Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Կտեսնեք, որ առաջիկայում ինչ-որ պահի հիմնական զոհ կդառնա Մհեր Գրիգորյանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա ինքն իրեն մաքրել»

Հոկտեմբեր 25,2024 17:04

Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում խոսեց Հայաստանի հետ առնչվող արտաքին եւ ներքին զարգացումների մասին:

Արտաքին զարգացումների առումով նա ողջունեց Կազանում հրավիրված ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որը հիմք է դնում բազմաբեւեռ աշխարհի ձեւավորմանը, ինչն էլ իր հերթին կհավասարակշռի աշխարհաքաղաքական զարգացումները: Այնուհետեւ Ռուբեն Հակոբյանը համառոտ անդրադարձ կատարեց ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ցավ հայտնելով, որ միմյանց դեմ ելել են սլավոնական երկու երկրներ: Սակայն բանախոսը վստահություն հայտնեց, որ այս հակամարտությունում, որքան էլ որ Արեւմուտքը օգնում է Ուկրաինային, Ռուսաստանը չի պարտվի: Խոսելով իսրայելա-պաղեստինյան պատերազմի մասին՝ պարոն Հակոբյանը մատնացույց արեց տարածաշրջանի այն երկրները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են այդ պատերազմին եւ նշեց, որ այն ընդլայնվելու եւ տարածաշրջանի այլ երկրներ ներառելու վտանգ ունի, ինչը սպառնալիք է նաեւ Հայաստանին:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Ռուբեն Հակոբյանն անցնող շաբաթը բնութագրեց որպես բարձրաստիճան պաշտոնյաների դավաճանությունների շարունակության շքերթ: Խոսքը ԱԺ լիագումար նիստում չարաբաստիկ «կանոնակարգը» հաստատելու մասին էր: «Ինչ որ ասում եմ, պատասխանատու եմ խոսքիս համար: Այստեղ խոսքն այն մասին է, որ վաղը տարածքներ հանձնելու են. Տիգրանաշեն, չորս համայնքներ, էլի ինչ-որ տարածքներ, որոնց լեգիտիմությունը ապահովելու է այս կանոնակարգը: Կրկնում եմ. հիմնական նպատակն է՝ ստեղծել լեգիտիմություն մեր տարածքները թշնամուն հանձնելու համար: Եվ որ Նիկոլ Փաշինյանը ծափահարում է, թե մեր խորհրդարանը դարակազմիկ որոշում է ընդունել, ինքը ժողովրդի էմոցիան գողանալու չեմպիոն է եւ ուզում էր բոլորին հանցակից դարձնել: Տեսեք, քվեարկությանը մասնակցել է 67 հոգի, որոնցից երկուսը Հայաստանից դուրս էին, բայց իրենց համաձայնությունը տվել էին: Այսինքն, 67-ն էլ կողմ են քվեարկել: Ես իմ պառլամենտական փորձառությամբ չեմ հիշում, որ այդպիսի հակասական, մտահոգիչ օրինագիծ լինի ու քաղաքական ամբողջ իշխանությունը կողմ քվեարկի դրան: Կտեսնեք, որ առաջիկայում ինչ-որ պահի հիմնական զոհ կդառնա Մհեր Գրիգորյանը, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա ինքն իրեն մաքրել»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նրա գնահատմամբ դավաճանական երկրորդ քայլը, որ եղավ անցած շաբաթ, եւ որը չի զիջում առաջինին, Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցի ժամանակ օգտագործված ձեւակերպումն է: «Եթե պարզ բացատրենք, դա նշանակում է, որ Արցախում ցեղասպանությունը, Արցախի էթնիկ զտումը միջազգային նորմերի սահմաններում տեղավորվում է: Ես չեմ կարծում, թե Ալեն Սիմոնյանը ծրագիր ունի՝ կործանել Հայաստանը: Գոնե միայն նրա համար, որպեսզի Հայաստանը, հայրենիք չէ, աշխարհագրական մի տարածք, լինի եւ նրանց ընտանեկան կապալը կարողանա ասֆալտների տենդերը շահել: Հարցն այն է, որ նա բացարձակ չի տիրապետում, թե իրենից ինչ են ներկայացնում իր վկայակոչած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը»,-ասաց նախկին պատգամավորը:

Անդրադառնալով նաեւ օրերս խորհրդարանական լսումների ժամանակ Ալեն Սիմոնյանի հրահանգով իրեն ԱԺ շենքից դուրս հանելուն՝ Ռուբեն Հակոբյանը դա որակեց որպես այդ հրահանգը տվողի նենգություն, ապա գնահատեց նաեւ որպես սադրանք: «Տեսնում էին, որ տղաս ինձ հետ է: Ուզում էին, որպեսզի ինչ-որ վիճակ ստեղծվի, որ իրենց դրած ծրագիրը իրականացնեն: Ես դա շատ լավ հասկացա եւ ինձ զսպելով՝ զսպեցի նաեւ զարգացումները, ինն իրենք նախատեսել էին»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031