ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը
Քիչ առաջ Եվրոպական միության խորհրդարանը 453 կողմ, 31 դեմ և 89 ձեռնպահ ձայնով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձևը: Այն անդրադառնում է Ադրբեջանում առկա և միջազգային հարաբերություններում այդ պետության կողմից ստեղծված բոլոր հիմնական խնդիրներին:
Բանաձևով Եվրախորհրդարանը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Վերահաստատում է իր պահանջը՝ Ադրբեջանի զորքերը դուրս բերել Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից. կոչ է անում Ադրբեջանին միանշանակ պարտավորվել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում, որ տարածաշրջանային ապաշրջափակման հարցերը պետք է լուծվեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով, վերահաստատում է իր դիրքորոշումը, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած անհատի կամ սուբյեկտի նկատմամբ:
Եվրախորհրդարանը պնդում է, որ որևէ ապագա գործընկերության համաձայնագիր Եվրամիության և Ադրբեջանի միջև պետք է կնքվի միայն այդ երկրում իրավական բարեփոխումների իրականացման և մարդու իրավունքների վիճակի բարելավման պայմանով, ինչպես նաև՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններում ազնվորեն ներգրավվելու՝ Ադրբեջանի պատրաստակամության պայմանով:
Կարդացեք նաև
Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ գործադիր մարմիններին դադարեցնել ապավինել ադրբեջանական գազին որպես այլընտրանք, ինչպես նաև՝ ուշադրություն հրավիրում այն մտահոգությունների վրա, ըստ որոնց Ադրբեջանից ԵՄ արտահանվող գազը կարող է լինել նաև ռուսական ծագման:
Բանաձևը արցախահայերի բռնի տեղահանումը ուղղակիորեն կոչում է էթնիկ զտում:
Վերահաստատում է իր կոչը ԵՄ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ ովքեր մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են թույլ տվել, ինչպես նաև այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ԵՄ անդամ երկրների ընտրված պաշտոնյաների հասցեին վիրավորական կամ սպառնալից հայտարարություններ են հնչեցրել. այս կապակցությամբ պահանջում է նախ արգելել ադրբեջանցի այս պաշտոնյաների մուտքը ԵՄ հաստատությունների շենքեր:
Իր աջակցությունն է հայտնում Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) գործունեությանը և ընդգծում նրա կարևոր դերը: Վերահաստատում է իր մտահոգությունը՝ կապված EUMA-ի դեմ Ադրբեջանից զրպարտչական արշավների հետ. կոչ է անում EUMA-ին շարունակել ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին, ինչպես նաև՝ կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ պետություններին ուժեղացնել EUMA-ի մանդատը, մեծացնել դրա չափը և երկարացնել դրա տևողությունը:
Համարում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումն անհամատեղելի է այդ երկրում COP29 համաժողովի անցկացման հետ և կոչ է անում ԵՄ անդամ պետություններին անել հնարավորը, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսները չհյուրընկալվեն այնպիսի երկրներում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշներն այդքան ցածր են:
Բանաձևը անդրադառնում է նաև Ադրբեջանում խոսքի, մամուլի ազատության գրեթե ամբողջական բացակայությանը և գրաքննությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ ավելի քան 320 վճիռների պահանջները չկատարված կամ թերակատար մնալուն, ավելի քան 300 քաղբանտարկյալների և 23 հայ ռազմագերիների առկայությանն ու այլախոհների հետապնդմանը ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս, Եվրոպայում պաշտոնյաներին և ընտրված ներկայացուցիչներին կաշառելու համակարգված քաղաքականությանը՝ «խավիարային դիվանագիտության»-ը: