«Փաշինյանի հեռացման հրամայականի կատարման համար բազմաթիվ անհրաժեշտ պայմաններ կան, եւ դրանցից մեկն այն է, որպեսզի իրական ընդդիմադիր բոլոր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը լինի իշխանափոխությունը, այնպես, ինչպես ՀՀԿ-ի համար»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մենք չենք մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում։ Մենք չենք ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափ ՀՀ-ի ամենասիրված քաղաքական ուժը։ Մենք պայքարում ենք, որպեսզի ունենանք պետականություն, այդ պետականությունը լինի անսասան, երկիրն էլ լինի անվտանգ։ Ցավոք, ժամանակ առ ժամանակ որոշ ընդդիմադիր գործիչներ կամ շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան թե Փաշինյանի հեռացումը իրացնելու համար։ Մենք դրան վերաբերվում ենք ներողամտաբար, որովհետև, որպես կանոն, ուժեղը չի գոռում, որ ինքն ուժեղ է, որպես կանոն՝ փոքրերն են փորձում ճանկռել ուժեղին։ Ժամանակ առ ժամանակ մեզ հունից հանում են, եւ մենք ստիպված ենք լինում յուրաքանչյուրին հիշեցնել, թե ով է ինքը եղել իշխանափոխության ժամանակ։ Այնպես որ, մենք բոլորի «դուխով» նկարները հիշում ենք, հրապարակից բոլորի սելֆիները հիշում ենք, բայց ընդհանուր գործի համար պատրաստ ենք այս պահին դրան ուշադրություն չդարձնել»,- ասաց Մամիջանյանը։
Նա ասաց, որ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որը 6 տարի շարունակ բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում պայքարում է Փաշինյանի անօրինությունների դեմ։
«Կարծում եմ, որ այն քաղաքացիները, որոնք 2018 կամ 2021 թվականներին հավատացել են Փաշինյանին, Փաշինյանից ստանալու ունեն նաեւ իրենց խաբելու համար»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ