Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն արդեն Գյումրու քաղաքապետի իր թեկնածուն ունի

Հոկտեմբեր 25,2024 17:16

Ինչպես հայտնի է՝ Գյումրին միանձնյա կառավարող «Բալասանյան դաշինքը» նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի անդամների ու մերձավորների կալանավորումների ֆոնին շուտով հրաժարվելու է Գյումրու իշխանությունից:

Նկատենք, որ ոչ միայն այս դաշինքի ավագանու անդամներն են պատրաստվում վայր դնել մանդատները, այլ քաղաքապետարանի բաժնի պետերն են հեռանալու։

Գյումրիում  հնարավոր է արտահերթ ընտրություններ լինեն։ Թե ի՞նչ է տեղի ունենալու Գյումրիում «Բալասանյան դաշինքի» մանդատները վայր դնելու դեպքում, երեկ անդրադարձ էր կատարել  Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը։ 

Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 142.3-ի՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու նախ ավագանու կողմից, սակայն երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չընտրվելու դեպքում կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները (ՀՀ ՏԻՄ օրենք, հոդված 69)։ ԿԸՀ-ն նշանակում է արտահերթ ընտրություններ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 128):

Մինչ նոր ավագանու ձևավորումը գործող ավագանին շարունակելու է իր գործունեությունը։

ՔՊ-ն արդեն ընտրությունների է պատրաստվում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ էլ  քննարկել ու հստակեցրել են ՔՊ-ի թեկնածուի անունը։

Արտահերթ ընտրությունների դեպքում ՔՊ-ի թեկնածուն կլինի Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպության ղեկավար Կարեն Սարուխանյանը։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց Կարեն Սարուխանյանի հետ։

Նա ասաց՝ քանի որ այս պահին որևէ գործընթաց չկա, թեկնածուի ով լինելու մասին վաղ է խոսելը։

«Ժամանակից առաջ պետք չէ ընկնել, սխալ է»,-ասաց պատգամավորը՝ միաժամանակ հաստատելով այն տեղեկությունը, որ ՔՊ վարչության նիստ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել։

Իր՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու լինելու մասին էլ պատգամավորն ասաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դիտարկում  են, որ  տարածքային կազմակերպության ղեկավարները՝ որպես տվյալ տարածքում քաղաքական  թիմի լիդերներ, քաղաքական գործընթացների ժամանակ առաջնորդելու են քաղաքական թիմը։

Գյումրիում  այս ամբողջ պատմությունն ամենայն հավանականությամբ կավարտվի  արտահերթ ընտրություններով, որոնք, ըստ որոշ հաշվարկների, տեղի կունենան հունվարին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031