«Համահայկական ճակատ» կուսակցության նախաձեռնությամբ՝ այսօր 2020 թվականի պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի երթով ՀՀ կառավարություն գնացին՝ Նիկոլ Փաշինյանին փոխանցելու իրենց պահանջները նամակով:
Նամակի տակ ստորագրել էր անհետ կորած զինվորների 30 ծնող: Նամակով ծնողները հայտնում էին իրենց պահանջը՝ օր առաջ լուծել գերեւարված, անհետ կորած տղաների ճակատագրի հարցը: Նամակում հիշեցրել էին, որ յուրաքանչյուր գերի, անհետ կորած ՀՀ քաղաքացի է, ում նկատմամբ պետությունն ունի Սահմանադրական պարտավորություն: Ծնողների պահանջներին միացել էր նաեւ «Համահայկական ճակատը»՝ պահանջելով գործողություն, ոչ թե խոստում:
Իսկ պահանջները հետեւյալն էին՝ հրատապ դիմել ՄԱԿ անվտանգության խորհրդին՝ պահանջելով հատուկ բանաձեւի ընդունում, ներգրավել «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեին՝ որպես միջնորդ, ստեղծել եռակողմ հանձնաժողով՝ Ադրբեջան-ՀՀ-միջազգային դիտորդներ, ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակը:
«Սպասում ենք գրավոր պատասխանին 7 օրյա աշխատանքային ժամկետում… ինչպես նաեւ Բաքվում COP 29-ին Ձեր մասնակցության պարագայում պահանջում ենք ձեզ հետ նույն ինքնաթիռով բերել Բաքվի բանտերում պահվող մեր բոլոր տղաներին: Մեր պահանջները չկատարելու դեպքում դիմելու ենք ազգային տրիբունալին ձեր անգործությունը քննելու համար»,- պահանջներն այսպես էին ամփոփվել նամակում:
Կարդացեք նաև
«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարժումը ստեղծել է ազգային արժանապատվության տրիբունալ, որն արդեն ունի որոշում. «Որոշումը շատ հստակ է՝ որտեղ է խախտվել Սահմանադրությունը, որտեղ է խախտել Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունը եւ մեղադրյալ Նիկոլը պետք է կրի պատասխանատվություն իր բոլոր քայլերի համար: Տրիբունալի որոշումը հանձնվել է Սահմանադրական դատարան, ԱԳՆ, Բագրատ սրբազանին, ԱԱԾ-ին, ԱԳՆ-ին: Անցած կիրակի փորձում էինք հանձնել Փաշինյանի ամառանոց, այնտեղ մեր ձեռքից չվերցրին: Շարժման նախաձեռնած տրիբունալի որոշման շատ հստակ կետ կա, 2020 թվականի պատերազմից հետո բռնի առեւանգված, գերեւարված ու անհետ կորած տղաների ճակատագիրը լուծելու խնդիր է դրված»:
Ռուզաննա Ստեփանյանը հայտնեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողները մի քանի անգամ փորձել են գիշերել Նիկոլ Փաշինյանի ամառանոցի դիմաց՝ հույս ունենալով, որ Աննա Հակոբյանը, որպես մայր, դուրս կգա, կլսի իրենց. «3 տարբեր անգամներ փորձեցին, իրենք որեւէ մեկին չեն կարողացել տեսնել: Ինչ է նշանակում, որ 1,5 տարի այդ ծնողները փորձում են հանդիպել ԱԳ նախարարին, ասում է ժամանակ չունեմ… կամ ինչ է նշանակում, որ ծնողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասի՝ Ալիեւը երդվել է, որ այնտեղ միայն կան այսքան թվով գերիներ եւ վերջ, ես ուղղակի փոխանցում եմ ծնողների ասածները»:
Թե ովքեր են տրիբունալի անդամները, Ռուզաննա Ստեփանյանը չբացեց փակագծերը, միայն ասաց՝ առաջիկայում կհրապարակեն ցանկը, որտեղ ընդգրկված են անվանի փաստաբաններ ու իրավաբաններ:
Նիկոլ Փաշինյանի դատաստանը տրիբունալը ինչպես է պատկերացնում հարցին, Ստեփանյանը պատասխանեց՝ «Որքան շուտ, այնքան լավ, մենք պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնենք»:
Քանի որ Համահայկական ճակատի հիմնադիրը ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանն է, հարցեր եղան նաեւ նրան վերաբերող, Ռուզաննա Ստեփանյանն ասաց, որ ինքը առաջիկայում կներկայացնի, թե նրա ջանքերով քանի գերի վերադարձվեց:
Լրագրողներից մեկը հիշեցրեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կոչը ԱԺ-ից Արշակ Կարապետյանին՝ «Արշակ, սպասում ենք տո՛ւն արի, արի՛ տրիբունալ այստեղ ստեղծենք», ի պատասխան Ռուզաննա Ստեփանյանն ասաց՝ «Արշակ Կարապետյանն անպայման գալու է ու թող Անդրանիկ Քոչարյանը պատրաստվի տրիբունալի դատին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ