինատներ կան նշված, օրինակ՝ գրված է․ «Ջերմուկ քաղաքային, Գնդեվազ գյուղական համայնքների և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 983 մ», այսինքն՝ օրենքը գրվել է ինչ-որ քարտեզի հիման վրա, արձանագրվել են կոորդինատները, այնուամենայնիվ, նման քարտեզ բաց տվյալների բազայում գոյություն չունի։

Սակայն հատկանշական է, որ օրենքում հստակ կոորդինատներով չի նշվում, թե որտեղ է տվյալ բնակավայրը ավարտվում և սկսվում Ադրբեջանի սահմանը, այլ պարզապես նշվում է, որ սահմանը համընկնում է Ադրբեջանի հետ ունեցած պետական սահմանի հետ։

Երբ Փաշինյանը և նրա թիմակիցները նշում են 2010 թվականի մասին, նրանք փաստացի նկատի ունեն այդ տարի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում ընդունված նոր փոփոխությունը, որով սահմանվել էին նաև Սյունիքի մարզի համայնքների սահմանները։ Հենց այդ փոփոխություններով, օրինակ, նշվում էին Շուռնուխ գյուղի վարչական սահմանները՝ մասնավորապես, որ համայնքը «Ա» և «Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին՝ Ադրբեջանի Հանրապետությանը (փաստացի այդ հատվածում Արցախի Քաշաթաղի շրջանն էր)։ Սակայն այս դեպքում էլ հստակ կոորդինատներով չի նշվում, թե որտեղ է տվյալ բնակավայրը ավարտվում և սկսվում Ադրբեջանի սահմանը։

Ներքին օրենքով արտաքին սահմաններ չեն որոշվում 

Fip.am-ը նախկինում թեմայի վերաբերյալ խոսել է մասնագետների հետ՝ պարզելու, թե արդյո՞ք օրենքով հնարավոր է որոշել արտաքին սահմանները։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լևոն Գևորգյանը  պնդել էր, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պետության ներքին բաժանումների վերաբերյալ է, այն տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է կարգավորում, այլ ոչ թե այլ պետությունների հետ սահմանները հստակեցնում։

Այսպիսով, Սիմոնյանը հերթական անգամ կեղծ պնդում է անում՝ նշելով, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով 2010 թվականին ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

Նանե Մանասյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031