Արմատներով հայ դաշնակահար Ռուբեն Կոզինը օրերս է վերադարձել Սյունիքում կայացած մենահամերգներից, որտեղ գտնվում էր «Հայ երաժիշտները՝ հայկական համայնքներին» նախագծի շրջանակում, որն այս տարի մեկնարկել է Primavera Foundation of Armenia հիմնադրամը:
-Ռուբեն, երկու մենահամերգով հանդես եկաք Սյունիքում: Ձեր առաջին այցելությո՞ւնն էր Սյունիք, ինչպիսի՞ն է հանդիսատեսն այնտեղ:
-Այո, Սյունիքում կայացած համերգները Տավուշի և Սյունիքի հյուրախաղերիս մի մասն էին՝ «Հայ երաժիշտները՝ հայկական համայնքներին» նախագծի շրջանակում: Սյունիքում երկու համերգ ունեցա՝ հոկտեմբերի 18-ին Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում և հոկտեմբերի 19-ին Դավիթ Բեկ գյուղի երաժշտական դպրոցում։ Համերգների մուտքն անվճար էր բոլորի համար:
Կարդացեք նաև
Կապանը հրաշալի դահլիճ ունի՝ արտակարգ ռոյալով և ակուստիկայով: Իմ կարծիքով այն Հայաստանի լավագույն համերգասրահներից է: Ես մեծ հաճույք ստացա ելույթներից, Կապանի հանդիսատեսը շատ զգայուն է և անկեղծ, պատրաստ ապրումակցելու արտիստին։
Երկրորդ համերգն ինձ համար շատ անսովոր վայրում էր՝ Դավիթ Բեկ գյուղում։ Այնպես ստացվեց, որ այն դարձավ իմ նվագած ամենահուզիչ համերգներից մեկը: Դպրոցը, որտեղ նվագեցի, հենց սահմանին է: Կապանից այնտեղ մոտ քառասուն րոպե է մեքենայով, դպրոցը հազվադեպ է այցելուներ ունենում:
Այնտեղ հանդիպեցի հիասքանչ երեխաների և ուսուցիչների: Ցանկանում եմ մաղթել նրանց, որ բարեկեցիկ կյանք ունենան՝ խաղաղ երկնքի տակ։ Ես անպայման կվերադառնամ Դավիթ Բեկ գյուղ, թե՛ համերգով, թե պարզապես այցելության:
Սյունիքի համերգներից 2 շաբաթ առաջ հանդես եկա Տավուշում՝ Դիլիջանում, Իջևանում և Նոյեմբերյանում։ Դիլիջանի արվեստի դպրոցում ինձ տպավորեց ջերմ ու բարի մթնոլորտը, հիանալի տաղանդավոր երեխաները։ Դե, իսկ Դիլիջանն առհասարակ սերտորեն կապված է դասական երաժշտության հետ, ինչն, իհարկե, անմիջապես զգացվում է։
Իջևանում և Նոյեմբերյանում ունեցա համերգ-հանդիպումներ երաժշտական դպրոցներում։ Հաճելի էր ողջ շրջագայության ընթացքում հանդիպել այդքան գեղեցիկ, տաղանդավոր և հրաշալի մարդկանց: Ինձ վրա մեծ տպավորություն գործեց այնտեղի ֆանտաստիկ բնությունը, քանի որ ես բավականին երկար ճանապարհ էի անցնում մեքենայով, կարողացա զմայլվել այդ գեղատեսիլ վայրերով։ Անհավանական տեսարաններ են բացվում Սյունիքի ճանապարհին, Տավուշի անտառները, Տաթևը… և շատ այլ վայրեր, որտեղ առաջին անգամ էի այցելում։ Տպավորությունները, իհարկե շատ են։
-Ծրագրեր կա՞ն համերգներով կամ վարպետության դասերով այցելել Հայաստանի այլ մարզեր։
-Նախ, ես շատ ուրախ կլինեմ վերադառնալ այնտեղ, որտեղ ելույթներ եմ ունեցել։ Հավանական է, որ դրանց կավելանան նոր վայրեր ու շրջաններ, ուր ես հաճույքով կգնամ։ Միգուցե նաև վարպետության դասերով, եթե հնարավորություն ընձեռվի ինչ-որ կերպ օգնել երիտասարդ երաժիշտներին, ես անպատճառ դա կանեմ։
-Ինչպե՞ս սկսվեց Ձեր համագործակցությունը Primavera Foundation of Armenia հիմնադրամի հետ:
-Հիմնադրամի մասին առաջին անգամ իմացա մեկ տարի առաջ, երբ տեսա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի պաստառը, որտեղ Primavera Foundation-ը հանդես էր գալիս որպես համերգի համակազմակերպիչ։ Այնուհետև, անցած ամառ «Արամ Խաչատրյան» համերգասրահում անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևի վարպետության դասերն էին, որոնք կազմակերպել էր հիմնադրամը։ Ես մասնակցեցի դրանց, և այդտեղից սկսվեց իմ համագործակցությունը նրանց հետ: Այս տարվա գարնանը հիմնադրամը Ֆրանսիայում անցկացրեց իր «Visages d’Armenie» փառատոնը, որտեղ հանդես գալու հրավերն ինձ համար հաճելի անակնկալ էր։ Փառատոնի եզրափակիչ համերգի առաջին մասը հանդես եկա մենահամերգով, իսկ երկրորդ հատվածը՝ դուետով հայկական արմատներով ֆրանսիացի հրաշալի ջութակահար Թոմա Լեֆորտի հետ։ Նվագեցինք բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Կոմիտաս, Խաչատրյան և Բաբաջանյան:
Իսկ այժմ սիրով մասնակցում եմ «Հայ երաժիշտները՝ հայկական համայնքներին» նախագծին, որի նպատակն է կազմակերպել հայ երաժիշտների համերգները Հայաստանի տարբեր քաղաքներում և նույնիսկ հեռավոր գյուղերում, որտեղ հազվադեպ է որևէ մեկը գնում ոչ միայն համերգներով, այլ նույնիսկ ուղղակի հասնում է այդ վայրեր։ Ես անկեղծորեն ուրախ եմ միանալու այս ծրագրին, ես կիսում եմ այն գաղափարը և արժեքները, որոնց հավատարիմ է հիմնադրամը: Ուրախ եմ, որ բարի և օգտակար որևէ բան անելու հնարավորություն ունեմ:
-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում Հայաստանում և արտասահմանում:
–Պլաններս շատ են, իհարկե, ավելի կատարելագործվելու որպես երաժիշտ, ընդլայնելու երկացանկս։ Ի վերջո, երաժիշտների մասնագիտության մեջ հրաշալին այն է, որ մենք միշտ շարունակում ենք սովորել, միշտ կատարելագործվելու տեղ կա։ Անցած համերգաշրջանի ընթացքում ինձ համար շատ նոր բաներ բացահայտեցի, օրինակ՝ կատարեցի հայ կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի թիվ 2 սոնատի համաշխարհային պրեմիերան, որի ձայնագրությունը հասանելի է իմ յութուբյան ալիքում։ Շարունակելու եմ ծանոթանալ ինձ համար նորություն հանդիսացող հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին և ներկայացնել հանրությանը։ Կան տարբեր ծրագրեր թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանու, այդ թվում՝ «Պրիմավերա» հիմնադրամի հետ։
Առաջիկա ձմռանը և գարնանը կլինեն համերգներ Երևանում, շատ ուրախ կլինեմ բոլորին տեսնել իմ համերգներին, սիրով հրավիրում եմ։ Ուրախ եմ, որ խիտ գրաֆիկիս մեջ ինձ հաջողվում է ժամանակ գտնել դասավանդելու Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Համագործակցում եմ նաև Տիգրան Հեքեքյանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ, այն աշխարհի լավագույն մանկական երգչախմբերից մեկն է։ Պատրաստվում եմ նաև ձայնագրություններ անել:
Շատ անելիքներ ու նախագծեր կան, երբեմն ժամանակը չի հերիքում: Մյուս կողմից, երբ ժամանակը սահմանափակ է, ավելի կազմակերպված ես, կենտրոնացած և, ի թիվս այլ բաների, ավելի արագ ես յուրացնում նոր ստեղծագործությունները:
-Գիտենք, որ վերջերս եք տեղափոխվել Հայաստան մշտական բնակության համար: Մի փոքր պատմեք ձեր արմատների մասին, որտե՞ղ եք ծնվել, կրթություն ստացել, ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել Հայաստան:
-Ես ծնվել եմ Մոսկվայում։ Հայրս հայ է, ծնվել է Երևանում, մայրս՝ ռուս։ Սովորել եմ Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում, հետո ավարտել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, հիանալի դաշնակահարուհի, պրոֆեսոր Նատալյա Տրուլի դասարանը։ Ժամանակ առ ժամանակ համերգներով գալիս էի Հայաստան, բայց կոնսերվատորիան ավարտելուց հետո որոշեցի, որ իմ հիմնական բնակության վայրը Հայաստանը պետք է լինի։ Այստեղ ինձ զգում եմ իրականում իմ տանը՝ բառիս ամբողջական իմաստով։ Այսքան հրաշալի մարդկանց, ջերմ ու անկեղծ վերաբերմունքի ես հազվադեպ եմ հանդիպել, թեև բավականին շատ եմ ճանապարհորդել։ Դեռ մի քիչ դանդաղ եմ խոսում հայերեն, բայց ջանք չեմ խնայում, հայերենի իմացության մակարդակս բարձրացնելու։ Ես երջանիկ եմ, որ շրջապատված եմ հիանալի և տաղանդավոր մարդկանցով:
Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ Ռուբեն Կոզինը Կապանում և Դավիթ Բեկ գյուղում