Շուտով Ազգային ժողովը կքննարկի եւ, ամենայն հավանականությամբ, կընդունի 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը: «Առավոտն» ուսումնասիրել է վերջին 10 տարիների ՀՀ պետական բյուջեները՝ ծախսերը, եկամուտները, պակասուրդը: Ծախսերը համեմատության մեջ ենք դրել մեր երկրի պետական պարտքի հետ:
2014 թվականի բյուջեով նախատեսված եկամուտները եղել են 1,135,902,832,000 դրամ, ծախսերը՝ 1,246,437,412,000 դրամ: Պակասուրդը կազմել է 110,534,580,000 դրամ:
2015-ի պետական բյուջեով 1,191,471,174,400 դրամի եկամուտ է նախատեսվել, 1,305,599,524,500 դրամի էլ ծախս: Պակասուրդը 2015-ին կազմել էր 114,128,350,100 դրամ:
2016-ի պետական բյուջեն նախատեսել էր 1,186,250,114,500 դրամի եկամուտ եւ 1,376,993,040,500 դրամի ծախս, որի արդյունքում ստացվել է 190,742,926,000 դրամի պակասուրդ:
Կարդացեք նաև
2017 թվականին ՀՀ պետական բյուջեն նախատեսում էր 1,210,012,342,000 դրամ եկամուտների գծով, 1,360,112,342,000 դրամ ծախսերի գծով: Այդ տարի նախատեսված պակասուրդը 150,100,000,000 դրամ էր:
2018 թվականի համար նախատեսվում էր 1,308,284,867,700 դրամի եկամուտ, 1,465,200,573,200 դրամի ծախս: Պակասուրդը կազմելու էր 156,915,705,500 դրամ:
«Թավշյա հեղափոխությունից» հետո ընդունված առաջին պետական բյուջեն 2019 թվականի համար էր: 1,496,463,122,300 դրամի եկամուտ, 1,648,063,122,300 դրամի ծախս, արդյունքում՝ 151,600,000,000 դրամի պակասուրդ:
2020-ի պետական բյուջեով նախատեսվում էր 1,695,009,852,100 դրամ եկամուտների գծով, 1,855,697,119,500 դրամ ծախսերի, իսկ պակասուրդը՝ 160,687,267,400 դրամ:
2021-ին նախատեսված եկամուտը 1,509,462,935,900 դրամ էր, ծախսը՝ 1,850,877,541,200 դրամ: Պակասուրդն արդյունքում 341,414,605,300 դրամ էր:
2022 թվականի պետական բյուջեն նախատեսում էր 1,947,784,475,500 դրամ եկամուտ: Նախատեսված ծախսը 2,184,040,185,100 դրամ էր: Արդյունքում, պակասուրդը կազմում էր 236,255,709,600 դրամ:
2023 թվականին երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթով ակնկալվում էր 2,302,025,614,400 դրամ եկամուտ, 2,590,973,151,100 դրամ ծախս: Պակասուրդն արդյունքում ստացվում է 288,947,536,700 դրամ:
Ընթացիկ 2024-ի պետական բյուջեով նախատեսվում է 2,723,592,431,000 դրամ եկամուտների գծով: Ծախսերի գծով նախատեսվում է 3,206,517,499,600 դրամ: Պակասուրդն այս տարի կլինի 482,925,068,600 դրամ:
Կառավարության պատրաստած գալիք 2025-ի պետական բյուջեի նախագծով ակնկալվում են 2,873,055,523,000 դրամ եկամուտներ, 3,482,409,450,900 դրամ ծախսեր: Արդյունքում՝ 2025 թվականի համար կառավարության նախատեսած պակասուրդը 609,353,927,900 հազար դրամ է:
2022-ին եւ 2023-ին Հայաստանի ծախսերը հատեցին 2 տրիլիոն դրամը: Ընթացիկ տարվա բյուջեով եւ հաջորդ տարվա բյուջեով նախատեսված ծախսերը գերազանցում են 3 տրիլիոն դրամը։
Եկամուտը 2 տրիլիոնը հատում է՝ սկսած 2022-ի ֆինանսական տարուց, բայց առայժմ չի հատում 3 տրիլիոնը։
Եթե ԱՄՆ դոլարներով խոսենք, 2014 թվականի դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 4,441,500,000 դոլար, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ մեր պարտքը 12,591,500,000 դոլար է։
Կենտրոնական բանկի հոկտեմբերի 22-ի հրապարակած 387.16 փոխարժեքով ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտը, ծախսն ու պակասուրդը համապատասխանաբար կազմում են մոտ 7,420,848,029 դոլար եկամուտների գծով, 8,994,755,271 դոլար ծախսերի գծով եւ 1,573,907,242 դոլար պակասուրդ։
Վերջին տարիներին ավելացել են մեր երկրի բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը։ Շատերը ոգեւորությամբ են արտահայտվում բյուջեում ծախսերի աճի մասին, բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է։
Ծախսերի մասին խոսելիս պետական պարտքի սրընթաց աճին անդրադառնալ է պետք։
Ընդհանրապես պարտք չվերցնելն անհնար է։ Միանգամայն տրամաբանական է, օրինակ, բյուջեի նախագծով Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը միտված աննախադեպ ծախսերը, իհարկե, եթե դրանք նպատակաուղղված են եւ կոնկրետ արդյունք են նախատեսում։
Հաճախ ականատես ենք լինում իշխանության կողմից իրականացվող բարեկարգումների նկատմամբ քաղաքացիների բարձր գնահատանքին։ Այնուամենայնիվ, եթե պետության ծրագրերը, նույնիսկ նրանք, որոնք ակնհայտորեն եւ էականորեն բարելավում են մեր ամենօրյա կյանքը, իրականացվում են պարտքի հաշվին, դա կարող է մեծ բեռ դառնալ գալիք տասնամյակներում։
Այսօր էլ այդ բեռը զգալի է։ Ըստ 2024 թվականի հունվարի 1-ի տվյալների՝ Հայաստանում մշտապես բնակվում է 2,990,900 մարդ։ Ստացվում է, որ պետական պարտքի քո բաժինն այսօր մոտ 4,210 ԱՄՆ դոլար է։
Պետական պարտքն ավելացնելով մարդկանց կյանքը բարելավելը նման է տունը վարկով ճոխ վերանորոգելուն կամ վարկով հանգստի մեկնելուն։ Դա անելով՝ այդ պահին կարող ենք բերկրանք ապրել կամ լիցքաթափվել, իսկ երբ եկավ վարկը մարելու ժամանակը…
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Տվյալների աղբյուրները՝ ֆինանսների նախարարություն եւ Վիճակագրական կոմիտե
«Առավոտ» օրաթերթ
24.10.2024