Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում օրակարգային չորս նախաձեռնությունները։
Մասնավորապես՝
• Ընդունվել է «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կստեղծվի ոստիկանության հենասյունային ուղղություններից Գվարդիան՝ միջազգային չափանիշներին համապատասխանող սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով: Կսահմանվի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխանող նոր ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով: «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թ. նոյեմբերի 1-ից։
- ՆԳՆ կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման ակադեմիան միավորելու օրենսդրական նախաձեռնությամբ՝ ՆԳՆ ենթակայությամբ կձևավորվի քաղաքացիական կառավարմամբ միասնական ուսումնական հաստատություն, ինչը թույլ կտա մեկ կետից արդյունավետ ապահովել կառավարման գործընթացն ու փոփոխել կրթության կազմակերպման բովանդակությունը։
- Փոփոխություններ են կատարվել քրեական, քրեական դատավարության օրենսգրքերում և հարակից մի շարք օրենքներում, որոնց արդյունքում հստակեցվել է կիբեռհանցագործությունների ցանկը։ Օրենսդրական կարգավորումներով նախատեսվում է նաև IP հասցեն ստանալ բացառապես դատարանի որոշմամբ (այժմ այն տրվում է քննիչի համապատասխան որոշման հիման վրա՝ դատախազի հաստատմամբ): Անկանխիկ գործառնությունների մասով օրենսդրական կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թ. հունվարի 1-ից: Հստակեցումներ կկատարվեն կրիպտոակտիվների շուկայի մասով. կներդաշնակեցվի օրենսդրական դաշտը, կրիպտոակտիվների ձեռքբերումը կիրականացվի բացառապես անկանխիկ եղանակով:
- Ընդունվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Օրենսդրական նախաձեռնությունը բխում է ոլորտում տեղի ունեցող համալիր փոփոխություններից՝ պայմանավորված Կառավարության կողմից ընդունված աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությամբ և դրանից բխող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրով։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն