Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանքային և գազավորված ջրերի, ոչ ոգելից խմիչքների, շոկոլադի, հրուշակեղենի, ծխախոտի, ոչխարի մսի համար ՀՀ-ից Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր կկիրառվեն»․ Գևորգ Պապոյան

Հոկտեմբեր 25,2024 12:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ըստ նախնական հաշվարկների՝ իրանական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն ՀՀ-Իրան արտահանման 98 տոկոսը՝ մոտ 97 միլիոն ԱՄՆ դոլար։ ՀՀ-ից Իրան արտահանվող ապրանքների մաքսատուրքերի միջին դրույքաչափն այսօր 23 տոկոս է և կիջնի 8,1 տոկոսի։ Արդյունքում ՀՀ-ից Իրան արտահանման ժամանակ մաքսատուրքի արտոնությունները մեր տնտեսության համար կկազմեն այս պահի դրությամբ 11 միլիոն ԱՄՆ դոլար»,- ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա ասաց, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի մշակման համար հիմք է հանդիսացել 2019-ին ուժի մեջ մտած ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտուն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը․ «Իրանը Մերձավոր արևելքի խոշոր տնտեսություններից մեկն է և ՀՀ-ի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող երկիր՝ հարավային ուղղությամբ առևտրի առանցքային տարր ոչ միայն ՀՀ-ի համար, այլև ԵԱՏՄ երկրների համար։ 2019-ին ուժ մեջ մտած ժամանակավոր համաձայնագիրը թույլ է տվել շեշտակի ավելացնել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը․ եթե այն մինչ այդ 2,4 միլիարդ դոլար էր, հիմա այն գերազանցել է 5,2 միլիարդ դոլարը»։

Ըստ Գևորգ Պապոյանի՝ իրանական կողմն առաջին անգամ ներմուծման մաքսատուրքերի զրոյական պարտավորություն է ամրագրում․ «Նախկինում առավելագույնը 4 տոկոս մաքսատուրքն է եղել, համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ անդամ պետությունները ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ՝ ապրանքների անվանացանկ 88 տոկոսի չափով, իսկ արտահանման ծածկույթը ԵԱՏՄ համար կազմում է 99 տոկոս։ Իրանը ստանում է մուտքի արտոնյալ պայմաններ անվանացանկի 87 տոկոսի չափով, արտահանման ծածկույթը կազմում է 86,5 տոկոս։ Համաձայնագրի դրույթների համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մատակարարումն իրանական կողմն ապահովում է առանց անցումային ժամանակաշրջանների, ինչը լիարժեք համաձայնեցված է ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների հետ։ Սա կանխատեսում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը իրանական շուկայում, ավելացնել ապրանքների արտահանումն Իրան, կրկնապատկել ապրանքաշրջանառությունը, ապահովել տնտեսումներ մաքսատուրքերի վճարումներից ազատման հաշվին՝ մինչև տարեկան 380 միլիոն ԱՄՆ դոլարի չափով»։

Գևորգ Պապոյանն ասաց, որ հայկական կողմի ներկայացրած առաջարկներում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են ՀՀ-ից արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ ՀՀ-ից Իրան արտահանման ծավալներում՝ մասնավորապես հանքային և գազավորված ջրերը, ոչ ոգելից խմիչքները, շոկոլադը հրուշակեղենը, ծխախոտը, ոչխարի միսը, որոնց նկատմամբ կիրառվելու են Իրան ներմուծման զրոյական մաքսատուրքեր․ «Կազատականացվի մուտքն իրանական շուկա նաև էլեկտրաէներգիայի, մարտկոցների համար, կնվազեցվեն Իրան ներմուծման մաքսատուրքերը ոսկերչական իրերի և դեղամիջոցների համար։ ՀՀ տնտեսության համար առավել զգայուն որոշ գյուղապրանքների մասով առաջարկվել է պահպանել ու կիրառել ԵԱՏՄ տարածք ներմուծման սեզոնային սակագնային քվոտա՝ պղպեղ, սմբուկ, ձմերուկ և սեխ, պլաստմասե արտադրանք»։

 

Հարցին՝ ոչխարի մսի արտահանման մասով որոշակի դյուրացումներ նախատեսվո՞ւմ են, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Խոսել եմ Իրանի գործընկերների հետ՝ գործադիր և օրենսդիր, դիվանագիտական դաշտում։ Այսօր իրենք համագործակցում են հատուկ սպանդանոցների հետ՝ Արագածոտնի և Արարատի մարզերում։ Այդտեղ հենց այդ ստանդարտները պահպանված են։ Իրանական կողմի համար առավել նախընտրելի է կենդանի ոչխարների արտահանումը։ Իրենք ամբողջական են օգտագործում ոչխարներին։ Մենք սովորաբար օգտագործում ենք միայն միսը, մնացածը թափվում է, իրենք ամեն ինչ օգտագործում են․ աղիքները՝ երշիկի արտադրության մեջ, գլուխն առանձին դելիկատես է, կաշին և այլն։ Իրենց ավելի նպատակահարմար է կենդանի անասուններ արտահանելը։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրանական շուկան մեզ արտահանման անսահմանափակ հնարավորություն է տալիս»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031