Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Շիրակի մարզում երկու տղամարդիկ են ձերբակալվել, նրանցից մեկը, որը 61 տարեկան է, ձերբակալվել է Գյումրու Լալայան փողոցում, իսկ մյուսը, որը համեմատաբար ավելի երիտասարդ է՝ 47 տարեկան՝ իր իսկ տան բակում։
Հետաքրքիրն այն է, որ երկու տղամարդիկ էլ իրենից իսկ ձեռքերով են պատրաստել թմրամիջոցը՝ կանեփի թփեր աճեցնելով։
Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական էջից, ոստիկաններն անձնական խուզարկությամբ գյումրեցի տղամարդու մոտ հայտնաբերել են 3,72 գրամ շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված և 59 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
Կապս գյուղում իրեն պատկանող տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում կանեփ է աճեցրել ու թմրամիջոց պատրաստել 47-ամյա մի տղամարդ։
Կարդացեք նաև
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություն ստանալով այս մասին, այցելել են Կապս գյուղ։
Ոստիկանության լրահոսի համաձայն՝ տղամարդը ոստիկաններին ներկայացրել է յուրահատուկ հոտով, 48 գրամից ավելի զանգված ու հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Նա իր տան բակից ոստիկաններին է ներկայացրել նաև պոլիէթիլենային տոպրակ՝ 68 գրամից ավելի քաշով կանաչավուն կիսաչոր զանգվածով:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ