Գերմանալեզու մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն», t-online լրատվական պորտալը հոկտեմբերի 23-ին անդրադարձել են նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկող կլիմայի համաժողովին՝ քննադատելով նախ անցկացման վայրի անհամապատասխանությունը: Հյուրընկալող երկիրը վստահելի չէ, Ադրբեջանը մեծապես կախված է հանածո վառելիքից, իսկ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը շարունակվում է:
«Այս համադրությունը երկիրը դարձնում է կլիմայական գլոբալ նպատակների շուրջ բանակցությունների համար ոչ պիտանի վայր, ինչպես բազմիցս շեշտել են քննադատները», գրում է «t-online» պորտալը՝ ներկայացնելով Urgewald բնապահպանական կազմակերպության ընթացիկ զեկույցը, որ չեխական ոչ կառավարական CEE Bankwatch կազմակերպության հետ միասին դիտարկում է քննադատության նախապատմությունը:
Բնապահպան կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ COP29 հյուրընկալող երկիրը կլիմայի պաշտպանության փոխարեն գազի արտադրության աճն է մեծացնում:
Այն, որ Ադրբեջանը չի կարող կազմակերպել ՄԱԿ-ի կարեւորագույն համաժողովներից մեկը, վկայում է Ալիեւի ավտորիտար ռեժիմի վարած քաղաքականությունը, որ բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքները, քաղաքական հակառակորդների եւ քննադատների նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառում: Իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսիք են Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը, պարբերաբար հաղորդում են քաղաքական ակտիվիստների, լրագրողների եւ իրավապաշտպանների հետապնդումների մասին: «Այժմ մոտ 300 քաղբանտարկյալ կա Ադրբեջանում», հաղորդում է իռլանդական Frontline Defenders իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցը, որին անդրադառնում են գերմանագիր ԶԼՄ-ները:
Կարդացեք նաև
Հայտնի հրապարակախոս, գերմանաբնակ հրեա Հենրիկ Մ. Բրոդերի հեղինակած achgut առցանց հարթակը անդրադառնալով Բաքվում գումարվելիք համաժողովին գրում է. Ադրբեջանը միջազգային ԶԼՄ-ների ուշադրության առանցքում հայտնվեց 2023-ի սեպտեմբերին, երբ «վերաինտեգրեց» ԼՂ հայկական շրջանները: Ադրբեջանական բանակի սանձազերծած պատերազմը ԼՂ-ում, այնուհետ էթնիկ զտումը, գրեթե բոլոր հայերի բռնի արտաքսումն ըստ երեւույթին մոռացության են մատնվել: Դա չի խանգարել, որ շուրջ 200 երկրի ներկայացուցիչներ նոյեմբերի 11-ից 22-ը մասնակցեն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Կլիմայի համաշխարհային համաժողովին, արդարեւ հիշեցնում է achgut առցանց հարթակը՝ հետագա շարադրանքում ներկայացնելով բնությունն ու մարդուն արհամարհող այդ երկրի մասին միջազգային տարբեր կառույցների քննադատությունը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում