Պուտինի որոշումը` չմեկնել Բաքու, Ալիեւին չվնասելու նրբանկատ որոշում է
Վլադիմիր Պուտինի նպատակը` Ռուսաստանում երբեւէ անցկացված «արտաքին քաղաքականության ամենակարեւոր իրադարձությունը», կյանքի կոչվեց. Կազանում անցկացվեց ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովը։
Պաշտոնական Երեւանը գագաթնաժողովին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Գագաթնաժողովի օրակարգում էին` մոլորակի ամենասուր ճգնաժամերը, գլոբալ եւ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերը, քաղաքականության եւ անվտանգության խնդիրները, տնտեսության եւ ֆինանսների, մշակութային եւ հումանիտար ոլորտների հարցերը, ինչպես նաեւ` ԲՐԻԿՍ-ի աշխատանքներում նոր պետությունների ընդգրկումը։
Հինգ երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավային Աֆրիկայի խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսվել։ «Կազմակերպությունն ունի կայուն եւ հուսալի հեռանկարներ», – գագաթնաժողովից առաջ հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով. «Մենք իսկապես ունենք ընդհանուր արժեքներ, պատկերացում, թե ինչպես կառուցել հարաբերություններ միմյանց հետ»։
Կարդացեք նաև
ԲՐԻԿՍ-ի նոր ընդլայնված խումբն ունի մոտ 3,5 միլիարդ բնակչություն, դա աշխարհի բնակչության 45 տոկոսն է, եւ մոտ 28,5 տրիլիոն դոլարի տնտեսություն, ինչը համաշխարհային տնտեսության մոտ 28 տոկոսն է:
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն օրերս հոդված էր հրապարակել, որտեղ նա էլ իր հերթին ԲՐԻԿՍ-ի հետ կապված որոշ մեկնաբանություններ էր արել: Նա մասնավորապես նշել է, որ ԲՐԻԿՍ-ը «բազմակողմ դիվանագիտության էտալոն է», որը փոխադարձ հարգանքի եւ շահերի հաշվառման սկզբունքների հիման վրա նպաստում է ուժի նոր կենտրոնների ամրապնդմանը համաշխարհային հարավում եւ արեւելքում։ Հոդվածի վերջում նա նշել էր, որ ԲՐԻԿՍ-ին արդեն միացել են Հայաստանի հիմնական գործընկերները՝ Ռուսաստանը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւն օրերս, ոչ ավել, ոչ պակաս, նշել է. «Ռուսաստանի նպատակը պետք է լինի ԱՄՆ փլուզումը կամ առնվազն լիարժեք հակակշիռ ստեղծելն ԱՄՆ-ին, ինչպիսին կար ԽՍՀՄ-ի գոյության եւ Վարշավայի պայմանագրի ժամանակ։ Այս առումով արդեն տեսանելի են նոր բեւեռի հեռանկարները՝ ՇՀԿ, ԲՐԻԿՍ, տարածաշրջանային այլ միություններ, գլոբալ հարավի երկրների հետ հարաբերությունների համակողմանի զարգացում»։
Հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահն առանձնազրույցներ է ունեցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ժամանած գրեթե բոլոր առաջնորդների հետ: Հոկտեմբերի 23-ին Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը հյուրընկալողի իրավունքով Կազանում բացել է կառույցի անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով նիստը։ ՌԴ նախագահի բացման խոսքից հետո ղեկավարների հանդիպումը շարունակվել է դռնփակ ռեժիմով։ Դրան հաջորդել է ընդլայնված ձեւաչափով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
ԲՐԻԿՍ-ի երկրների մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ գնողունակության համարժեքության առումով գերազանցում է G7-ի մասնաբաժինը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «ԲՐԻԿՍ-ի երկրների մասնաբաժինը գնողունակության հավասարության առումով 2024 թվականի վերջին կկազմի 36,7%, ինչը վստահորեն գերազանցում է Յոթնյակի երկրների մասնաբաժինը, որը կազմելու է շուրջ 30%»,- ասել է Պուտինը։ Նա հավելել է, որ համաշխարհային առեւտուրը եւ համաշխարհային տնտեսությունը զգալիորեն փոխվում են՝ ակտիվության կենտրոնները տեղափոխվում են դեպի զարգացող շուկաներ։ «Ձեւավորվում է բազմաբեւեռ մոդել, որն աճի նոր ալիք է բարձրացնում, առաջին հերթին գլոբալ հարավի եւ արեւելքի, եւ, բնականաբար, ԲՐԻԿՍ-ի պետությունների հաշվին», – ասել է ՌԴ նախագահը։
Ռուսաստանն առաջարկում է ստեղծել ԲՐԻԿՍ-ի հացահատիկային բորսա՝ հետագայում լիարժեք ապրանքահումքային բորսայի վերածելու հնարավորությամբ, նշել է Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով` դա թույլ կտա նաեւ պաշտպանել միության անդամ երկրների ազգային շուկաներն արտաքին անբարենպաստ միջամտությունից։ Ըստ նրա՝ դա առավել արդիական է, քանի որ ԲՐԻԿՍ անդամ երկրները էներգառեսուրսների շատ խոշոր արտադրողներ եւ սպառողներ են։
ՌԴ նախագահը հավելել է, որ նպատակահարմար է ստեղծել նաեւ թանկարժեք մետաղների առանձին հարթակներ, քանի որ այդ շուկան ունի տարբեր խոչընդոտներ:
Վլադիմիր Պուտինի ջանքերը` մեկուսացած Ռուսաստանին ցույց տալու որպես հուսալի գործընկեր այլ երկրների համար, եւ այլ կառույցների շնորհիվ` Ռուսաստանի հեղինակությունը մեծացնել ու ազդեցությունն ամրապնդել, միանգամայն հասկանալի է: Սակայն, ինչպես ասում եմ, ամեն ինչ չէ, որ Պուտինի նախանշածով է ընթանում:
Բանն այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԲՐԻԿՍ-ը հակաարեւմտյան կոալիցիայի վերածելու գաղափարը, որը կսասաներ «համաշխարհային կարգը» եւ դոլարի գերիշխանությունը, բլոկի առանցքային անդամ երկրների մոտ խանդավառություն չի առաջացրել: Հնդկաստանը չի ցանկանում թույլ տալ, որպեսզի ԲՐԻԿՍ-ը դառնա «հակաամերիկյան» կազմակերպություն, որտեղ գերիշխում են Ռուսաստանը եւ Չինաստանը, Bloomberg-ին օրերս հայտնել են խնդրին ծանոթ հնդիկ պաշտոնյաները։
Հենց այս պատճառով էլ, ըստ գործակալության զրուցակիցների, Նյու Դելին դեմ է ԲՐԻԿՍ-ի հետագա ընդլայնմանը, որին անցյալ տարի միացան 6 նոր երկրներ, տասնյակ այլ երկրներ էլ անդամակցության հայտ են ներկայացրել՝ ներառյալ այնպիսի համաշխարհային վտարանդիներ, ինչպիսիք են Մյանմարը կամ Աֆղանստանը: Հնդկաստանի դիրքորոշումը կիսում են Բրազիլիան եւ Հարավային Աֆրիկան, Bloomberg-ին հայտնել էին այս երկրների պաշտոնյաները:
Արաբական Միացյալ Էմիրությունները, որը միացել է ԲՐԻԿՍ-ին 2023թ. գագաթնաժողովից հետո, «ամբողջովին հերքում է», որ դաշինքին անդամակցությունը նշան է, որ գլոբալ հարավը հակադրվում է Արեւմուտքին, Bloomberg-ին ասել է սեփական աղբյուրը: ԱՄԷ-ն շատ լավ հարաբերություններ ունի արեւմտյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, ընդգծել է երկրի մեկ այլ պաշտոնյա։
Կազանյան գագաթնաժողովը Կրեմլն անվանել է Ռուսաստանում երբեւէ անցկացված «արտաքին քաղաքականության ամենակարեւոր իրադարձությունը», եւ հայտնի էր, որ Պուտինը մտադրվել էր իր գործընկերներին առաջարկել արեւմտյան միջազգային վճարումների այլընտրանքային համակարգ։ Ըստ Կրեմլի՝ այն պետք է միավորի կազմակերպության անդամ երկրների բանկերն ու կենտրոնական բանկերը՝ դոլարը շրջանցելով գործարքներ իրականացնելու համար, որը, ինչպես պնդում է Պուտինը, կորցնում է վստահությունը ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության պատճառով։
Սակայն, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ այնքան էլ հարթ չի:
Ի դեպ, վերջերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29 ՄԱԿ-ի կոնֆերանսին: Այս տեղեկությունը BBC-ին հայտնել էր Ադրբեջանի կառավարության աղբյուրը։ «Ռուսաստանը միջոցառմանը կներկայացվի վարչապետի մակարդակով»,-հայտնել էր աղբյուրը՝ հաստատելով, որ ՌԴ նախագահին հրավեր է ուղարկվել այլ երկրների ղեկավարների հետ միասին։
Ուկրաինան, ինչպես հայտնի է, կոչ էր արել արեւմտյան երկրներին բոյկոտել Ադրբեջանում կայանալիք COP29 գագաթնաժողովը, եթե Պուտինը մասնակցի համաժողովին:
Ըստ էության, Բաքու չմեկնելով, Պուտինը փրկում է Ալիեւին, քանի որ հստակ գիտակցում է, թե COP29-ը ինչ նշանակություն ունի Ադրբեջանի եւ անձամբ Ալիեւի համար:
Իսկ որ Մոսկվան խիստ մտահոգված է Ալիեւի նկատմամբ Արեւմուտքի ճնշումներով` մեկ անգամ չէ, որ համոզվել ենք: Վերջերս էլ ականատես դարձանք ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հրապարակային մտահոգություններին, երբ նա հուզված խոսում էր, թե ինչպես է «ցավեցնում» փաստը, որ Արեւմուտքը COP29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ պահանջներ է ներկայացնում… Մոսկվան հրապարակավ սրտնեղեց, թե ինչ աննկարագրելի ճնշումների ներքո է գտնվում Ադրբեջանն այս օրերին Արեւմուտքի կողմից:
Իսկ ի՞նչ հետեւանքներ կլինեին, եթե այս ամենին գումարած, Վլադիմիր Պուտինն էլ որոշեր մասնակցել Բաքվում կայանալիք COP29 ՄԱԿ-ի կոնֆերանսին…
Բաքվի աշխարհաքաղաքական հեռանկարային ձգտումները կարելի էր ուղղակի տապալված համարել: Այսինքն, Պուտինի` Բաքու չմեկնելու որոշմամբ, լուծվում է Ալիեւի համար ավելորդ խնդիրներ չստեղծելու հարցը: Չէ՞ որ Պուտինի հնարավոր մասնակցությունն այդ միջոցառմանը, այն կդարձներ աշխարհաքաղաքական համատեքստում ամբողջովին այլ հարթակ:
Հետեւաբար, Պուտինի որոշումը` չմեկնել Բաքու, Ալիեւին չվնասելու նրբանկատ որոշում է:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 24.10.2024