«Մեզ հայտնի բոլոր նախապայմանները, որոնք նոր չեն, ըստ էության, վաղուց ձեւակերպված են, բավարարելով գնում են այս մարդիկ, էլ ի՞նչ եք ուզում, էլ ի՞նչ անեն։ Մնում է միայն, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը եւ այն պահանջների իրականացումը, որն Ադրբեջանն է ներկայացնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ Թուրքիայի նախապայմաններից մեկն էլ այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։
Իսկ ինչ վերաբերվում է «Զանգեզուրի միջանցքին», Արմեն Ռուստամյանի դիտարկմամբ, Հայաստանի իշխանությունների բառապաշարը բավականին մեղմացել է՝ հասնելով ինչ-որ արտոնությունների տրամադրման պատրաստակամության․ «Սկզբում նրանք առհասարակ չէին խոսում ինչ-որ տարբերության մասին մեր հաղորդակցությունների մասին, իսկ հիմա սկսել են խոսել, որ պատրաստ են արտոնություններ տրամադրել։ Թե ի՞նչ աստիճանի կհասնի այդ արտոնությունների տրամադրումը՝ մենք, ինչպես միշտ, կիմանանք վերջինը, քանի որ ամեն բան տեղի է ունենում կուլիսների հետեւում, հանրությունն ամեն ինչի մասին իմանում է վերջինն ու կանգնում փաստի առջեւ։ Իշխանություններն այսօր թերեւս խոսում են հենց այդ մասին։ Խոսքը, հավանաբար, նաեւ այն մասին է, որ նրանք փորձում են գալ ընդհանուր համաձայնության Ադրբեջանի պահանջների մասով։ Հավանաբար, իշխանությունների պոզիտիվը, որի մասին նրանք խոսում են, ձեւավորվել է այս հարթությունում»։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին էլ, Արմեն Ռուստամյանն ասաց, որ հարաբերությունների կարգավորման երկկողմ ձեւաչափը ծուղակ է եւ փակուղի, քանի որ դա բացառում է վեճերի լուծման մեխանիզմը։
«Փաշինյանը Թուրքիային խնդրում է օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա։ Բա միջամտությունն էլ ո՞նց է լինում։ Մեր շահերն Իրանի հետ խիստ համընկնում են, Ռուսաստանի շահերի հետ որոշակի չափով նույնպես համընկնում են, բայց հակասում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին։ Ամեն բան կախված է նրանից, թե ինչպե՞ս ենք մենք տեսնում մեր շահերը։ Եթե, ինչպես դա անում են իշխանությունները, տեսնում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ապա դա նշանակում է, որ մենք մեզ դնում ենք լուրջ ճնշման տակ եւ կրճատում ենք մեր շահերը պաշտպանելու հնարավորությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով՝ քանի դեռ Թուրքիան եւ Ադրբեջանը մինչեւ վերջ չեն ստացել այն, ինչ ցանկանում են, առաջընթաց կանխատեսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, բարդ է։
Կարդացեք նաև
Արմեն Ռուստամյանը շարունակում է պնդել՝ Թուրքիան փափուկ ուժի կիրառմամբ, փորձում է հասնել Հայաստանի թրքացմանը․ «Միայն տնտեսական բաղադրիչը բավական է, որպեսզի Թուրքիան կլանի Հայաստանը։ Բուլղարիայի եւ վրացական Աջարիայի օրինակներն առկա են։ Եթե տնտեսական էքսպանսիա սկսվի երկու կողմից, ապա շատ կարճ ժամանակում Հայաստանը կդառնա տնտեսապես կախված թուրք-ադրբեջանական տանդեմից։ Հենց որ նրանք տեսնեն, որ այդ ճանապարհին խոչընդոտներ չկան, պաշտոնապես կարող են ասել, որ խաղաղության են գնում։ Այդ դեպքում կլինի մի ինչ-որ տարածք՝ Հայաստան անունով, որը կենթարկվի Թուրքիային»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ