Հայաստանում տարեցտարի նվազում է և ծնունդների թիվը, և բնական ուղիներով ծննդալուծումների թիվը։ 2023թ․ ծնունդների 39,5 տոկոսը կատարվել է կեսարյան հատումով։
2021թ․ գրանցվել է 36259 ծնունդ, որից 13612-ը կեսարյան հատումով է կատարվել (37.5 տոկոս), 2022թ․ գրանցվել է 35606 ծնունդ, որից 13689՝ կեսարյան հատումով (38,5 տոկոս), իսկ 2023թ․՝ 35917 ծնունդ, որից՝ 14198-ը կեսարյան հատումով (39,5 տոկոս) ։ Ըստ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության՝ 2024թ․ որևէ ժամանակահատվածի տվյալ դեռևս ամփոփված չէ։
Առողջապահության նախարարությունը կեսարյան հատումների աճը զսպելու համար նոր ծրագիր է մշակել և հաստատել, որն իր մեջ ներառում է և բուժանձնակազմի վերապատրաստում, հանրային իրազեկվածության բարձրացում և բնական ուղիներով ծննդօգնության համար հատկացվող պետական պատվերի գների վերանայում։
Մանկաբարձ-գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ Լուսինե Սահակյանը խոսել է կեսարյան հատումների թվի աճի պատճառների ու առողջապահության նախարարության մշակած ծրագրի մասին։
Կարդացեք նաև
-Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը։ Ըստ Ձեզ ո՞րն է կեսարյան հատումների թվի կտրուկ աճի պատճառը։ Արդյոք կեսարյան հատման ճանապարհով երեխան ավելի հե՞շտ է ծնվում և այդ միջոցով ծննդալուծումն ավելի՞ անվտանգ է համարվում երեխայի առողջության համար։
-Կեսարյան հատումների ցուցանիշը աճում է մի քանի պատճառներով, դրանք են`առաջնահղիի տարիքը, արտամարմնային բեղմնավորումը, դրա հետևանքով բազմապտուղ հղիությունները, կրկնակի կեսարյան հատումները, և ի վերջո անվտանգության ապահովության, հարմարավետության նկատառումները: Շատ բժիշկներ և հղիներ ընտրում են ծննդալուծումը կեսարյան հատման ճանապարհով անվտանգության նկատառումներից ելնելով, նույնիսկ երբ չկան բժշկական ցուցումներ: Հղիների մեծ մասը համարում են կեսարյան հատումը ծննդալուծման հեշտ ու անցավ տարբերակ, որն իրականությանը չի համապատասխանում:
-Առողջապահության նախարարության մշակած նոր ծրագրով փոխհատուցվելու է ծննդաբերության ժամանակ էպիդուրալ անզգայացման արժեքը։ Այս մոտեցումը չի՞ հանգեցնի էպիդուրալ անզգայացում նախընտրողների թվի կտրուկ աճին, որքանո՞վ է այն վտանգավոր։ Խնդրում եմ նշել, թե ի՞նչ բացասական հետևանքներ այն կարող է ունենալ կնոջ առողջության վրա։
-Իհարկե էպիդուրալ անզգայացում նախընտրողների թիվը կտրուկ կաճի, իրականում փոխհատուցումը մի նպատակ է հետապնդում ` կեսարյան հատումների թվի կրճատում: Ինչպես վերևում նշեցինք, շատ հղիներ նախապատվությունը տալիս են ծննդալուծման վիրահատական եղանակին, որովհետև փորձում են խուսափել ցավոտ ծննդաբերական գործունեությունից: Իսկ Էպիդուրալ անզգայացումը մեթոդ է, որն օգտագործվում է ծննդաբերության ժամանակ ցավը կառավարելու համար: Ցավազրկման այս մեթոդն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ:
Հնարավոր կողմնակի ազդեցություններն են `գլխացավերը, ջերմությունը կամ զարկերակային ճնշման անկումը, սրտխառնոցը, փսխումները, շարժունակության սահմանափակումը (շատ կանայք դժվարանում են քայլել, փոխել դիրքերը, ինչը ազդում է ծննդաբերության ընթացքի վրա), նյարդի վնասումը, էպիդուրալ տարածության հեմատոման, սեպտիկ բնույթի բարդություններ (եթե խախտվում են ասեպտիկայի եւ անտիսեպտիկայի կանոնները): Որոշ կանայք կարող են նշել նաև ողնաշարի ցավ ներարկման տեղում:
Երբեմն էպիդուրալ անզգայացումը կարող է դանդաղեցնել ծննդաբերական գործունեությունը, ինչը կարող է հանգեցնել լրացուցիչ միջամտությունների անհրաժեշտության, ինչպիսիք են օքսիտոցինի ներերակային կաթիլների կիրառումը, աքցանադրումը կամ վակում էքստրակցիան:
Այն ազդեցություն ունի նաև պտղի սրտի զարկերի վրա․ էպիդուրալ անզգայացումը երբեմն կարող է առաջացնել պտղի սրտի զարկերի հաճախականության փոփոխություններ` պտղի հիպօքսիա:
Այսպիսով էպիդուրալ անզգայացումը կարող է արդյունավետ տարբերակ լինել ծննդաբերության ժամանակ ցավը կարգավորելու համար, սակայն ապագա մայրիկների համար կարևոր է քննարկել հնարավոր ռիսկերը հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
-Արգանդի մեկ սպիով բնական ճանապարհով ծննդաբերության արժեքը սահմանվել է ավելի բարձր, քան կեսարյան հատման դեպքում է, ինչպես նաև ըստ առողջապահության նախարարության նոր ուղեցույցի՝ բժշկի գնահատմամբ ու կնոջ ցանկությամբ մեկ կեսարյան հատումից հետո կինը կարող է երկրորդ երեխային ծննդաբերել բնական ճանապարհով։ Մինչ այս նման փորձ եղե՞լ է, ըստ Ձեզ Հայաստանում մանկաբարձ-գինեկոլոգները որքանո՞վ են պատրաստված այս քայլին։
-Այո, նմանատիպ փորձ ներդրված է մեր հանրապետության լավագույն կլինիկաներում: Արգանդի սպիի դեպքում հղիություն և ծննդաբերություն վարելը պահանջում է նեղ մասնագիտական բարձրակարգ հմտություններ: Արգանդի սպիի դեպքում բնական ճանապարհով ծննդաբերություն թույլատրվում է հատուկ մանկաբարձական պայմանների առկայության և հակացուցումների բացակայության պայմաններում: Յուրաքանչյուր մանկաբարձական դեպք առանձնահատուկ է և պահանջում է պրոֆեսիոնալ մասնագետի ադեկվատ գնահատում: Մանկաբարձ-գինեկոլոգներին անհրաժեշտ են համապատասխան վերապատրաստումներ և փորձի փոխանակման դասընթացներ, իսկ մենք որպես երիտասարդ բժշկական սերնդի առաջամարտիկներ պետք է խրախուսենք հղիներին ծննդաբերել բնական ճանապարհով:
-Բնական ուղիներով ծննդաբերելու պետպատվերի չափը բարձրացվել է հավասարեցվելով բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման արժեքին։ Այս քայլը բժիշկներին կմոտիվացնի՞ հղիներին ուղղորդել բնական ճանապարհով ծննդաբերելուն։
-Ես լիահույս եմ, որ բժիշկները հանդիսանալով Հիպոկրատի երդվյալներ, հղիներին առաջարկում են ծննդալուծման եղանակներ ըստ բժշկական ցուցումների առկայության կամ բացակայության:
-Մինչև ո՞ր տարիքում է խրախուսվում բնական ուղիներով ծննդալուծումը։
-Բնական ուղիներով ծննդալուծումը խրախուսվում է 18-ից մինչև 35 տարեկան հասակը, քանի դեռ չկան բժշկական բարդություններ և ռիսկեր, որոնք հակված են մեծանալ կնոջ տարիքին զուգահեռ:
-Որո՞նք են կեսարյան հատման ցուցումները։ Ի՞նչ վտանգներ է պարունակում կեսարյան հատումը։ Օրինակ՝ մի քանի կեսարյան հատումները ինչպիսի՞ առողջական խնդիրներ կարող են առաջացնել կանանց մոտ ։
-Տարբերում ենք կեսարյան հատման բացարձակ և հարաբերական ցուցումներ:
Բացարձակ ցուցումներն են`ոսկրային կոնքի անոմալիաները, անատոմիական նեղ կոնքը IIIº և IVº, կլինիկակական նեղ կոնքը, նորմալ տեղակայված պլացենտայի վաղաժամ շերտազատումը, առաջադիր պլացենտան, պտղի անկանոն դրությունները, արգանդի ոչ լիարժեք սպին, արգանդի սպառնացող պատռվածքը, ուշ գեստոզները և այլն:
Հարաբերական են համարվում այն ցուցումները, որոնց դեպքում չի բացառվում բնական ճանապարհով ծննդալուծման հնարավորությունը: Դրանք են` մեկ սպիի առկայությունը արգանդի վրա, պտղաջրերի վաղաժամ արտահոսքը, պտղի կոնքային առաջադրությունը, բարդացած մանկաբարձական հուշաքննությունը, ծննդաբերական գործունեության անկանոնությունները, արտասեռական հիվանդությունները և այլն:
Կրկնվող կեսարյան հատումները կարող են հանգեցնել մի շարք բարդությունների, այդ թվում՝ արգանդի պատռման ռիսկի բարձրացում. սա հազվագյուտ, բայց լուրջ վտանգ է, հատկապես, եթե անամնեզում նշվում են մի քանի կեսարյան հատումներ, առաջադիր պլացենտա. ավելի մեծ հավանականություն կա, որ պլացենտան ծածկի արգանդի պարանոցի ներքին օղը, ինչը կարող է արյունահոսության պատճառ դառնալ, պլացենտայի ամուր կպում կամ սերտաճում. պլացենտան կարող է չափազանց ամուր կպչել արգանդի պատին կամ սերտաճել արգանդի պատի հաստության մեջ, ինչը հանգեցնում է ծննդաբերության ընթացքում ծանր բարդությունների, արյունահոսության, վարակ. վիրահատության դաշտի կամ արգանդի խոռոչում բորբոքային պրոցեսի մեծ ռիսկ, վերականգնման ավելի երկար ժամանակ. յուրաքանչյուր հաջորդ կեսարյան հատում կարող է պահանջել ավելի երկար վերականգնման ժամանակահատված, հիստերէկտոմիա. որոշ դեպքերում բարդությունների դեպքում կարող է անհրաժեշտ լինել արգանդի հեռացում, արյան կորուստ. վիրահատության ընթացքում կամ դրանից հետո արյունահոսության ռիսկի մեծացում: Շատ կարևոր է, որ կանայք, ովքեր անամնեզում ունեն մեկ և ավել կեսարյան հատում՝ հղիություն պլանավորելիս դիմեն մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվության և զննման:
-Աբորտներն ունե՞ն բացասական ազդեցություն բնական ուղիներով կամ կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծումների վրա։ Եթե՝ այո, խնդրում եմ նշեք ինչ ազդեցություն ունեն։
-Հղիության ընդհատումները կարող են բացասական հետևանքներ ունենալ կնոջ մանկածնման ֆունկցիայի վրա: Եթե հղիության ընդհատումն իրականացվում է անվտանգ, դա սովորաբար էապես չի ազդում ապագա հղիությունների և ծննդաբերությունների վրա: Այնուամենայնիվ, աբորտների հետևանքով կարող են առաջանալ ներարգանդային կպումներ և անպտղություն:
Իսկ ինչ վերաբերում է կեսարյան հատման ռիսկերին, որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ աբորտները կարող են բերել հղիության բարդությունների ռիսկի մի փոքր բարձրացման, ինչը կարող է ներառել կեսարյան հատման անհրաժեշտության մեծ հավանականություն: Այնուամենայնիվ, հղիության ընդհատման պատմություն ունեցող շատ կանայք ծննդաբերում են հեշտոցային ճանապարհով առանց բարդությունների:
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ