2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում շարունակում է թիրախավորել և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Վտանգված են հատկապես Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները (Շուշիի, Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և այլն), հերոսների արձաններն ու կիսանդրիները (Ալեք Մանուկյանի, Շառլ Ազնավուրի, Հովհաննես Բաղրամյանի, Անատոլի Զինևիչի, Վազգեն Սարգսյանի, Թաթուլ Կրպեյանի, Հովհաննես Իսակովի և այլն), ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները, հայկական պատմական գերեզմանոցները (Շուշիի պատմական գերեզմանոցը, Մեծ Թաղերի, Ղազանչեցոց կոչվող հին գերեզմանոցը, Սղնախի պատմական գերեզմանոցը և այլն), եկեղեցիններն ու վանական համալիրները (Բերձորի Սուրբ Համբարձման, Շուշիի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին և այլն), անկախության շրջանում ստեղծված մշակութային կոթողները։ Ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է աղվանացնել, ուղղափառ ներկայացնել (Գտչավանք, Ամարաս, Գանձասար, Դադիվանք և այլն) մշակութային կոթողները՝ զրկելով հայկական ինքնությունից։
Միջազգային արձագանքներն Արցախյան 44-օրյա պատերազմից մինչև արցախահայերի բռնի տեղահանություն
Ընթացող մշակութային ցեղասպանությունը որոշակի արձագանքների է արժանացել միջազգային մշակութապահպան կառույցների կողմից։ Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պահպանության, մշակութային ցեղասպանության կանխարգելման նպատակով Հայաստանի և Արցախի Արտաքին գործերի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները (Արցախի Հանրապետության նախարարությունները գործել են մինչև 2024 թվականի հունվար, կազմալուծվել են Արցախի ամբողջական հայաթափումից հետո) պարբերաբար դիմել են միջազգային կառույցներին՝ ՅՈՒՆԵՍԿՕ, Թանգարանների միջազգային խորհուրդ (ICOM), Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ (WMF), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ICOMOS), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն (BSI), Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ICCROM), Հնագետների եվրոպական ասոցիացիա (EAA), Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանս (ALIPH), որպեսզի վերջիններս արձագանքեն, միջամտեն, կանխեն արցախյան մշակութային ժառանգության ոչնչացումը, անարգումն ու աղավաղումը։
Պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության պաշտպանության կոչեր են հնչել միջազգային հայտնի մասնագետների, գիտնականների և հետազոտողների կողմից։ Մասնավորապես՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում՝ Ն. Չոմսկին, Գ. Չ. Սպիվակը, Թ. Ալին, Վ. Բերբերյանը, Ջ. Հերմանը, Ք. Վեսթը, Ս. Բենհաբիբը և այլք, բաց նամակ են հրապարակել՝ կոչ անելով վերջ տալ մարդկային և մշակութային ջարդին, նշելով արցախյան մշակութային ժառանգության վտանգվածության խնդիրն ու միջազգային հանրության կողմից այդ ժառանգության պահպանության հրամայականը։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ՝ գիտական հանրույթի կարծիքն ու վերաբերմունքը կարևորելով՝ ընդգծենք, որ միջազգային կառույցներն ունեն ավելի լուրջ մեխանիզմներ և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա ազդեցության լծակներ։ Այսպես՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հանդես է եկել հայտարարությամբ՝ պատրաստակամություն հայտնելով տեխնիկական աջակցություն և առաքելություն ուղարկել Արցախ՝ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը ծանոթանալու և պահպանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով, սակայն մինչ օրս Ադրբեջանն իր համաձայնությունը չի տվել: 2023 թվականին Օդրի Ազուլեն կրկին վերահաստատել է ՅՈՒՆՍԿՕ-ի հայտը՝ մուտք գործել Արցախ և մոնիթորինգ իրականացնել մշակութային ժառանգության իրավիճակի առնչությամբ․ Ադրբեջանը մերժել է հայտը՝ կտրականապես արգելելով միջազգային կառույցներին «խառնվել իր երկրի ներքին գործերին»։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ) մի քանի հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արցախում հայկական ժառանգության, մասնավորապես՝ միջնադարյան հայկական եկեղեցիների, վանքերի և խաչքարերի ոչնչացումը։ Նման գործողությունները միջազգային մշակութային ժառանգության կոնվենցիաների խախտում են (ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան՝ զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին):
Անպատասխան է մնացել նաև մշակութային ցեղասպանությունն Արցախում դադարեցնելու վերաբերյալ ԻԿՈՄՈՍ-ի, ԻԿՈՄ-ի և ԻՍԱ-ի համատեղ հայտարարությունը։ Արցախի մշակութային ժառանգության պահպանման կոչերին է միացել նաև Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA)։ Վերջինս նշել է, որ հնագիտական վայրերի և մշակութային հուշարձանների ոչնչացումը միջազգային իրավունքի լուրջ խախտում է, և ընդգծել է անկախ փորձագետների կողմից անաչառ գնահատականների կարևորությունը:
Ցեղասպանագետներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ «Genocide Watch»-ը, դատապարտել են Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարելով, որ Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը տարածաշրջանից հայկական պատմական ներկայությունը ջնջելու օրինաչափության մի մասն է։ Ըստ նրանց՝ եկեղեցիների և հայկական ինքնության այլ խորհրդանիշների միտումնավոր թիրախավորումը մշակութային ցեղասպանություն է, քանի որ այն ձգտում է ոչնչացնել մի խմբի մշակութային ժառանգությունը՝ հանդիսանալով ֆիզիկական ցեղասպանության նախադրյալ:
Արցախում մշակութային ոչնչացման մասին ահազանգել է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան (IAGS-ն)։ Վերջինս զուգահեռներ է անցկացրել մշակութային ցեղասպանության այլ դեպքերի հետ, ինչպիսիք են՝ նախկին Հարավսլավիայում մշակութային վայրերի ոչնչացումը, Սիրիայում ԴԱԻՇ-ի օկուպացիայի ժամանակ իրականացվող գործողությունները:
«Human Rights Watch»-ը (HRW) զեկուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով մշակութային վայրերի ոչնչացման մասին՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի իշխանություններին՝ պետական մակարդակով մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և վանդալիզմի ենթարկելու համար: Զեկույցում ընդգծվում է, որ միջազգային իրավունքը (ներառյալ Ժնևի կոնվենցիաները) արգելում է զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը։ HRW-ն միջազգային կառույցներին կոչ է արել կանխել հետագա վնասը ու մեղավորներին պատասխանատվության ենթարկել։
Այսպիսով՝ ակնհայտ է, որ միջազգային կառույցները, շարունակական կոչերով և բանաձևեր ընդունելով, փորձում են զսպել հայկական ժառանգության ոչնչացման և յուրացման ադրբեջանական նկրտումները։ Սակայն փաստ է, որ այդ կոչերը բավական չեն․ միջազգային կառույցների կողմից անհրաժեշտ են ուղղորդված և կոնկերտ քայլեր, որպեսզի հնարավոր լինի կանխել Ադրբեջանի մշակութասպան քաղաքականությունը։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ