Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և International Animal Rescue (IAR) կազմակերպությունների համատեղ ջանքերով հաջողվել է փրկել և վայրի բնություն վերադարձնել ավտովթարի ենթարկված գորշ արջին:
Երիտասարդ արջը, որը ստացել է Ռիքի անունը՝ ի պատիվ բրիտանացի կատակերգու Ռիքի Ջերվեյսի, երկու շաբաթ անցկացրել է Ուրցաձորի վայրի կենդանիների փրկարարական կենտրոնում (WRC):
Կենդանու ազատ արձակման գործողությանը ներկա է գտնվել բրիտանացի հայտնի դերասան և IAR-ի աջակից Փիթեր Իգանը: Նա առավել հայտնի է «Դաունթոնի աբբայություն» բրիտանական պատմական դրամատիկական հեռուստասերիալում իր ունեցած դերի համար։
FPWC-ի կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի խոսքով՝ «Արջի ստորին շրթունքի վնասվածքը կարվել է դեպքի վայրում: Կոտրվածքներ չեն հայտնաբերվել, միայն թեթև վնասվածք ոտքին: Կենտրոն ընդունվելիս արջը ապակողմնորոշված էր թվում, սակայն արագ վերականգնվեց: Մենք պատվաստեցինք նրան և ստուգեցինք կատաղության ու այլ հիվանդությունների առկայությունը: Երկու շաբաթ անց արջն արդեն լիովին առողջ էր»:
Կարդացեք նաև
Փրկարարական գործողությանը ներկա են գտնվել FPWC և IAR մասնագետները, ներկայացուցիչներ ՇՄՆ-ից և Վայոց ձորի մարզպետարանից։
IAR-ի նախագահ Ալան Նայթը նշել է. «Մեր աշխատանքի մեծ մասը Հայաստանում կապված է վանդակներում տարիներ անցկացրած արջերի փրկության հետ, որոնք այլևս չեն կարող վերադառնալ վայրի բնություն: Դա տխուր է: Ուստի երիտասարդ, առողջ կենդանուն փրկելու և իր բնական միջավայր վերադարձնելու հնարավորությունը մեզ համար իսկապես ոգեշնչող է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի մասին հայտնել էր վարորդը, որից հետո արջը տեղափոխվել էր Ուրցաձորի փրկարարական կենտրոն: Կարանտինային բաժնում արջը դրսևորում էր իսկական վայրի կենդանու վարք․ նա կարծես ուզում էր կոտրել ազատավանդակները ու վերադարձնել իր ազատությունը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը ուրախ է, որ դա մեզ բոլորիս հաջողվեց։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ