Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին, մեզ համար մշակույթը կարեւոր է». Վասիլիս Մարագոս

Հոկտեմբեր 25,2024 15:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ՝ նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։

«Արդեն 3 տարի է, ինչ «Կատապուլտը» գոյություն ունի: Մեր եռամյա աշխատանքի ընթացքում հասկացանք, որ կարիք կա արվեստագետների, ռեսուրսների եւ պետության միջեւ միջնորդ կառույցի: Դրա համար հիմնվում է «Արվեստի ջատագովման միություն» հիմնադրամը (Advocacy Society for the Arts-ASA), որի հիմնական նպատակն է խոսելի եւ լսելի դարձնել արվեստագետի կարիքները, նպաստել ոլորտում երկխոսության կայացմանը»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի հաղորդակցման եւ միջոցառումների պատասխանատու Շողակաթ Մլքե-Գալստյանը ներկայացնելով ԱՍԱ գիտաժողովը՝ իր տարբեր պանելային քննարկումներով ու զեկույցներով:

Շողակաթ Մլքե-Գալստյանն ասաց, որ «Կատապուլտի» ակնկալիքները լիովին իրականացել են, ոլորտն ակտիվացել է, կայացել են կարեւոր երկխոսություններ, եւ այժմ ԱՍԱ-ի հիմնական գաղափարն այն է, որ պահվի այդ ամենի պարբերականությունը»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձանք նաեւ «Հայաստանի Հանրապետության մշակութային եւ ստեղծարար էկոհամակարգը» խորագրով կարիքների գնահատման եւ տնտեսագիտական վերլուծության զեկույցին, որը Հայաստանի մշակույթի եւ ստեղծարար ոլորտների վերաբերյալ «Կատապուլտի» առաջին տարվա համապարփակ հետազոտության արդյունքն է: Հետաքրքրվեցինք՝ զեկույցը թարմացնելու կարիք կա՞: «Ինձ թվում է՝ 2025-ին եւս մեկ հետազոտություն կարվի, բայց քանի որ գործ ունենք համապարփակ մեթոդաբանության հետ, թերեւս մի փոքր ավելի հեշտ կլինի: Մենք ճանապարհ ենք հարթել, որի շնորհիվ շատ խնդիրներ ավելի հեշտ կլուծվեն»,-հավելեց մեր զրուցակիցը:

ՀԲԸՄ- Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը Aravot.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ մշակույթն ու կրթությունը ՀԲԸՄ-ի 4 հիմնասյուներից կարեւորագույն երկուսն են: «Այսօր ավելի պիտի կենտրոնանանք մշակույթի վրա: Երկար տարիներ՝ հատկապես Անկախությունից հետո, ՀԲԸՄ-ն ընդգրկված է եղել Հայաստանի մշակութային կյանքում եւ հսկայական աջակցություն է ցուցաբերել: Մենք մոտիկից ծանոթացել ենք ոլորտին, ոլորտի ներկայացուցիչներին: Պարզվում է՝ Հայաստանն ավելի մեծ ներուժ ունի, քան այն, ինչ տեսանելի է:

Ուստի անհրաժեշտ է այդ ներուժը խթանել, ավելի վեր հանել, եւ ստեղծարար ոլորտը ավելի կարեւոր բաղադրիչ դարձնել Հայաստանի տնտեսության կամ ՀՆԱ-ի մեջ: Մենք 2018-ին արդեն վերլուծություն ենք կատարել, եւ 2021-ին առիթ ենք ունեցել ավելի մեծ կոնցեպտ մշակել եւ ուղարկել ԵՄ-ին: Իրենք ֆինանսավորեցին այդ կոնցեպտը, եւ ստեղծվեց «Կատապուլտը», որը հսկայական աշխատանք է տարել վերհանելու խնդիրները այս ոլորտում եւ առաջարկելու լուծումներ:

Հիմա այս ԱՍԱ համաժողովը այդ լուծումների առաջարկներից մեկն է. ԱՍԱ-ն հարթակ կհանդիսանա, որտեղ ոլորտի վերլուծողները եւ ոլորտի ներկայացուցիչները նույն հարթակում կխոսեն իրենց խնդիրների մասին, արդյունքում՝ ոլորտի ձայնն ավելի հասանելի կդառնա կառավարությանը»,-ասաց Վազգեն Յակուբյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ ստեղծարար արդյունաբերությունը մշակույթի ոլորտում պետական քաղաքականության հիմքում է, իսկ Հայաստան- ԵՄ համատեղ իրականացված մշակութային ծրագրերն ու նախագծերը՝ հաջողված։ Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ ԱՍԱ-ն կդառնա ակտիվ սոցիալական գործընկեր ոչ միայն առկա խնդիրները վեր հանելու, այլեւ իրավական, միջազգային համագործակցության ծավալման առումներով:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը ներկայացնելով Արվեստի ջատագովման համայնքը՝ ընդգծեց, որ ԱՍԱ-ն նպատակ ունի բարձրաձայնելու մշակութային ոլորտի խնդիրները, մեծացնելու արվեստի ֆինանսավորումը եւ իրականացնելու այլ կարեւոր գործառույթներ։

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն էլ ընդգծեց, թե հպարտ է, որ աջակցել են «Կատապուլտին», իսկ այժմ քննարկում են նախագծի շարունակականությունը։ Նրա խոսքով՝ ստեղծվել են հնարավորություններ մարդկանց համար, եւ այդ հնարավորությունները պետք է շարունակական լինեն։ «ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին, մեզ համար մշակույթը կարեւոր է»,-ասաց Վասիլիս Մարագոսը:

Հավելենք, որ ԱՍԱ ֆորումը ֆինանսավորվել է ԵՄ-ի «ArtNexusե շվեդական ծրագրի կողմից, սա առաջին ազգային ֆորումն է, որը նվիրված է արվեստի և մշակույթի տնտեսությանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031