Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդը զգուշացնում է. աղետից անցել է շուրջ հինգ ամիս

Հոկտեմբեր 25,2024 12:30

Մարդկությունը բնակվում է երկրագնդի վրա եւ, բնականաբար, հանդիսանում է երկրագնդի վրա կատարվող ցանկացած փոփոխությունների, այդ թվում նաեւ կլիմայական, անմիջական կրողը։ Ժամանակի ընթացքում գիտության զարգացումը մարդկությանը հնարավորություն է տվել կանխատեսել եղանակային փոփոխությունները եւ հնարավորինս խուսափել կլիմայական փոփոխությունների հետ կապված աղետներից։

Դեբեդը ՀՀ-ի ամենաջրառատ գետն է։ Դեբեդի կիրճի մեղմ կլիման, կիրճով անցնող ավտոմայրուղին եւ երկաթգիծը նպաստել են, որ գետի անմիջական հարեւանությամբ առաջանան բազմաթիվ բնակավայրեր։

Ալավերդի քաղաքում Դեբեդի ափամերձ տարածքների յուրացումը շատ դեպքերում կատարվել է կամ գետի հունի նեղացման հաշվին՝ արգելապատնեշների կառուցմամբ, կամ էլ գետի մակարդակից ոչ այնքան բարձր առափնյա տարածքների վրա։ Ժամանակի ընթացքում գետի մշտական հոսքից ափամերձ արգելապատնեշների մաշվածության առաջացումը, գետի հունի չսպասարկումը եւ հորդառատ անձրեւները հանգեցրել էին նրան, որ դեռեւս անցյալ դարի 60-ականներին Դեբեդի հարեւանությամբ գտնվող Ալավերդու թաղամասերում տեղի էր ունեցել աղետալի ջրհեղեղ։ Ասել, թե տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից այն ժամանակ արվել են համապատասխան հետեւություններ, նշանակում է չճանաչել մեր իրականությունը։ Նման դեպքերում մեր մոտ սովորաբար կատարվում են որոշ, բայց նման աղետի նորից կրկնվելու դեպքում այն չկանխող կամ մեղմող ձեւական աշխատանքներ եւ… անցնող տարիների հետ մոռացվում են եւ աղետը, եւ աղետի հասցրած վնասները։ Մոռացվում են, մոռանալով, որ կլիմայական աղետներն ունեն կրկնվելու որոշակի պարբերականություն։ Այդ պատճառով 2024թ. մայիսյան ջրհեղեղը որքան որ անսպասելի էր աղետների պատմությունը հաշվի չառնող, չուսումնասիրող ՀՀ իշխանությունների եւ Ալավերդի համայնքի համար, նույնքան էլ սպասելի էր նրանց համար, ովքեր դեռեւս 2021թ. ուսումնասիրել եւ գնահատել էին Ալավերդի քաղաքի, իսկ 2023թ. Ալավերդի համայնքի տարածքում կլիմայի փոփոխությունների հետ կապված հնարավոր ռիսկերը։

ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի նախաձեռնությամբ «Աղետների ու ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամն ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ 2021թ. կլիմայական ռիսկերի ուսումնասիրություններ էր անցկացրել Ալավերդի քաղաքում եւ Թումանյան խոշորացված համայնքում։ Գնահատվել էին քարաթափման, փլուզումների եւ ջրհեղեղների հետ կապված վտանգները, ընդ որում՝ որպես ջրհեղեղի վտանգ էր մատնանշվել Ալավերդու Սանահին կայարան թաղամասը։ Մատնանշողը մատնանշել էր, իսկ ՀՀ իշխանություններն իրենց ոճի մեջ հանցավոր անտարբերություն ցուցաբերելով՝ ոչինչ չէին ձեռնարկել։ Ընդ որում, այդ հանցավոր անտարբերություն ցուցաբերած պաշտոնյան կամ ծառայությունը մինչեւ հիմա ՀՀ գործող իշխանությունների կողմից չի ենթարկվել պատասխանատվության։ Իսկ աղետն իրեն երկար սպասեցնել չտվեց։

2024թ. մայիսի 25-ի լույս 26-ի ջրհեղեղը իր տեսակով աննախադեպ էր. տեղումների մեծ քանակը եւ սարերում կուտակված ձյան արագ հալվելը նպաստեցին Դեբեդով հոսող ջրային քանակի ավելի քան վեց անգամ չափով արագ ավելացմանը։ Այս պայմաններում երկար տարիներ Դեբեդ գետի ափամերձ չսպասարկված, չամրացված արգելապատնեշներն առանձին հատվածներում տեղի տվին եւ Դեբեդի հսկայական քանակի ջրային հոսքը մտավ ափամերձ թաղամասեր, փողոցներ, տներ, քաղաքային մարզադաշտ, ավտոմայրուղի, բաժին հասավ նաեւ երկաթուղուն։ Համայնքի տարածքում վնասվեցին բազմաթիվ կամուրջներ, որի հետեւանքով առանձին բնակավայրեր զրկվեցին արտաքին աշխարհի հետ կապից։

Կառավարության կողմից ջրհեղեղի հետեւանքով վնասված տարածքը հայտարարվեց աղետի գոտի, ինչն ենթադրում էր վերականգնողական աշխատանքների արագ կատարում։ Բայց միակ արագը, որ տեսան աղետի գոտու բնակիչները, դա տարբեր կարգի պաշտոնյաների այցերն եւ խոստումներն էին։ Աղետից տուժած բնակիչների վնասների գնահատման համար հերթով, իրարից անկախ, մի քանի հանձնաժողովներ այցելեցին աղետի գոտի։ Դրանցից յուրաքանչյուրը տեղերում հայտարարում էր, որ գլխավորն իր որոշումն է։ Մինչեւ որ ամիսներ անց որոշակի կոնկրետությամբ ՀՀ կառավարության կողմից աղետից տուժած ազգաբնակչության համար կայացվեց վնասների փոխհատուցման որոշումը։

Ինչ վերաբերում է վնասված ենթակառուցվածքների վերականգնմանն, այստեղ թերեւս միակ հաճելի անակնկալը Հարավ-կովկասյան երկաթուղու օպերատիվ աշխատանքն էր. նրանք աշխատում էին օրական մոտ 16 ժամ, ինչը հնարավորություն տվեց մաքսիմալ կարճ ժամանակում իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ եւ հնարավորինս արագ վերականգնել երկաթուղու աշխատանքը։

M6 մայրուղու վրա մեր ճանապարհաշինարարների կողմից վերականգնողական աշխատանքները կատարվում էին անշտապ, սովորական աշխատանքային 8 ժամային ռեժիմով։ Այդ աշխատանքների ընթացքում ավտոմայրուղու վնասված կամ վերացված հատվածներում ժամանակային որոշակի միջակայքերով լցվում էին քարաբեկորներ, խիճ ու հող եւ տափանվում, հետո ասֆալտապատվում։ Գետի ջրհեղեղից վնասված առափնյա հատվածներից ոչ մեկում մինչեւ հիմա այդպես էլ արգելապատնեշներ չեն կառուցվել կամ նախկինները չեն վերականգնվել։ Ավտոմայրուղու որեւէ հատվածի ամրացման համար բետոնային աշխատանքներ, որպես այդպիսին, ընդհանրապես չի կատարվել։ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում իրանական կողմի կառուցած կամրջից բացի, մնացած «վերականգնված» կամուրջների վիճակը մնում է խնդրահարույց։

Աղետից անցել է շուրջ հինգ ամիս, բայց մինչեւ հիմա գետի ավազանը չի մաքրվել այնպես, որ գետը հոսի իր հունի կենտրոնով եւ շարքային վարարումների դեպքում չվնասի ափամերձ հատվածում գտնվող մայրուղուն։ M6-ի վերականգնված բոլոր հատվածները շարունակում են մնալ ռիսկային, իսկ դրանց մեջ ամենառիսկային մասը դա Թուֆենկյան հյուրանոցի դիմացի՝ Դեբեդ գետի աջակողմյան մասում գտնվող հատվածն է, որին ջրհեղեղն ամբողջովին լվացել տարել էր։ Դեբեդի հունն այստեղ բավականին լայն է, բայց քանի որ գետի հունի ձախ կողմի մոտ 70%-ը լցված է քարաբեկորներով, նորմալ ոչ վարար վիճակում Դեբեդը հոսում է լվանալով աջ ափը, այսինքն՝ մայրուղու հիմքը։ Ստացվում է, որ վերականգնողական աշխատանքների համար պատասխանատու ոչ մի պաշտոնյա գոյություն ունեցող այս ակնհայտ իրողությունից մինչեւ հիմա ճիշտ հետեւություն չի կատարել։

Ալավերդի քաղաքում Դեբեդ գետի ափամերձ եւ զուգահեռաբար գտնվող գլխավոր Թումանյան փողոցը ջրհեղեղից տարբեր հատվածներում բավականին վնասվել էր եւ մինչեւ հիմա վերականգնված է մասնակի, շարունակելով ընթացող ավտոտրանսպորտի համար մնալ ռիսկային։ Ալավերդու Դեբեդ թաղամասի ավտոճանապարհը ջրհեղեղի ժամանակ այնպես էր թաղվել ջրհեղեղի բերած հողակույտով, որ այդ ճանապարհը դարձել էր անանցանելի։ Ճիշտ է, հիմա այն մաքրված է հողակույտից, բայց այդ մաքրված, բայց փոսորակներով հարստացված ավտոճանապարհն այնպիսի վիճակում է, որ կապիտալ վերանորոգումն անհրաժեշտություն է։

Կանցնեն տարիներ, այս աղետն էլ կմոռացվի, բայց հերթական աղետի վտանգը չի վերանա։ Այդ պատճառով էլ ՀՀ ամենաջրառատ Դեբեդ գետը զգուշացնում է.

– Կատարվածից ճիշտ հետեւություններ արեք:

– Մաքրեք, խորացրեք իմ հունն այնպես, որ հոսեմ իմ հունի կենտրոնով:

– Բնակավայրերում գտնվող եւ ավտոճանապարհներին կամ երկաթգծին կից գտնվող ափամերձ հատվածներս ամրացրեք արգելապատնեշներով:

– Ամրացրեք իմ ավազանում գտնվող բոլոր կամուրջների հիմքերը:

– Իմ հունի վիճակի դիտարկումը եւ սպասարկումը կատարեք մշտապես:

– Լսեք՝ ինչ եմ Ձեզ ասում եւ կատարեք, քանի որ միայն այդպես է հնարավոր պակասեցնել նոր ջրհեղեղների հետ կապված վտանգները։

Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ

ք. Ալավերդի

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
24.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031