Հատվածներ Նիսարգադատա Մահարաջի գրքից
Ձեր աշխարհն անձնական է, այն հնարավոր չէ կիսել ուրիշների հետ, այն միայն ձերն է: Ոչ ոք չի կարող դրա մեջ մտնել, տեսնել այնպես, ինչպես դուք եք տեսնում, լսել այնպես, ինչպես դուք եք լսում, զգալ ձեր էմոցիաները, մտածել ձեր մտքերը: Ձեր աշխարհում դուք մեն-մենակ եք ձեր մշտապես փոփոխվող երազի մեջ, որը կյանք եք համարում: Իմ աշխարհը բաց է, միասնական է, մատչելի է բոլորի համար: Իմ աշխարհում կա ընդհանրություն, պայծառացում, սեր, իրականության որակ:
Կենսաբանական առումով մեզ շատ քիչ բան է պետք: Մեր խնդիրներն այլ կարգի են: Խնդիրները, որոնք ստեղծվում են ցանկություններով, վախերով ու սխալ պատկերացումներով, պետք է լուծել մտքի մակարդակով:
Ոչ մի դեպքում մի՛ թողեք ձեր պարտականությունները: Գործողությունը, որը ձեզ չի շոշափում էմոցիոնալ մակարդակում, որը ձեզ օգուտ է բերում եւ չի տանում տառապանքի, ձեզ չի կապելու: Դուք կարող եք զբաղված լինել մի քանի ուղղություններով, աշխատել խանդավառությամբ եւ միաժամանակ մնալ ներքուստ ազատ ու հանգիստ:
Դուք ոչ մի կերպ չեք կարող պնդել, որ դուք այն եք, ինչ ձեզ համարում եք: Ձեր մտքերը ձեր մասին օրեցօր, պահից պահ փոխվում են: Ձեր մասին ձեր պատկերացումն ամենափոփոխական բանն է աշխարհում: Ծանր կորուստ, աշխատանքից ազատում, վիրավորանք՝ եւ այդ պատկերացումը, որը դուք անձ եք համարում, խորապես փոխվում է: Հասկանալու համար, թե ով եք դուք իրականում, դուք պետք է սկզբից հասկանաք, թե ինչը ձերը չի: Իսկ դա հասկանալու համար, դուք պետք է ձեզ ուշադիր հետեւեք՝ մի կողմ նետելով այն, ինչը չի վերաբերում «ես եմ» հիմնարար փաստին:
Ազատ լինելով հիշողություններից ու սպասումներից՝ ես մաքուր եմ, անմեղ եմ եւ անկեղծ: Միտքը քրտնաջան աշխատավոր է, եւ այն հանգստի կարիք ունի: Ոչինչ չցանկանալով, ես ազատ եմ վախից: Ումի՞ց վախենալ: Չկա ոչ մի բաժանում, մենք առանձին անձնավորություններ չենք: Գոյություն ունի միայն մեկ «Ես», Բարձրագույն Իրականություն, որի մեջ անձնականն ու անանձնականը նույնն են:
Նիսարգադատա Մահարաջը (1897-1981) հնդիկ գուրու է, այսպես կոչված՝ «նոնդուալիզմի» (երկվությունը հերքող) դպրոցի ներկայացուցիչ: «Ես այն եմ» («I am that») գիրքը լույս է տեսել 1973 թվականին: Այն իրենից ներկայացնում է Նիսարգադատա Մահարաջի երկխոսություններն իր ուսմունքով հետաքրքրվող այցելուների հետ: Այդ զրույցները վերծանել եւ անգլերեն էր թարգմանել Հնդկաստանում ապրող լեհ ինժեներ եւ հասարակական գործիչ Մորիս Ֆրիդմանը:
Պատրաստեց եւ թարգմանեց Արամ Աբրահամյանը
Կարծում եմ, շատերս ենք հաճույքով ընկալում մեր ազգի եւ այլ ազգերի ներկա թե նախկին մեծությունների մտքերը եւ տհաճությամբ ենք ընկալում մեր ազգի թե այլ ազգերի ներկա թե նախկին բարձրաստիճան միջակությունների միջակ մտքերը: Համեստ մեծությունների եւ ագրեսիվ միջակությունների կռիվ է, կհաղթի այն ազգը, ում միջակութունը այդ կռվի արդյունքում մեծություններին կստիպի դառնալ ագրեսիվ, իսկ ագրեսիվ մեծությունները այդ կռվի արդյունքում միջակությանը կստիպեն դառնալ համեստ: