Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնալուծության նյութական հետևանքներն ու երեխայի շահը

Հոկտեմբեր 24,2024 16:47

Ամուսնալուծությունները, կյանքում շրջադարձային փուլ հանդիսանալով, ինքնին հեշտ ընթացք չեն ունենում, իսկ ամուսնալուծվող զույգի՝ տարբեր հարցերի շուրջ ունեցած անհամաձայնության դեպքում հաճախ դառնում են դատարանում քննության առարկա։ Ի՞նչ իրավունքներ ու պարտավորություններ է օրենսդրությունը սահմանում նախկին ամուսինների համար, որքանո՞վ են պաշտպանված երեխայի կամ երեխաների իրավունքներն այդ հարաբերություններում, այս խնդիրներին առնչվող օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են արվել վերջին շրջանում․ մեր հարցերին պատասխանում է փաստաբան, «Արզումանյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Արման Արզումանյանը։

Արման Արզումանյան

Այսօր որքանո՞վ են օրենսդրորեն պաշտպանվում ամուսնալուծված կնոջ, նրա երեխայի կամ երեխաների իրավունքները, երբ խոսքը վերաբերում է նրանց նյութական կարիքները հոգալուն՝ անշարժ գույքից մինչև ալիմենտներ։

Նախ՝ սկսենք այն արձանագրումից, որ սեփականության իրավունքը բացարձակ է, և անձը միայն դատական կարգով կարող է զրկվել սեփականության իրավունքից։ Երբ ամուսիններից մեկը մյուսի նկատմամբ գույքային պարտավորություն չունի, ամուսնալուծությունից հետո տվյալ գույքը որևէ սահմանափակման չի ենթարկվում․ եթե, օրինակ, ամուսինն ունի որպես ժառանգություն իրեն փոխանցված և ոչ թե ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույք, ապա ինքն է որոշում՝ ինչպես այն տնօրինել։ Կարող է նվիրաբերել կամ կտակել, կարող է և չանել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Կարող է նվիրաբերել կամ կտակել իր զավակներից միայն մեկին, կարող է և բոլորին։ Որոշիչը սեփականատիրոջ կամքն է։

Հիշեցնեմ, որ նվիրատվության պայմանագիրն ուժի մեջ է մտնում արդեն իսկ նվիրատուի կյանքի օրոք, իսկ կտակը՝ նրա մահից հետո միայն։ Եթե տվյալ անձը նախորդ ամուսնությունից կամ ամուսնություններից ունի երեխա կամ երեխաներ, ապա նրանք բացարձակապես նույն իրավունքներն ունեն անձի ժառանգության նկատմամբ, ինչպես նրա ներկա ամուսնությունից ծնված երեխան կամ երեխաները։

Այստեղ հարկ է նաև հիշեցնել, որ ժառանգությունը լինում է երկու տեսակ՝ ըստ օրենքի և ըստ կտակի։ Եթե կա ըստ կտակի ժառանգություն, ապա ըստ օրենքի ժառանգությունը չի գործում, և հակառակը։ Եթե կտակի ընդունման ժամկետը բաց է թողնվել՝ ժառանգորդները չեն ներկայացրել ժառանգությունն ընդունելու դիմում, ապա, արդեն ընդհանուր կարգով, սկսում է գործել ըստ օրենքի ժառանգությունը՝ որոշ բացառություններով, օրինակ՝ ըստ կտակի ժառանգը տեղյակ չի եղել կտակի գոյության մասին։

Ինչ վերաբերում է ալիմենտներին, ապա մեկ երեխային վճարվելիք ալիմենտի չափը կարգավորվում է ըստ իրավիճակի։ Եթե անձն ունի կայուն դրամական եկամուտ, նա ալիմենտ է վճարում ըստ իր աշխատավարձի ֆիքսված դրույքաչափի․ մեկ երեխայի համար՝ աշխատավարձի 25 տոկոսի չափով, երկու երեխայի համար՝ 30 տոկոսի չափով, երեք և ավելի երեխաների համար՝ ոչ ավելի, քան 50 տոկոսի չափով։ Կարող են լինել նաև երեխայի խնամքին առնչվող այլ ծախսեր, օրինակ՝ բուժման ծախսը․ այս դեպքում ևս ալիմենտ վճարող ամուսինը ֆինանսական մասնակցություն է ցուցաբերում։ Եթե անձը չունի կայուն դրամական եկամուտ, ապա դատարանն է սահմանում նրա վճարելիք ալիմենտի չափը՝ այն կայուն գումարը, որը փոփոխման ենթակա չէ․ այս դեպքում գումարի չափի ցանկացած փոփոխություն՝ ավելացում կամ նվազեցում, հնարավոր է միայն նոր դատական գործընթացի միջոցով։ Ալիմենտի չափի ավելացման կամ նվազեցման համար դատարան կարող են դիմել և՛ ալիմենտ ստացողը, և՛ վճարողը, եթե նրանց միջև այս հարցի շուրջ չկա փոխադարձ համաձայնություն։ Իսկ եթե կա, ապա հարցը լուծվում է արտադատական կարգով։

Եթե ամուսնալուծության դեպքում գործ ունենք, օրինակ, աշխատանքով չապահովված կամ ցածր վարձատրվող աշխատանք ունեցող տղամարդու հետ, ալիմենտի վճարման խնդիրն ինչպե՞ս է կարգավորվում։

Նման դեպքերում հարցի կարգավորումը թողնվում է դատարանի հայեցողությանը։ Օրենքի տեսանկյունից՝ դատարանը չի կարող մերժել ալիմենտի բռնագանձումը, քանի որ գերակա է համարվում ոչ թե սոցիալական անհավասարության, այլ ծնողական պարտականության խնդիրը։ Անկախ տվյալ անձի ֆինանսական վիճակից՝ եթե հանդիսանում է ծնող, թեկուզև իր սուղ հնարավորություններով, բայց պետք է կատարի ծնողական պարտականությունը։

Հաճա՞խ է պատահում, որ հայրերը դիմեն դատարան՝ երեխայի խնամքը ստանձնելու համար։

Ոչ, հազվադեպ է պատահում։ Ես, օրինակ, իմ երկարամյա պրակտիկայի ընթացքում ընդամենը մեկ այդպիսի գործ եմ ունեցել, և հարցը լուծվեց հօգուտ հոր։ Հիմնականում երեխայի խնամքը ստանձնում են մայրերը։ Ավելի հաճախ են պատահում այն դեպքերը, երբ հայրերը պայքարում են երեխային բավարար չափով տեսակցելու համար, օրինակ՝ երբ մայրերը խոչընդոտում են հոր և երեխայի շփմանը։

-Երեխայի խնամքի հարցը քննարկելիս հաշվի առնվո՞ւմ է երեխայի կարծիքը, և արդյո՞ք երեխայի կարծիքը վճռորոշ նշանակություն ունի։

-Այո, հաշվի առնվում է։ Եթե երեխան մանկահասակ է, և գիտակցական մակարդակը դեռևս ցածր է, ապա, որպես կանոն, նա հանձնվում է մոր խնամքին։ Իսկ ավելի բարձր տարիքի երեխաների կարծիքը հաշվի են առնում ինչպես խնամակալության և հոգաբարձության մարմիններում, այնպես էլ դատարանում։ Երեխայի խնամքի հարցը քննարկելիս հաշվի են առնվում նաև ծնողների կենսական և կենցաղային պայմանները՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով։ Հաճախակի են նաև դեպքերը, երբ ծնողները փոխադարձ համաձայնությամբ կիսում են երեխայի խնամքը։

Իսկ ամուսնալուծված և ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող հայրերի՝ պատասխանատվությունից խուսափելու դեպքերը մեծաթի՞վ են։

Այո, բավականին հաճախակի են դեպքերը, երբ փորձում են ալիմենտը պակաս չափով վճարել կամ առհասարակ չվճարել, կարճ ասած՝ խուսափել պատասխանատվությունից։ Ամուսնալուծված զույգի միջև այս հարցի առնչությամբ հաճախ է անհամաձայնություն լինում։ Քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է սահմանում այն ծնողի համար, ով չարամտորեն՝ ավելի քան երեք ամիս, խուսափում է դատարանի վճռով սահմանված ալիմենտը վճարելուց:

Բայց այստեղ կա օրենսդրական շտկման խնդիր, որին կուզենայի անդրադառնալ։ Դիտարկենք մի օրինակ․ անձը պետք է վճարի ամսական 50 հազար դրամ ալիմենտ, բայց վճարում է 20 հազարը և ասում, թե մնացած 30 հազարը չունի։ Հաջորդ ամիս նա վարվում է նույն կերպ, մյուս ամիս՝ ևս․ այսինքն՝ ալիմենտը մասնակի վճարելու միջոցով, ընդհանուր առմամբ, խուսափում է պատասխանատվությունից։ Երբ նրան պատասխանատվության են կանչում՝ ասելով, թե չարամտորեն խուսափում է վճարումից, նա հակադարձում է, թե չարամտորեն չի խուսափում, իր հնարավորությունների սահմաններում վճարում է, եթե ավելին ունենար՝ կտար։ Նրա բացատրությունը կարող է համապատասխանել իրականությանը, կարող է և չհամապատասխանել․ այստեղ խնդիրն այլ է՝ օրենսդրական կարգավորումը, քանի որ «չարամտորեն խուսափել» ձևակերպումն օգտագործելով՝ անձին հնարավորություն ենք տալիս հակադարձելու նաև «ոչ չարամտորեն» բառերով։ Մինչդեռ առկա է դատարանի վճիռը, և սահմանված ալիմենտը պետք է ամբողջությամբ վճարվի, որովհետև դա է պահանջում ամենակարևորը՝ երեխայի շահը։

Որպեսզի «չարամտորեն խուսափել» ձևակերպումն օրենքը շրջանցելու հնարավորություն չտա, խորհրդարանականների հետ քննարկման ընթացքում առաջարկել եմ այն փոխարինել «ամբողջությամբ» բառով, այսինքն՝ «պատասխանատվություն է սահմանվում այն ծնողի համար, ով ամբողջությամբ՝ ավելի քան երեք ամիս, խուսափում է դատարանի վճռով սահմանված ալիմենտը վճարելուց»։ Այս փոփոխությունը կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն դեռևս չի եղել, բայց դրա անհրաժեշտությունը կա։

Ինչ վերաբերում է խնդրին առնչվող օրենսդրության մյուս կետերին, ապա դրանք բավականին լավ են մշակված և ամրապնդված են Հայաստանի վավերացրած տարբեր միջազգային կոնվենցիաներով։ Գլխավոր սկզբունքն այն է, որ օրենսդրական կարգավորումներն ու դրանց ներգործության մեխանիզմները բխեն բացառապես երեխայի շահերից, դատարաններն ու պետական մարմիններն էլ առաջնորդվեն միայն այդ շահով։

Ձեր պրակտիկայում պատահե՞լ են դեպքեր, երբ ամուսնալուծության պատճառ է դարձել հղիությունն արհեստական ընդհատելը։

Պատահել է։ Օրինակ՝ եղել է դեպք, երբ ամուսինների միջև անհամաձայնություն կար երկրորդ երեխա ունենալու վերաբերյալ․ ամուսինը կողմ էր, որ երեխան ծնվի, կինը՝ դեմ։ Ի վերջո, կինն ընդհատել էր հղիությունը, և տղամարդն ամուսնալուծվեց։

Պատահում է նաև հակառակը, երբ երեխայի ծնվելուն կինը կողմ է, տղամարդը՝ դեմ։ Կամ՝ կողմ են միայն տղա երեխա ունենալուն, ինչը սեռով պայմանավորված աբորտների պատճառ է դառնում և ինքնին արատավոր երևույթ է։ Նման դեպքերում, ըստ գործի հանգամանքների, կարող է կիրառվել Քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը՝ «Ամուսնությանը, ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը», որը նոր կարգավորում է, նախկինում չի եղել․ «Բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով, շանտաժի, արժանապատվությունը նվաստացնելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով կամ հարկադրանքի այլ եղանակով անձին ամուսնությանը կամ ամուսնալուծությանը կամ երեխա ունենալուն հարկադրելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»: Ճիշտ է՝ նշված հոդվածը որոշակիորեն այլ համատեքստում է, ուղղված է ընտանեկան բռնությանն ու դրա կանխարգելմանը և ՀՀ-ի՝ Ստամբուլյան կոնվենցիան ստորագրելուց հետո մեր երկրի օրենսդրության մեջ արված կարգավորումներից մեկն է, սակայն, ըստ էության, կարգավորում է այն նույն հարաբերությունները, որոնց մասին հիմա խոսում ենք։ Հոդվածում նշվում է «երեխա ունենալուն հարկադրել» ձևակերպումը, բայց սա, ըստ իս, կիրառելի է նաև «երեխա չունենալուն հարկադրել» ձևակերպման պարագայում։ Թե՛ երեխա ունենալու և թե՛ չունենալու դեպքում էլ այստեղ հիմքում հարկադրանքն է։ Իհարկե, նոր լինելով՝ սա դեռևս թույլ կարգավորում է, և կարիք ունի օրենսդրական փոփոխությունների՝ հստակեցումների ու լրացումների ձևով։

Ձեզ հայտնի՞ են օրինակներ, որ անօրինական աբորտ կատարելու համար անձը ենթարկվի քրեական պատասխանատվության։

Պատասխանատվություն նախատեսվում է, բայց գործնականում ես նման դեպք չեմ հիշում։ Համենայնդեպս, դատարաններում նման գործեր, կարծես թե, չեն քննվել, ինչը նշանակում է, որ քրեական հետապնդումը կարող է դադարեցված լինել դեռևս նախաքննության փուլում։

Հիշեցնեմ, որ Քրեական օրենսգրքի 174, 175, 176 հոդվածները՝ «Հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը», «Հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը կամ ամլացումը» և «Հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը», տարբեր պատժաչափեր են սահմանում ապօրինի աբորտ կատարելու համար, մասնավորապես․ «Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

Առավել խիստ պատիժ է սահմանված համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձանց համար․ այս դեպքում՝ «ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Համաձայն հաջորդ՝ 175-րդ հոդվածի՝ «հղիության արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը կամ անձի ամլացումը՝ առանց վերջինիս նախնական և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»։

Եվ, ի վերջո, 176-րդ հոդվածում նշվում է․ «Կնոջն իր հղիությունն արհեստական եղանակով ընդհատելուն (աբորտ կատարելուն) կամ անձին ամլացմանը հարկադրելը` բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով, շանտաժով կամ հարկադրանքի այլ եղանակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։

Ընդհանուր առմամբ՝ ապօրինի աբորտների պարագայում հարկ է նշել, որ հաճախ լրջագույն խնդիր է այս հանցավոր գործողության՝ լատենտ բնույթ կրելն ու դժվար ապացուցելի լինելը, քանի որ կողմերը՝ աբորտ կատարողն ու աբորտի ենթարկվողը գործում են հիմնականում լատենտ փոխհամաձայնության շրջանակներում, ինչն ինքնին բարդացնում է նման գործեր բացահայտելը և պատասխանատվության ենթարկելը։ Հետևաբար՝ անհրաժեշտ է գտնել գործուն մեխանիզմներ։

-Վերադառնալով ամուսնալուծությունների թեմային՝ 2004-ին ընդունված ՀՀ Ընտանեկան օրենսգրքի՝ ամուսնալուծությանն ու գույքի բաժանմանն առնչվող հոդվածները մինչ այժմ ենթարկվե՞լ են էական փոփոխության։

Ըստ էության՝ ոչ, միայն գույքային իրավունքների մասով ավելացել է երրորդ անձանց գույքային իրավունքի մասին կետը, այն է՝ ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույքը բաժանելիս երրորդ անձինք կարող են իրավունքներ ունենալ այդ գույքի նկատմամբ, օրինակ՝ եթե ամուսիններից մեկը գույք է ձեռք բերել, և այդ գույքը ծանրաբեռնված է երրորդ անձի (հաշմանդամություն ունեցող անձի և այլն) իրավունքով։ Նմանօրինակ դեպքեր պատահել են նաև իմ պրակտիկայում․ օրինակ՝ զույգը ստացել էր ժառանգություն, բայց հետո պարզվել էր, որ այդ ժառանգությունից պարտադիր բաժնեմաս ունի երրորդ անձ, փաստորեն՝ հաշմանդամություն ունեցող երեխայի իրավունքը հաշվի չէր առնվել։

Օրենսդրության մեջ ավելացել են նաև նոր կարգավորումներ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի կամ միջոցների հաշվին բարելավումների հետ կապված։ Օրինակ՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներով ամուսինները մեծացրել կամ վերանորոգել են իրենց բնակտարածությունը․ այս դեպքում, հատուկ կարգավորմամբ, կարող է իրականացվել նաև բռնագանձում։ Ընդ որում՝ կինն էլ է պատասխանատվություն կրում ամուսնու ձեռք բերած միջոցների կամ գույքի համար, քանի որ այդ ամենն արվել է նրանց համատեղ կյանքի ընթացքում։ Թերևս, փոփոխություններից այսքանն առանձնացնեմ, մնացյալն, ըստ էության, անփոփոխ է։

Ամուսնալուծություններին վերաբերող օրենսդրական մոտեցումները շոշափելիորեն տարբերվո՞ւմ են խորհրդային շրջանի՝ նույն թեմային վերաբերող օրենսդրությունից։

Ոչ, հարաբերություններն, ըստ էության, նույնությամբ պահպանվել են։ Սա շատ վաղուց ձևավորված օրենսդրություն է․ խորհրդային տարիներին էլ իրավահարաբերությունները մոտավորապես նույն բնութագիրն ունեին։ Պարզապես, հաշվի առնելով խորհրդային շրջանում սեփականության իրավունքի կարգավորմանն առնչվող մոտեցումների առանձնահատկությունը, այժմ որոշ փոփոխություններ կան հենց այդ մոտեցումների տարբերությամբ պայմանավորված։ Այն տարիներին ևս ամուսիններին սեփականության իրավունքով պատկանող գույքը նույն ձևով էր բաժանվում։

 

Հարցազրույցը՝ Անուշ ԲԱԲԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031